ԱՐԳԻՆԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Հայոց կաթողիկոսության նստավայրը 944–992-ին: Հայաստանի մայրաքաղաքը X դ. Շիրակավանում հաստատվելուց հետո Անանիա Ա Մոկացին կաթողիկոսարանը Աղթամարից տեղափոխել է VI–VII դարերից անառիկ ամրոցով հայտնի, Շիրակավանին մոտ գտնվող Արգինա գյուղաքաղաքը: Նրա հաջորդի՝ Խաչիկ Ա Արշարունու պատվերով, ըստ X–XI դդ. պատմիչ Ասողիկի, ճարտարապետ Տրդատը սրբատաշ քարով կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկեն, երեք համանման եկեղեցիներ, վերակառուցել կաթողիկոսարանի շենքերը: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ երկու զույգ որմնամույթերով, արտաքին ճակատներում առանց կամարաշարի: Այստեղ Տրդատն առաջին անգամ կիրառել է եկեղեցու ներսակողմին դեպի վեր դինամիկ շարժում հաղորդող որմնամույթերի ջլատումները՝ հնարք, որը հետագայում ավելի կատարելագործված իրականացրել է Անիի Մայր տաճարում: Խաչիկ Ա Արշարունին Կաթողիկեն զարդարել է ոսկեթելով գործված վարագույրներով, ոսկե ու արծաթե անոթներով ու ջահերով, Արգինայի կաթողիկոսարանին կից բացել բարձրագույն դպրոց ու մատենադարան, բազմաթիվ ձեռագրեր հավաքել այդտեղ և ընդօրինակել տվել նորերը: Հայաստանի անկախության կորստից (1045) հետո Արգինայի Կաթողիկեն վերածվել է բերդ-եկեղեցու, նրա ծածկի վրա բարձրացվել են պատեր, և այդ լրացուցիչ ծանրությունը հետագայում նույնպես դարձել է եկեղեցու ավերման պատճառ: XX դ. սկզբին դեռ պահպանվել էին Կաթողիկեի հյուսիսային պատը և արևմտյան պատի մի մասը, արևմտյան մուտքը՝ 1012-ի արձանագրությամբ (այժմ Կաթողիկեի, ինչպես և կաթողիկոսարանի շենքերի ու Արգինայի մյուս երեք եկեղեցիների հետքերն անհետացել են): Խաչիկ Ա Արշարունին ամփոփվել է Արգինայի Կաթողիկեի հյուսիսային կողմում շինված դամբարանում:
Արգինայի կաթողիկոսարանին կից X դ. գործել է մեծ համբավ վայելող վարդապետարան: Այնտեղ աստվածաբանության հետ ուսանել են իմաստասիրություն, հռետորություն, մեկնողական արվեստ: Դասավանդել են Հնձուց վանքի նախկին առաջնորդ Հովսեփ վարդապետը, Թեղենյաց մենաստանից՝ Կիրակոսը, Աղվանքից՝ Սարգիսը և այլն: Արգինայի բարձրագույն դպրոցում սովորել են նաև աշխարհականները: Կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին կաթողիկոսարանի հետ միասին Արգինայից Անի է տեղափոխել նաև մատենադարանը և վարդապետարանը (տե՛ս Անիի կաթողիկոսարան):
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե., 2000:
Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե., 1991:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Հասրաթյան Մ., Արգինայի Կաթողիկեն, ՀԱ, 1977:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am