ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ. ծնվել է XIV դ. 2-րդ կեսին, աստվածաբան, տաղերգու, Սյունյաց արքեպիսկոպոս (1407-ից): Տաթևի համալսարանում աշակերտել է Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն, որի քրոջորդին էր: Գործել է Տաթևի համալսարանում: Աստվածաբանության ու իմաստասիրության, հավատի ու բանականության և այլ իմացաբան. հարցերում հետևել է Գրիգոր Տաթևացուն՝ հատկապես զարգացնելով նրա նոմինալիստ. (անվանաբանական) և սենսուալիստական (զգայաբանական) գաղափարները: «Մեկնութիւն քերականին» ուսումնական ձեռնարկում քերականությունը համարել է բոլոր իմաստությունների նախադուռ, այս առումով կարևորել լեզուների, մանավանդ՝ մայրենիի իմացությունը:
Առաքել Սյունեցու «Ադամգիրք» (հրտ. 1721) քերթվածի՝ տրամախոսության ձևով կառուցված եռապոեմի հենքը ադամական մեղքի աստվածաշնչյան պատումն է, մարդու տվայտանքն առ կորուսյալ դրախտ: Այս երկին սերտորեն աղերսվում է մյուս՝ «Դրախտագիրք» քերթվածը:
Առաքել Սյունեցին գրել է նաև Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին և սրբերին նվիրված ուսուցողական բնույթի բանաստեղծություններ, երկնային մարմինների մասին ակրոստիքոսներ: Առաքել Սյունեցուն բնորոշ է ազգային-կրոնական ավանդությունների մշակումը, քրիստոնեական բարեպաշտության և բարոյականության հարցերի արծարծումը: Նա հայ պատմիչներից վերցրել և մշակել է Հակոբ Մծբնացուն, Գրիգոր Ա Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն վերաբերող պատումները, հաճախակի անդրադարձել Երգ երգոցին: Զբաղվել է նաև երաժշտության տեսության և գեղագիտության հարցերով, ինչը արտացոլում է ստացել իր «Մեկնութիւն քերականին» երկի մի շարք հատվածներում: Ենթադրվում է, որ Առաքել Սյունեցու «Ադամգիրքը» ունեցել է նաև երաժշտական ձևավորում. առանձին հատվածներ երգվել են տաղերի ձևով: Առաքել Սյունեցին հայտնի է եղել որպես երգահան, հիմնականում՝ տաղասաց: Նրա երկերից շատերն իրենց հաստատուն տեղն ունեն միջնադարյան ժողովածուներում՝ Գանձարաններում, Տաղարաններում և Մաշտոցում: Տաղերից մի քանիսը հասել են մեզ իրենց մեղեդիներով և ձայնագրվել XIX դ. վերջին: Առաքել Սյունեցին մահացել է XV դ. 1-ին կեսին:
Արշակ Մադոյան
Աննա Արևշատյան
Երկեր
Լուծմունք, յաղագս Սահմանացս Դաւթի Անյաղթ փիլիսոփայի..., Մադրաս, 1797 (Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց...»-ի հետ):
Առաքել Սիւնեցի և իր քերթուածները, ուսումնասիրութեամբ հրտ. Մ. Պոտուրյան, Վնտ., 1914: Դրախտագիրք, հրտ. Ն. Տեր Ներսեսյան, Վնտ., 1956:
Յաղագս քերականութեան համառօտ լուծմունք, աշխատասիր. Լ. Խաչերյանի, Լոս Անջելես, 1982:
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Գապասաքալյան Գ., Գիրք երաժշտական, ԿՊ, 1803:
Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:
Ջահուկյ ան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (V–XV դդ.), Ե., 1954:
Թահմիզյան Ն., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը. V–XV դդ.,Ե., 1985:
Մադոյ ան Ա., Առաքել Սյունեցի. Բանաստեղծը, Ե., 1987:
Արևշատյան Ա., «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991, էջ 68–70:
TchobanianA., La Roseraie d’Armռnie, t. 1, P., 1918.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am