Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արիոսականություն

ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական աղանդավորական վարդապետություն IV դարում: Հիմնադիրը Ալեքսանդրիայի երեց Արիոսն էր. այստեղից էլ՝ անվանումը: Արիոսականության գաղափարական ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության գաղափարը:

Արիոսական վեճերի կենտրոնական խնդիրը Որդի Աստծո՝ Հայր Աստծո նկատմամբ ունեցած հարաբերության հարցն էր: Նախ՝ Անտիոքի աստվածաբանական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Լուկիանոս Սամոստացին (Սամոսատցի), այնուհետև Արիոսը կասկածի տակ դրեցին Քրիստոսի աստվածության, աստվածային էության և Հոր հետ համագոյության հարցը:

Ժխտելով Հոր և Որդու համագոյությունը՝ Արիոսը ելնում էր այն բանից, որ Աստված կատարյալ եզակիություն է, և այդ աստվածային եզակիությունը Հայր Աստված է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Միակ Աստվածը Հայրն է, ոչինչ հավասար չէ նրան: Նա է միայն հավիտենական, անսկիզբ, անստեղծ, բացի նրանից, ամեն ինչ եղական է և վերջավոր: Արիոսական ուսմունքի հիմնական էությունը հետևյալն էր. «Էր երբեմն յորժամ ոչ էր Որդին» («Ժամանակ կար, երբ Որդին չկար»): Այսինքն, Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային վիհ, Որդին սկիզբ ունի, հետևաբար՝ միշտ գոյություն չի ունեցել և չէր կարող լինել Հայր Աստծո էությունից: Նա Աստծո արարած է՝ ստեղծված ոչնչից: Այսպիսով, ըստ արիոսականության, Որդին Հոր էությունից միանգամայն բաժան, տարբեր և անկախ էություն է, հետևաբար՝ իսկական Աստված չէ, այլ միայն Բան (Լոգոս) ու իմաստություն, և Աստծո օգնությամբ, սեփական իմաստությամբ ու շնորհքով է Աստված դարձել:

Ըստ Արիոսի, անկախ էություն է նաև Սուրբ Հոգին, ուստի գոյություն ունեն երեք տարբեր և բաժան էություններ. Ս. Հոգին նույնպես արարած է, ինչպես Որդին, և համապատիվ չէ Հորը:

Ընդհանրական եկեղեցին արիոսականությունը մերժել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325), որտեղ ընդունված Հավատո հանգանակը բանաձևել է Հոր և Որդու համագոյությունը, էակից լինելը և Որդու Աստվածությունը, շեշտելով «էութենէ Հօր» և «էակից Հօր» խոսքերը՝ Որդու վերաբերյալ: Սուրբ Երրորդության մասին Արիոսի վարդապետությունը ժխտվել և իր վերջնական ուղղափառ ձևակերպումն է ստացել երեք մեծ կապադովկիացիների՝ սուրբ Բարսեղ Կեսարացու, սուրբ Գրիգոր Նյուսացու և սուրբ Գրիգոր Նազիանզացու ուսմունքում:

Արիոսականության դեմ հիմնական պայքարը ծավալել է Ալեքսանդրիայի պատրիարք, եկեղեցու սուրբ հայր Աթանաս Ալեքսանդրացին: Հայ եկեղեցին 325-ի Վաղարշապատի եկեղեցական ժողովում, Գրիգոր Ա Լուսավորչի հայրապետական հեղինակությամբ ընդունելով Նիկիայի ժողովի դավանական որոշումները և Հավատո հանգանակը, բանադրել է արիոսականությունը:

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Աթանաս Աղեքսանդրացի, Ճառք, թուղթք և ընդդիմասութիւնք, Վնտ., 1899:

Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994:

Կնիք հաւատոյ..., հրտ. Կ. Տեր-Մկրտչյանի, Էջմիածին, 1914:

Տեր-Միքելյան Ա., Հայաստանեայց եկեղեցին եւ բյուզանդեան ժողովոց պարագայք, Մ., 1892:

Տեր-Մինասյան Ե., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, հ. 1, Էջմիածին, 1908:

Արամյան Մ., Երեք տիեզերական ժողովների դավանությունը, «Գանձասար», 1, 1992, էջ 110–112:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am