Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանյայց առաքելական եկեղեցու: Կենտրոնը՝ Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Նախապես կոչվել է Եվրոպայի հայրապետական պատվիրակություն, որը կազմավորվել է XIX դ. վերջին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով, կենտրոնը՝ Մանչեստր, 1907-ից՝ Փարիզ:

Ընդգրկել է Եվրոպայի երկրների հայ հոգևոր համայնքները: Հայրապետական պատվիրակներ են եղել Գևորգ եպս. Ութուճյանը, Թորգոմ արք.Գուշակյանը, Գրիգորիս եպս. Պալաքյանը, Արտավազդ արք. Սուրմեյանը, Սերովբե արք. Մանուկյանը և ուրիշներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հայ համայնքները դուրս են եկել Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմից, որն այնուհետև վերանվանվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն:

Ժամանակի ընթացքում առանձնացել են նաև Անգլիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Հունաստանի հայ հոգևոր համայնքները: Ներկայումս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության գերակայության ներքո են Ֆրանսիայի հայ համայնքը (Փարիզի, Լիոնի, Մարսելի շրջաններով), Հոլանդիայի հոգևոր հովվությունը, Բելգիայի հոգևոր հովվությունը, Իտալիայի հոգևոր հովվությունը:

Վերջինս կատարում է նաև Ալբանիայի հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը:

Փարիզի շրջան, կենտրոնը՝ Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: 1927-ին կազմավորվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Փարիզի և շրջակայքի կրոնական ընկերությունը, որի ղեկավար մարմինը ներկայացուցչական ժողովն է (ընտրվում է չորս տարին մեկ, կազմված է 24 աշխարհիկ և 3 եկեղեցական ներկայացուցիչներից), նախագահն է Փարիզի հայոց հոգևոր առաջնորդը: Նույն թվականին ստեղծվել են Միջին Ֆրանսիայի (կենտրոնը՝ Լիոն) և Հարավային Ֆրանսիայի (կենտրոնը՝ Մարսել) թեմական կազմակերպությունները:

Փարիզի առաջնորդին շնորհվել է հայրապետական պատվիրակի կարգավիճակ: Փարիզում առաջին հայկական մատուռը՝ Ս. Էջմիածինը, կառուցվել է 1854-ին (գործել է մինչև 1869-ը): 1870-ից հայերն օգտագործել են Փարիզի Վիեն փողոցում գտնվող, բողոքականներին հատկացված ժողովարանը: 1902-ին կատարվել է Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը (Ա. Մանթաշյանի նյութական օժանդակությամբ), 1904-ին՝ օծումը: Կից գործում է մեկօրյա դպրոց:

Փարիզի հայաբնակ արվարձաններից Ալֆորվիլում 1930-ին կառուցվել է Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, կից գործում է Սահակ-Մեսրոպ վարժարանը (ամենօրյա), Առնովիլ լը Գոնեսում 1931-ին կառուցվել է Վարագա Ս. Խաչ եկեղեցին (օծվել է 1932-ին), կից գործում է շաբաթօրյա վարժարան, Շավիլում 1957-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1975-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը կատարել է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը: Կից գործում է շաբաթօրյա դպրոց:

Փարիզի հայոց առաջնորդն է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գյուտ արք. Նագգաշյանը (1984-ից):

Լիոնի շրջան, կենտրոնը՝ Լիոնի Ս. Հակոբ եկեղեցի: Ընդգրկում է Միջին Ֆրանսիայի Լիոնի և Ռոն-Ալպերի հայաշատ շրջանների քաղաքները:

