ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1983-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: 1938–82-ին արգենտինահայ համայնքը Ուրուգվայի, Բրազիլիայի և Չիլիի հայ համայնքների հետ միասին ընդգրկված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես): Առաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը (1938–51, 1951–61-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք): Այնուհետև, որպես հայրապետական պատվիրակ, պաշտոնավարել են Սիոն արք. Մանուկյանը (1952–57), Բաբկեն արք. Ապատյանը (1959–1978), Արգենտինայի Կորդովա քաղաքի հոգևոր հովիվ Տաթև ծայրագույն վարդապետ Ղարիբյանը (1978–83):

1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) թեմերի: Արգենտինայի թեմ առաջին առաջնորդ է նշանակվել Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանը (1983–90):

Արգենտինահայ համայնքի ներկայացուցչական համադրիչ մարմինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է՝ Հայ կեդրոն անունով, որը եկեղեցու վարչական խորհուրդն է. մասնաճյուղեր ունի Կորդովայում և Ռոսարիայում: Խորհրդի գլխավորությամբ գործում են կրթական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ: Բուենոս Այրեսում, որտեղ ներկայումս (2001) բնակվում է շուրջ 80 հզ. հայ, գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Ս. Խաչ, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Երրորդություն հայկական եկեղեցիները: Հայկական վարժարաններից Ս. Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատություն-վարժարանը (հիմն. 1932-ին, 1960-ից՝ ամենօրյա, 1965-ից՝ միջնակարգ) ենթարկվում է եկեղեցու թեմական խորհրդին:

Արծրունի ազգային վարժարանը (հիմն. 1928-ին, 1966-ից՝ ամենօրյա), Պահչեճյան ամենօրյա ազգային վարժարանը (հիմն. 1962-ին), Վիսենտե Լոպեսի ազգային ամենօրյա վարժարանը (հիմն. 1966-ին), Խրիմյան կրթական հաստատությունը և ՀԲԸՄ վարժարանները պատկանում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությանը:

Կորդովայում, որտեղ ներկայումս (2001) բնակվում է մոտ 4 հզ. հայ, 1925-ից գործել է Հայ եկեղեցու հոգաբարձության տեղի մասնաճյուղը՝ Կորդովահայ գաղութային միություն անունով: Կորդովայում է հիմնվել Արգենտինայի անդրանիկ՝ Ս. Գևորգ հայկական եկեղեցին (1926): Եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա դպրոց, Սահակ-Մեսրոպ հայկական ամենօրյա վարժարանը:

1932–70-ին Բուենոս Այրեսում հրատարակվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձության «Հայ կեդրոն» պաշտոնաթերթը: 1991–92-ին «Հայ կեդրոն»-ի՝ Հայաստանին նվիրված երեք անթվակիր համարները լույս են տեսել իսպաներեն: 1997-ից վերահրատարակվում է հիմնականում իսպաներեն:

Արգենտինայի թեմի առաջնորդն է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը (1990-ից):

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am