ԱՐԱԾԱՆԻ (ասուրա-բաբելերեն՝ Արսանիա), Արևելյան Եփրատ, թուրքերեն՝ Մուրադ, Եփրատ գետի արևելյան մեծ վտակը, որ հնում ոչ միայն առանձին, այլև սուրբ գետ է համարվել: Սկիզբ է առնում Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Նպատ կամ Ծաղկանց լեռներից, մոտ 3060 մ բարձրությունից, իր մեջ ներառում բազմաթիվ վտակներ (Բագրեվանդ, Խնուս, Բյուրակն, Կորոձոր, Մեղրագետ), շրջանցում Հայկական Տավրոսը և Լուսաթառիճից (Կապան-Մադեն) հյուսիսային միախառնվում Արևմտյան Եփրատին: Երկարությունը 650 կմ է: Հոսում է Այրարատ, Տուրուբերան, Ծոփք նահանգների որոշ գավառներով: Արածանիի ավազանում և ափերին են եղել հայ հեթանոսական բազմաթիվ մեհյաններ (օր., Անահիտ դիցուհու), որոնք ժամանակի ընթացքում վերածվել են եկեղեցական ու զինական կենտրոնների (Աշտիշատ, Գլակավանք, Ս. Մեսրոպ վանք, Ս. Ներսես վանք, Ս. Դանիել վանք, Ս. Աղբերիկ վանք, Ողական ամրոց ևն):

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելիս (301) Արածանիում են մկրտվել Հայոց թագավոր Տրդատ Գ, Աշխեն թագուհին, թագավորի քույր Խոսրովիդուխտը, զորքը և ժողովուրդը:

Անդրանիկ Զեյթունյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am