1918-ին Լիոնում, Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ, ստեղծվել է Ազգային միություն, որը կազմակերպել է հայ համայնքի հասարակական, հետագայում նաև՝ հոգևոր կյանքը: Միության վարչությունը հայ ընտանիքների բնակության համար Ֆուայե Լիոնե թաղամասում վարձակալել է փայտաշեն տներ: 1925-ին այդ տներից մեկը վերածվել է մատուռի՝ Ս.Աստվածածին անունով: Նույն թվականին Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդ և հայրապետական պատվիրակ Գրիգորիս եպս. Պալաքյանը հանդիպել է Ազգային միության ղեկավարների հետ՝ Ազգային միությանը զուգահեռ Միջին Ֆրանսիայի թեմական կազմակերպություն ստեղծելու համար: 1927-ից գործել է Լիոնի և շրջակա թեմերի ազգային գավառական խորհուրդ անունով թեմական կազմակերպությունը՝ իր մեջ ընդգրկելով Լիոնի և Ռոն-Ալպերի շրջանի հայկական ծխերը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս թեմական կազմակերպությունը դադարել է գործել:

1932-ին Ս. Աստվածածին մատուռը, պահպանելով անունը, փոխադրվել է մեկ այլ թաղամաս, որտեղ գործել է մինչև 1962-ը: Կից բացվել է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936-ից): 1954-ին եկեղեցական հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութական օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ Ս. Հակոբ եկեղեցին (օծվել է 1963-ին):

Կից գործում է մեկօրյա դպրոց: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1981-ին, օծվել՝ 1984-ին:1987-ին, Լիոնի շրջանի առաջնորդ Նորվան եպս. Զաքարյանի ջանքերով, Լիոնի աստվածաբանական համալսարանում բացվել է Գալուստ Կյուլպենկյանի անվան հայագիտական ամբիոն: 1988-ից ցայսօր Առաջնորդարանին կից գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարանը: 1977-ին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որն ունի մատենադարան (Սերովբե արք. Մանուկյանի անվան): Լիոնի «Եփրատ» տպարանում 1982–90-ին տպագրվել է «Ս. Հակոբ» պարբերականը:

Լիոնի շրջանի մեջ են մտնում շրջակա հայաշատ քաղաքները: Դեսինում գործում է Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946-ին), կից՝ շաբաթօրյա վարժարան: Համայնքի հոգևոր հովիվն է Մկրտիչ քհն. Պալապանյանը:

Շարվիեում գործում է Ս. Նշան եկեղեցին (օծվել է 1982-ին): Ունի իր վարչական խորհուրդը: Գործում են տարբեր հանձնաժողովներ (կրոնական, կրթական, մշակութային): Համայնքի հոգևոր հովիվ է եղել Կարապետ վարդապետ Հարությունյանը:

Սենտ Էտիենում գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1984-ին), կից՝ ժողովրդական տուն՝ մշակութային նպատակների համար:

Համայնքի հոգևոր հովիվ է եղել Տաթև վարդապետ Մուրադ-Հակոբյանը: Ռոմանում, 1988-ին քաղաքապետարանի համաձայնությամբ, Վալանսի կաթողիկե եպիսկոպոսարանի և Լիոնի Հայ առաքելական եպիսկոպոսարանի միջև կնքվել է պայմանագիր՝ Ս. Նիկողայոս կաթողիկե եկեղեցին 30 տարով հայերին հանձնելու մասին: Գործում է եկեղեցական խորհուրդ, որը Ռոման քաղաքի Հայ բարեկամության միության համագործակցությամբ օժանդակում է եկեղեցուն: Համայնքի հոգևոր հովիվ է եղել Նարեկ քահանա Վարդանյանը:

Վալանսում 1951-ին կառուցվել է մատուռ, որը 1953-ին օծվել է որպես եկեղեցի՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով: Գործում է Ազգային կրոնական ընկերակցություն: 1990-ին Եկեղեցական վարչությունը գնել է կաթոլիկ միաբանությանը պատկանող XVII դ. եկեղեցական համալիր (վերանորոգվել է ազգային բարերար Վ. Պոզաճյանի նյութական օժանդակությամբ), կառուցվել է հայկական ոճով խորան, և եկեղեցին վերանվանվել Ս. Սահակ (օծվել է 1992-ին): Եկեղեցուն կից գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը՝ Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Անդրանիկ քահանա Մալճյանի ղեկավարությամբ:

