ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ, աստվածային շնորհ, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան: Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցին առաքինությունը մեկնաբանել է որպես ճշմարիտ և ուղղափառ հավատի արգասիք, այն հավատի, որը խոստովանում է Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Աստված:

Հին կտակարանում կան առաքինության բազմաթիվ վկայակոչումներ, որոնք բացահայտում են նրա տարբեր դրսևորումները, ինչպես, օր., առաքինությունը որպես պատվի և ճանաչման արժանի հատկանիշ («... իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու առաքինի կին ես», Հռութ 3.11): Որոշ թարգմանություններում նշված տեղում «առաքինի» բառի փոխարեն գործածվել է «զորավոր»: Հետևաբար, ըստ սուրբգրային մտածողության՝ առաքինին նաև զորավոր է, քանի որ զորություն ունի իշխելու առհասարակ մեղքի վրա: Նաև՝ առաքինությունը որպես աստվածահաճո զարդ («Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է», Առակ. 12.4: Երբեմն «առաքինին» թարգմանվում է «ժրաջան»), որպես հազվագյուտ արժեք («Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից», Առակ. 31.10) ևն:

Նորկտակարանային գրվածքներում ևս ջատագովվում է առաքինությունը, որպես Սուրբ Հոգով վերածնված մարդու՝ կենդանի եկեղեցու՝ այսինքն՝ Հիսուս Քրիստոսի հարսի սուրբ հատկանիշներից (զարդերից) մեկը: Պողոս առաքյալը փիլիպեցիներին հորդորում է խորհել միայն այն, «... ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ...» (Փիլիպ. 4.8): Իսկ Պետրոս առաքյալը պատգամում է. «...որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը..., այս բանի համար իսկ ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր» (Բ Պետր. 1.4–7):

Եկեղեցու հայրերը առաքինությունը բաժանել են խմբերի. 1. Աստվածային առաքինությունները՝ հավատ, հույս, սեր, որոնք կապվում են Հիսուս Քրիստոսի տնօրինական և փրկչական առաքելության հետ: 2. Ստացական առաքինություններ՝ աղոթք (իբրև հաղորդակցություն Աստծո հետ), պահք (իբրև սեփական անձի սրբացման պայմաններից մեկը), ողորմություն (իբրև մերձավորի հանդեպ սիրո դրսևորում) ևն: 3. Այլ առաքինություններ՝ հեզություն, աշխատասիրություն, պարկեշտություն ևն, որոնք չեզոքացնում են մեղքը:

Գրիգոր Նարեկացին (ըստ այլոց՝ Գրիգոր Սկևռացին) իր «Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին» (1992) երկում, օգտվելով չորս կարգի՝ աստվածաշնչական, դավանաբանական, վարքագրական և մարդաբանական աղբյուրներից, Նիկիո Հավատո հանգանակով հաստատագրված Սուրբ Երրորդության պատկերը հայտածում է նաև մարդու վրա, նշելով, որ բանական հոգին եռամասնյա է՝ ունի խոսք (միտք), ցասում (սիրտ), ցանկություն (ստորինորովայն, երիկամներ), և սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ առաքինություն՝ «Բանականի առաքինութիւնը խոհականութիւնն է, ցասմնականինը՝ արիութիւնը, իսկ ցանկականինը՝ ողջախոհութիւնը» (նույնտեղում, էջ 22): Առաքինությունը ծագում է անձի մեջ այն ժամանակ, երբ արարչական կարգավորության համաձայն, իբր վեհ և նախադաս, իրենից ցածր եղողների՝ ցասմնականի կամ ցանկականի վրա իշխում է բանականը՝ գլուխը, և ընդհակառակը՝ առաքինություն կորչում է, երբ խառնակվում է այս կարգավորությունը:

Վերլուծելով Պողոս առաքյալի՝ «Որպես իմ աստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու... Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի...» (Ա Կորնթ. 3.10–12) խոսքերը, Գրիգոր Նարեկացին դրանք համարում է այլաբանություններ. «... ոսկին խոհական իմ աստութիւնն է, արծաթը՝ բանական առաքինութիւնը, թանկարժեք քարերը՝ պէս-պէս ու զանազան բարեգործութիւնները: Իսկ փայտը, խոտն ու եղէգը չարագործութիւնն են ցույց տալիս» («Խօսք ճշմարիտ հաւատքի...», էջ 21):

Գրիգոր Տաթևացին, խոսելով առաքինությունների մասին, ասում է. «... երեք լույսերով, այսինքն՝ բանականից, գրավոր օրենքներից և Ավետարանի շնորհներից հեղված լույսերով մեր մեջ հաստատվում են աստվածային երեք առաքինությունները՝ Հավատքը, Հույսը և Սերը» («Ոսկեփորիկ», 1995, գլ. ԽԹ, էջ 247): Ընդ որում, Գրիգոր Տաթևացին նույնպես, հետևելով մարդու (անձի) եռամասնյա կառուցվածքի (բանական-ցասմնական-ցանկական) երրորդաբանական տեսությանը, երեք առաքինություններից՝ հավատը վերագրում է բանականին, հույսը՝ ցասմնականին և սերը՝ ցանկականին:

Լևոն Սարգսյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am