ԱՐՂՈՒԹՅԱՆ Հովսեփ Շիոշբեկի, Արղության-Երկայնաբազուկ Հովսեփ Շիոշբեկի (23.5.1743, Սանահին –9.3.1801, Թիֆլիս), արքեպիսկոպոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սերել է Զաքարյանների իշխանական տոհմից: Կրթությունն ստացել է Սանահինում, Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն Ա Երևանցուն, որը 1769-ին նրան ձեռնադրել է եպիսկոպոս, ապա շնորհել արքության տիտղոս ու պատիվ: 1773-ին կարգվել է ռուսահայոց թեմի առաջնորդ, 1780-ից՝ նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ: Արղությանը սատարել է շուրջ 12600 ղրիմահայերի արտագաղթը (1778) Ռուսաստան, նրանց համար հիմնել հինգ գյուղ (Չալթըր, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Թոփթի և Նովիթա) ու քաղաք (1780), օրհնել քաղաքի ծնունդն ու անվանել Նոր Նախիջևան:
Իբրև հմուտ քաղաքագետ Արղությանը յուրաքանչյուր պատեհ առիթով ըստ արժանվույն ներկայացրել է հայ ժողովրդին: 1780-ին Հովհաննես Լազարյանի հետ մասնակցել է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության և Հայաստանի ազատագրության հարցերի քննարկման համար ռուսական արքունիքում հրավիրված խորհրդակցություններին: Նույն թվականին խնդրել է ռուսական իշխանություններին արգելել կաթոլիկ քարոզչությունը հայոց մեջ, հատուկ հրովարտակով պարտադրել կաթոլիկ հոգևորականներին իրենց ժամերգությունները կատարել միայն օտար լեզուներով, թույլատրել կաթոլիկ հայերին վերադառնալ Հայ առաքելական եկեղեցի: Ռուս պետական և ռազմական գործիչ, դիվանագետ Գ. Ա. Պոտյոմկինն ընդառաջել է Արղությանին, հրահանգել նահանգապետներին բավարարել նրա խնդիրքը: 1782-ին, ի պատասխան Կովկասի գեներալ-նահանգապետ Պ. Ս. Պոտյոմկինի հարցումների, Արղությանը ռուսական իշխանություններին է ներկայացրել տեղեկանք հայոց պատմության, նրա ներկայի, սպասելիքների, աջակցության դեպքում ազատագրական պայքարի ելնելու պատրաստակամության և ռուսական օժանդակությունը Հայաստան հասցնելու ուղիների մասին: 1783-ին նա հատուկ տեղեկանք է ներկայացրել նաև Արցախի մելիքությունների վերաբերյալ՝ ընդգծելով հայոց պետականությունը Ռուսաստանի գործակցությամբ վերականգնելու նրանց պատրաստակամությունը: 1783-ին Արղությանը կազմել և ռուսական արքունիք է ներկայացրել «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց՝ Ռուսաց և Հայոց» նախագիծը: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1787–91), Իզմայիլի ազատագրումից հետո 320 տուն հայեր (1650 հոգի) մնացել են անօթևան, մերկ, քաղցած, հուսահատ:
Արղությանի ջանքերով 1792-ին հիմնվել է հայկական մի նոր քաղաք, որը նրա առաջարկով կոչվել է Գրիգորիուպոլիս՝ Գրիգոր Լուսավորչի անունով: Նորաստեղծ քաղաքի բնակիչներն իրենց խնամատար հորն են մատուցել թանկագին հնություն՝ հայոց թագավորներին պատկանած, հաջորդաբար փոխանցված դաշույնն ու թուրը:
Արղությանը ռուսական արքունիքի հանձնարարությամբ մասնակցել է ռուսական զորքերի՝ 1796-ի անդրկովկասյան արշավանքին, գլխավոր հրամանատարին ներկայացրել իր առաջարկություններն ու խորհուրդները, դիմել հայ ժողովրդին՝ օգնելու ռուսական բանակին: 1799-ին կայսրի հրովարտակով Գրիգորիուպոլսի, Ղրիմի, Աստրախանի, Ղզլարի, Մոզդոկի հայ գաղթավայրերի համար սահմանվել են միասնական արտոնություններ, որոնց մշակման գործում մեծ դեր է կատարել Արղությանը: Նա Հայ և Ռուս եկեղեցիների, ինչպես և եկեղեցականների միջև ստեղծել է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ: Եկատերինա II կայսրուհին նրան շնորհել է ադամանդե խաչ՝ վեղարի համար, և պարեգոտ: 1800-ի հուլիսի 28-ին Պավել I-ի հրովարտակով Արղությանը ճանաչվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել. Էջմիածին գնալու ճանապարհին՝ Թիֆլիսում, հիվանդացել է ու վախճանվել:
Արղությանը եղել է ռուսահայ առաջին տպարանի ստեղծման նախաձեռնողներից, հրատարակչական գործի կազմակերպիչն ու ոգեշնչողը: Նրա ջանքերով ռուսահայ կենտրոններում (Սանկտ Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան) հրատարակվել է ավելի քան քառասուն անուն գիրք:
Արղության նամակագրական կապեր է ունեցել Ռուսաստանի հայկական գաղթավայրերի ներկայացուցիչների, Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու, Վրաստանի և Հնդկաստանի հայ համայնքների, ռուսական պետական գործիչների, Վրաց Հերակլ II և Գեորգի XII թագավորների, Արցախի մելիքների և բազում այլ գործիչների հետ: Պահպանվել են նրա առաքած նամակների պատճենները, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են XVIII դ. վերջի պատմության ուսումնասիրման համար:
Պավել Չոբանյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Օրինակ հանդիսաւոր ծանուցման եւ ողբոյ, Մադրաս, 1791:
Տետրակ համառօտ անուանեալ դուռն ողորմութեան, Նոր Նախիջևան, 1792:
Օրինակ օրհնութիւն թղթոյն, Մադրաս, 1794:
Քարոզ, Նոր Նախիջևան, 1795:
Խօսք ասացեալ ի վերափոխման Աստուածածնայ յեկեղեցւոջն հայոց, Աստրախան, 1796:
Կոնդակ օրհնութեան, Աստրախան, 1796:
Լեո, Հովսեփ կաթողիկոս Արղութեան, Թ., 1902:
Աղանյան Գ., Դիւան հայոց պատմութեան, գիրք 3, մաս 1, Թ., 1911:
Բարխուդարյան Վ., Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն, Ե., 1967:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am