Գրենոբլ և Վիեն քաղաքներում առայժմ հայկական եկեղեցիներ չկան: Գործում են եկեղեցական վարչություններ, որոնք կրոնական արարողություններ կատարելու համար Լիոնից այցելու հովիվ են հրավիրում՝ օգտագործելով տեղի կաթոլիկ եկեղեցին:

Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդ է եղել Նորվան եպիսկոպոս Զաքարյանը:

Մարսելի շրջան, կենտրոնը՝ Մարսելի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931-ին): Ընդգրկում է Հարավային Ֆրանսիայի հայաշատ քաղաքները: 1927-ին հայրապետական պատվիրակ և Փարիզի հայոց առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ Մարսելի շրջանում ստեղծվել է թեմական կազմակերպություն, ընտրվել է Ազգային կենտրոնական վարչություն: Մարսելում կառուցվել են՝ 1928-ին՝ Ս. Կարապետ, 1929-ին՝ Ս. Աստվածածին եկեղեցիները:

Դեռևս 1673-ին Ոսկան Երևանցին Մարսելում հիմնել է տպարան, որտեղ առաջին անգամ տպագրվել է Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ):

1920–30-ական թթ. հայերը հաստատվել են նաև Մարսելի արվարձաններում. Բոմոնի Սեն Լուում 1929-ին, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ և հայերի նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին, որին կից գործում է մանկապարտեզ: Սեն Ժերոմում 1933-ին կառուցվել է Ս. Սահակ–Ս. Մեսրոպ եկեղեցին, կից գործում է շաբաթօրյա դպրոց: Սենտ Անտուան-Քամպանյը Ֆրենում 1929-ից գործում է Ս. Թադեոս–Ս. Բարդուղիմեոս եկեղեցին, որին կից կազմակերպվում են հայերենի դասընթացներ: Բոմոնում 1932-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կից՝ շաբաթօրյա դպրոց: Գործում են Կրոնական ընկերակցություն և թաղային խորհուրդ:

Նիցցա քաղաքում 1928-ին, Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ կառուցվել է Ս. Աստվածածին մատուռը (ներկայումս՝ եկեղեցի): Եկեղեցու շենքում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) գործել է դպրոց, որը հետո վերածվել է մեկօրյա դասընթացների: 1988-ին եկեղեցուն կից կառուցվել է Պարսամյան համալիրը (մեծահարուստ Պարսամյան ընտանիքի նյութական օժանդակությամբ), որտեղ գործում են ամենօրյա վարժարան, գրադարան: Նիցցայի և շրջանի Հայոց կրոնական ընկերակցությունը զբաղվում է եկեղեցու և Պարսամյան վարժարանի խնդիրներով: Հոգևոր հովիվն է Նարեկ եպս. Շաքարյանը (2000-ից):

Լա Սիոտայում 1994-ին օծվել է Ս. Փրկիչ եկեղեցին, որին կից գործում է շաբաթօրյա դպրոց: Սան Ռաֆայելում 1977-ից գործում է Ս. Հովհաննես եկեղեցին: Մարսելի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդն է Տարոն եպս. Ճերեճյանը (1990- ից):

