Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արևելյան վարդապետներ

 ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ, Հայոց Հյուսիսային Կողմանց վարդապետներ, XII–XV դդ. գիտամանկավարժական գործունեությամբ հռչակված վարդապետների, րաբունապետների, վանահայրերի, դավանաբան տեսաբանների, Հայ առաքելական եկեղեցու ավանդության և ինքնուրույնության պաշտպան հոգևորականների ընդհանուր անվանումը: Հիմնականում գործել են Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների վանքերում, գիտամշակութային կենտրոններում, վարդապետարաններում (Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Քոբայրավանք, Խորակերտ, Խորանաշատ, Գոշավանք, Կեչառիս ևն): Արևելյան վարդապետների անունները պահպանվել են Ներսես Շնորհալու՝ Արևելյան վարդապետներին հղած թղթում և Կիրակոս Գանձակեցու Պատմության մեջ:

Վերջինս նրանց անվանել է «երևելի վարդապետներ»: Արևելյան վարդապետներից առավել հայտնի են Գրիգոր Տուտեորդին, Դավիթ Քոբայրեցին, Հովհաննես Սարկավագը, Պողոս Տարոնեցին, Մխիթար Գոշը և ուրիշներ, որոնք տարբեր ժամանակներում ստանձնել են Հայոց Հյուսիսային Կողմանց վարդապետների ղեկավարի դերը:

Արևելյան վարդապետները, լինելով Հայ եկեղեցու ծիսադավանական կարգի ընդգծված ավանդապահներ, հանդես են եկել Հայ եկեղեցու ավանդությանը սպառնացող նորամուծությունների դեմ, պաշտպանել նրա նվիրապետական և ծիսադավանական ինքնուրույնությունը Հույն և Հռոմի եկեղեցիների ոտնձգություններից:

Վայելել են մեծ հեղինակություն նաև Կիլիկյան Հայաստանում. հատկապես Հռոմկլայի կաթողիկոսարանի հայոց հայրապետները (Ներսես Շնորհալի, Գրիգոր Դ Տղա, Կոստանդին Ա Բարձրբերդցի և ուրիշներ) միշտ հարցրել են նրանց կարծիքը կարևորագույն խնդիրների վերաբերյալ: Այդ շրջանում Արևելյան վարդապետները ընդդիմացել են կիլիկյան հայրերին Հայ և Հույն եկեղեցիների միության հարցում, իսկ ավելի ուշ՝ Սսի կաթողիկոսարանի վարած քաղաքականությանը՝ Հայ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միության, Հայ եկեղեցու ծիսադավանական զիջումների հաշվին Արևմուտքից ռազմաքաղաքական օգնություն ստանալու հարցում: Նրանց ջանքերի շնորհիվ չեն իրագործվել 1307-ի Սսի ժողովի (տե՛ս Սսի եկեղեցական ժողովներ) և 1316-ի Ադանայի եկեղեցական ժողովի լատինամետ որոշումները: Բուն Հայաստանում Արևելյան վարդապետները ընդդիմացել են նաև Զաքարե ամիրսպասալարին (Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկ), որը փորձել է Լոռեի 1205-ի և Անիի 1207-ի (տե՛ս Անիի եկեղեցական ժողով 1207) ժողովներում ընդունել տալ հայ զինվորների համար բանակում Պատարագի շարժական սեղան գործածելու Վրաց եկեղեցու սովորույթը: Ավելի ուշ, Սյունյաց վարդապետների (Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ) հետ պայքարել են Հայաստանում ունիթորական շարժման (տե՛ս Ունիթորություն) դեմ:

Արևելյան վարդապետների առավել ավանդապահ թևը Գրիգոր Տուտեորդու գլխավորությամբ անհաշտ դիրք է բռնել կիլիկյան հայրերի ցանկացած նորարարության, միութենական փորձերի դեմ, Հայոց հայրապետներից ոմանց մեղադրել Հայ եկեղեցու ավանդներից շեղվելու մեջ: Չափավոր թևը, որը գլխավորել է Մխիթար Գոշը, հանդես է եկել դավանական հանդուրժողականության, քրիստոնյա մյուս եկեղեցիների հետ առավել սերտ կապեր պահպանելու գաղափարներով, չխաթարելով, սակայն, Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու հնավանդ կարգը:

Արևելյան վարդապետները նշանակալի դեր են խաղացել հայ գիտության, մշակույթի, փիլիսոփայության, աստվածաբանական մտքի զարգացման գործում, թողել մատենագրական հարուստ ժառանգություն:

Արտաշես Ղազարյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:

Մելիքսեթ - Բեկ Լ., Վարդապետք Հայոց Հյուսիսային Կողմանց և նրանց ինքնությունը, Տփխիս, 1928 (վրաց.):

Մուրադյան Պ., Դաւանական հանդուրժողականութեան եւ ազգամիջ եան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերի Հայաստանում, «Գանձասար», 4, 1993:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am