Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արևելյան ուղղափառ եկեղեցիներ

 ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ, Արևելյան հնագույն եկեղեցիներ, քրիստոնյա Արևելքում կազմավորված ազգային եկեղեցիներ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: Արևելյան ուղղափառ եկեղեցիները իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել երեք տիեզերական ժողովներում: Ընդունելով միայն երեք տիեզերական ժողովների դավանական վճիռները՝ Արևելյան ուղղափառ եկեղեցիները գտնում են, որ Նիկիայի Ա (325), Կ. Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովները բանաձևել են քրիստոնեական կրոնի և հավատի հիմնական սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Ս. Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները: Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբանական ավանդությանը հակասող: Արևելյան ուղղափառ եկեղեցիները, մերժելով միաբնակությունը (տե՛ս Եվտիքականություն), նեստորականությունը, քաղկեդոնականությունը (երկաբնակություն), կանգնել են դավանական այն սկզբունքների վրա, որոնք ավանդվել են Աստվածաշնչով, երեք տիեզերական ժողովներով և եկեղեցու հայրերի ուսուցումներով:

Արևելյան ուղղափառ եկեղեցիները են՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, Ղպտի ուղղափառ եկեղեցին, սրանից առանձնացած Եթովպական ուղղափառ եկեղեցին, Ասորի ուղղափառ եկեղեցին՝ Անտիոքի պատրիարքությամբ (Հակոբիկյան եկեղեցի) և Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցին:

Արտաշես Ղազարյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am