Հոլանդիայի հոգևոր հովվություն, կազմավորվել է 1989-ին: Կենտրոնը՝ Ամստերդամի Ս. Հոգի եկեղեցի: XVII դ. սկզբին Ամստերդամը եղել է հայ գրչության և գրատպության կենտրոն: Հայերեն գրքերի տպագրությունն իրականացրել են Ս. Էջմիածնից եկած հոգևորականները: 1660-ին Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարությամբ Մատթեոս սարկավագ Ծարեցին մեկնել է Ամստերդամ, հիմնադրել տպարան, տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» ստեղծագործությունը, որը չավարտած՝ վախճանվել է: 1664-ից տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան արք. Երևանցին, որը տպագրել է Շարակնոց (1664–1665), Աստվածաշունչ (1666–68), «Հանդերձ Աստուծով» (1666, Այբբենարան), Նոր կտակարան (1668) և 14 այլ գրքեր: 1668-ին տպագրիչ Մատթեոս վրդ. Վանանդեցին Ամստերդամում հիմնել է նոր տպարան, հրատարակել Շարակնոց (1685), Ժամագիրք (1686), «Համատարած աշխարհացոյց Մեծ» հայերեն առաջին քարտեզը (1695), Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» (1-ին հրտ., 1695) ևն:

Ամստերդամում առաջին հայկական՝ Ս. Հոգի եկեղեցին կառուցվել է 1713-ին՝ հայ վաճառականների միջոցներով: Սակայն հայ համայնքի անկման պատճառով եկեղեցին 1874-ին աճուրդով վաճառվել է: 1986-ին Ամստերդամի հայ համայնքի և Մայր աթոռ Ս. Էջմիածնի տրամադրած գումարով եկեղեցու շենքը վերագնվել է: 1989-ին կատարվել է Ս. Հոգի եկեղեցու վերաօծումը:

1991-ին Ալմելո քաղաքի հայերի նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի: Վերջինս 1993-ին օծվել է որպես Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հոգևոր հովիվ՝ Խաչատուր քհն. Ֆրանկյան): Հոլանդիայի հայ համայնքի հոգևոր հովիվ է եղել Մանվել վրդ. Երկաթյանը:

Բելգիայի հոգևոր հովվություն, կազմավորվել է 1990-ին: Կենտրոնը՝ Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի: Դեռևս 1985-ին Բրյուսելում ստեղծվել է Բելգիայի Հայ եկեղեցու հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը հովանավորելու նպատակով: Ունի վարչական Խորհուրդ, որը համագործակցում է բելգիահայ համայնքի պատգամավորական ժողովի հետ: Բրյուսելում առաջին հայկական՝ Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1986-ին, օծումը՝ 1990-ին: Այդ ժամանակ եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Հարություն քահանա Թաշճյանը, ով սպասավորել է մինչև 2000 թ-ը:

Իտալիայի հոգևոր հովվություն, կազմավորվել է 1955-ին: Կենտրոնը՝ Միլանի Ս. Քառասուն Մանկունք եկեղեցի: Իտալիայի տարածքում հայերի բնակությունը սկսվել է հռոմեական շրջանից: Միջնադարյան շրջանի վերաբերյալ առաջին տեղեկությունները VI–VII դարերից են: Դեռևս XII դարից վկայակոչվել են հայերի կառուցած եկեղեցիներ: XIV դ. սկզբից հիշվում է «Իտալիայի հայերի եպիսկոպոս» եկեղեցական տիտղոսը:

XIII–XIV դդ. Հայ առաքելական եկեղեցու ենթակայությամբ ավելի քան 40 եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի հյուսիսային, կենտրոնական և հարավային շրջաններում, մասնավորապես՝ Վենետիկում, Տրիեստում, Ռավեննայում, Ջենովայում, Հռոմում, Նեապոլում ևն: Հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիվները՝ քահանա, վարդապետ, և նույնիսկ կառավարվել են եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների կողմից՝ որպես համայնքային եկեղեցական թեմեր կամ վիճակներ: Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ և Հայոց տներ (որտեղ բուժվել են հայեր և իջևանել հայ վաճառականներ): Նեապոլում դեռևս X դ. գործել է Ս. Գրիգոր Հայի եկեղեցին: Գրիգոր Ա Լուսավորիչը համարվել է Նեապոլի պաշտպան սուրբը, նշվել է նրա տոնը: Ս. Գրիգոր Հայի եկեղեցում են պահվում ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները: Վատիկան կատարած այցելության առիթով (2000-ի նոյեմբերի 11) մասունքներից մի մաս հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին: Դրանք բերվել են Երևան և պահվում են Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում: Նեապոլում հիշվում է նաև Ս. Հոգի հայկական եկեղեցին (1328): XI դ. Հռոմում կառուցվել է Ս. Հակոբ եկեղեցին: XI դարից հիշատակվում է Միլանի Ս. Բարսեղ հայկական եկեղեցին: 1342–1650-ին գործել է հայ հոգևորականների Բարսեղյան միաբանությունը:

