ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ, ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Արատեսի վանքի Ս. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (X դ.) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ.) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև XIII դ. կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270-ին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թթ.): Արատեսի վանքին 1073-ին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220-ին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի  ամրոցների ազատագրման փաստը:

XIII դ. վերջին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Արատեսի վանքի իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301-ին Արատեսի վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Արատեսի վանքում 1303-ին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան X–XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:

Մուրադ Հասրաթյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:

Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:

Լալայան Ե., Վայոց ձորի նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 26, Թ., 1916:

Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:

Материалы по археологии Кавказа, М., 1916.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am