ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ. ծնվել է մոտ 1590 թ-ին Թավրիզում, պատմագիր, եկեղեցական գործիչ: Սովորել է Ս. Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն: Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, եղել Ս. Էջմիածնի միաբանության անդամ, ապա՝ Հովհաննավանքի առաջնորդ (1636–37): Որպես Ս. Էջմիածնի նվիրակ այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արմ. Հայաստանի տարբեր գավառներում և հանուն Մայր աթոռի զբաղվել հանգանակությամբ (1645–46): 1651-ին Փիլիպոս Ա կաթողիկոսիԱռաքել Դավրիժեցու պատմության 1669 թ. հրատարակության շապիկը հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը (ընդհատումներով՝1651–62): Գրքում հանդիպում են նաև ավելի ուշ շրջանի (մինչև 1668-ը) վերաբերյալ տեղեկություններ, որոնք հետսամույծ ընդմիջարկություններ են: Ա. Դ. մանրամասն և ճշմարտապատում նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտ. ու քաղ. կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականոր են նկարագրել շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը (1604) և դրա դառնաղետ հետևանքները: «Պատմութիւնը» արժեքավոր սկզբնաղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի տեղեկություններ է հաղորդում Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների,առևտրի զարգացման վերաբերյալ:Ա. Դ. մեծ ուշադրություն է դարձրել Հայ եկեղեցու պատմության հարցերին. մանրամասն անդրադարձել XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի ողբալի կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանու-թյուններին, նահատակության առանձին դեպքերի (Անդրեաս Երեց ևն), մանրամասն շարադրել Հայաստանի հոգևոր վերազարթոնքի գործում Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործադրած ջանքերը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրումը, անդրադարձել ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեց., կրթ. ու մտավոր-մշակութ. գործունեությանը: Հատկապես արժեքավոր են «Պատմութեան» այն գլուխները, որոնք վերաբերում են լեհահայ գաղութի կյանքին, մասնավորապես լեհահայերի բռնի կաթոլիկացման իրադարձություններին, Նիկոլեպս. Թորոսովիչի ազգադավ գործունեությանը, ներկայացնում են Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչությունը և նրանց իրական նպատակները, մերկացնում հայությանը պառակտողնրանց գործելակերպը: Հեղինակը կոչ է արել դավան. միասնությամբ ու ազգ. համերաշխությամբ պայքար մղել հոգեորսության յուրաքանչյուր դրսևորման դեմ: Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին գիրքը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ: Ա. Դ. դատապարտել է այն հայ հոգևորականներին, որոնք փորձել են արևմտահայ հատվածն անջատել Ս. Էջմիածնից և ստեղծել առանձին՝ թուրքահայ կաթողիկոսություն, կանխատեսել է այդ քայլի հնարավոր ողբալի հետևանքները հայության ճակատագրի համար: Անդրադարձել է նաև իրժամանակի աղանդավոր. շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը (գլ. ԼԱ) ևն:

   Ա. Դ-ի «Պատմութիւնը» արժեքավոր ու եզակի սկզբնաղբյուր է Պարսկաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Մերձ. Արևելքի այլ երկրների պատմության ուսումնասիրության համար: Առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ, այնուհետև հրատարակվել ևս երեք անգամ. լավագույնը վերջին՝ քննական հրատարակությունն է (1990): Գրքի կարևորագույն հատվածներից մեկը (գլ. ԻԸ)՝ «Պատմութիւն նեղութեանց և վշտաց, զոր կրեցին հայ ազգաւ քրիստոնեայքն, որ բնակեալք են ի քաղաքն Իլով», լույս է տեսել նաև առանձին («Բռնի միութիւն Հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ. ժամանակակից յիշատակարանք», 1884): Գիրքը թարգմանվել է ֆրանս. (1874), ռուս. (1973), լեհ. (1981), հատվածաբար՝ վրաց. (1974): Ա. Դ. հեղինակ է նաև «Տաղ վասն մահրամայի» և «Տաղ անուշ և գեղեցկազան» կրոնական բովանդակությամբ տաղերի: Առաքել Դավրիժեցին մահացել է 1670 թ-ին Վաղարշապատում:

Պետրոս Հովհաննիսյան

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հատոր 4, Ե., 1970, էջ 512–525:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հատոր 1, Ե., 1959, էջ 1144–55:

Առաքելյան Վ., Առաքել Դավրիժեցի, ՊԲՀ, 1970, դ 3:

Բաբայան Լ., Դրվագներ Հայաստանի 14–18-րդ դարերի պատմագրության, Ե., 1984, էջ 79–131: Դանեղյ ան Լ., Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի 17-րդ դարի պատմության սկզբնաղբյուր, Ե., 1978:

Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Ա., Հայպետհրատ, Երևան, 1964:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am