Պիզայում 1320-ին հիմնադրվել է վանք, որը, ըստ դամբանական մի արձանագրության, ավելի քան հարյուր տարի պատկանել է հայերին: Այդ վանքում ընդօրինակվել են ձեռագրեր, որոնք պահվում են Վիեննայի ազգային և Միլանի Ամբրոսյան գրադարաններում: Ջենովայում 1307-ին հայերը կառուցել են Ս. Բարդուղիմեոս վանքը և եկեղեցին (գոյատևել է մինչև 1650-ը): Վենետիկում 1348-ին հիշատակվում են հայկական Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը, 1434-ին՝ Ս. Խաչ եկեղեցին (որը 1717-ից պատկանում է Մխիթարյան միաբանությանը):

XIV դ. վերջին, ինկվիզիցիայի հալածանքների և հայերի բռնի կաթոլիկացման հետևանքով, հայկական եկեղեցական կառույցներն անցել են տեղի կաթոլիկ եկեղեցական իշխանություններին:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իտալիայի համայնքն իր այժմյան վիճակով ստեղծվել է 1900-ական թթ. սկզբին, Թուրքիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից գաղթած հայերից, որոնք հաստատվել են Հյուսիսային Իտալիայի Միլան և շրջակայքի մեծ ու փոքր քաղաքներում: Համայնքի անդրանիկ հոգևոր հովիվ է կարգվել Եղիշե քահանա Պարսամյանը (1924–37): Նրա մահից հետո համայնքը մեկ ու կես տասնամյակ ունեցել է Փարիզից, Մարսելից, Վիեննայից հրավիրված այցելու հովիվ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծվել է Իտալիայի հայոց միությունը, որի կանոնադրությունը պաշտոնապես վավերացրել է Իտալիայի կառավարությունը: 1950-ական թթ. սկզբին հայերը կրոնական արարողությունների համար օգտագործել են Միլանի անգլիկան Ամենայն Սրբոց եկեղեցին: 1955-ին Իտալիայի պետ. իշխանությունները Հռոմում նախագահական հրովարտակով ճանաչել են երկրում Հայ առաքելական եկեղեցու դավանանքին պատկանող հավատացյալների համայնքը և պաշտոնապես թույլատրել եկեղեցի կառուցել: Ներկայումս Միլանում գործող Իտալիայի միակ հայկական՝ Ս. Քառասուն Մանկունք եկեղեցին կառուցվել է 1957-ին (ճարտարապետներ՝ Ռ. Իսրայելյան, Պ. Սուրյան), օծվել՝ 1958-ին:

Հովվական պաշտոնի է հրավիրվել Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Զգոն եպս. Տեր-Հակոբյանը (1955–75): Սրան հաջորդել է Ժիրայր վրդ. Թաշճյանը (1975–77): Եկեղեցու բակում 1986-ին կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ 1915-ի եղեռնի զոհերի: Եկեղեցին, ըստ հոգևոր կանոնագրի, ունի համայնքի կողմից ընտրված հինգ հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ: Միլանում է գտնվում Հայ տունը: Իտալիայի հայոց հոգևոր հովիվ եղել է Սարգիս քհն. Սարգիսյանը (1977-ից):

Ալբանիայում հայկական եկեղեցի չկա: Հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը կատարում են այցելու հովիվները:

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am