ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի` 1996-ի մայիսի 30-ի կոնդակով: Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը): Արագածոտնի թեմը ընդգրկում է ՀՀ Արագածոտնի մարզը (պատմական Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների մեծ մասը):

Թեմի տարածքը տարբեր ժամանակներում ենթարկվել է տարբեր եպիսկոպոսական աթոռների: Արագածոտնը վաղ միջնադարում Ամատունիների նախարարական տան եպիսկոպոսների տեսչության տակ էր: Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել Հայոց թագավոր Խոսրով Բ-ի (330–338) ժամանակ:

Ամատունիների եպիսկոպոսության տարածքում հետագայում գործել են Ամբերդի և Հովհաննավանքի աթոռները: 1026-ին Ամբերդի եկեղեցու շինարարական արձանագրության մեջ Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունին գրել է. «...շինեցի զկաթողիկէս աթոռ հայրապետական եւ սահմանեցի պտուղ...», այնուհետև նշվում են Նիգ և Արագածոտն գավառներից, ինչպես և Քաղաքադաշտից (Վաղարշապատ) աթոռին հատկացվող հարկերը: Որոշ ուսումնասիրողներ այս արձանագրությունը համարում են Ամբերդի եպիսկոպոսության հիմնադրման վկայություն: 1243-ին Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը Հովհաննավանքում թողած արձանագրության մեջ նշում է. «Ետու Ամբերդու երկիրս սեպհական վիճակ Սուրբ Կարապետիս, ի յԱպարանուց ընդ որ բաժանի գետն Քասաղ, մինչև յԱշնակ»: Նույն արձանագրության մեջ հիշվում է Հովհաննավանքի վանահայր Մկրտիչ եպիսկոպոսը, որին XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին կոչել է «Ամբերդի եպիսկոպոս»: Ենթադրվում է, որ Հովհաննավանքն այդ շրջանում դարձել էր Ամբերդի եպիսկոպոսների նստավայրը:

Արագածոտնի թեմի տարածքում են գտնվում Փարպիի Ծիրանավոր միանավ (V դ.) և Աշտարակի Ծիրանավոր Ս. Աստվածածին եռանավ (V–VI դդ.), Կարմրավոր Ս. Աստվածածին, Կոշի Ս. Ստեփանոս, Օշականի Մանկանոց Ս. Սիոն, Արտաշավանի Ս. Ամենափրկիչ, Դաշտադեմի Ս. Քրիստափոր փոքր խաչաձև գմբեթավոր (բոլորը` VII դ.), Արագածի (VI դ.) ու Իրինդի բազմախորան (VII դ.), Զովունու Ս. Պողոս Պետրոս, Արուճի Ս. Գրիգոր, Գառնահովտի Ս. Գևորգ (VII դ.), Բյուրականի Ս. Հովհաննես (X դ.) եկեղեցիները, Սաղմոսավանքը, Տեղերի, Ուշիի Ս. Սարգիս (XIII դ.), Աստվածընկալ, Եղիպատրուշի (XIII դ.) վանքերը ևն:

Արագածոտնի թեմի գործող վանքերն ու եկեղեցիներն են` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցը, Աշտարակի Ս. Մարինեն, Ս. Սարգիսը, Ապարանի Ս. Խաչը, Թալինի Ս. Աստվածածինը, Կարբիի Ս. Աստվածածինը, Կոշի Ս. Գևորգը, Մաստարայի Ս. Հովհաննեսը, Մուղնու Ս. Գևորգ վանքն ու Սաղմոսավանքը:

Օշականում Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գործում է նրա անունը կրող դպրատունը: Թեմը հրատարակել է «Շողակն» (1998–2000), 2000-ից` «Արագածոտն» պարբերականները: 1998-ից Մուղնու առողջարանական կենտրոնում գործում է Արագածոտնի թեմի կիրակնօրյա դպրոցը:

Արագածոտնի թեմի առաջնորդ եղել են Տեր Նավասարդ արք. Կճոյանը (1996-1999թթ.), Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (1999-2002թթ.), Տեր Բագրատ եպիսկոպոս Գաստանյանը (2002-2003թթ.), Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը (2003-2007թթ.), Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը (2007-2009թթ.): 2009թ.-ից առ այսօր թեմի առաջնորդն է Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանը:

Կարեն Մաթևոսյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Մաթևոսյան Կ., Հայաստանի թեմերը (պատմություն և արդիականություն), «Էջմիածին», 1998, № 2–3:

Հարությունյան Ս., Ամբերդ, Ե., 1978:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am