ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ, սուրբ Արիստակես (մոտ 264, ք. Կեսարիա – 333, ամփոփվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 325-ից: Գրիգոր Ա Լուսավորչի հաջորդը և կրտսեր որդին: Կրթությունն ստացել է Կեսարիայում: Երիտասարդ տարիքում ապրել է ճգնողական կյանքով՝ աշակերտել Նիկոմաքոս ճգնավորին:
Հոգևոր կատարելության հասնելու կանոններն ուսանելուց հետո, որպես ճգնավորների խմբի առաջնորդ՝ բնակություն է հաստատել լեռներում: Իրեն ենթարկել է խստակենցաղ կյանքի և այնքան նվիրվել մենակեցությանը, որ երբ Հայոց արքա Տրդատ Գ Մեծի պատվիրակները եկել են նրան Հայաստան տանելու, հրաժարվել է: Սակայն տեղի տալով քրիստոնյա հավատացյալների հորդորներին՝ «Լաւ է, ասեն, քեզ գործ մշակութեանն Աստուծոյ՝ քան զայդ մենաւորութիւն բնակութեան յանապատի այդր», համաձայնել է: Քանի որ Գրիգոր Ա Լուսավորիչը բացակայել է Հայրապետանոցից, որդուն ձեռնադրել է փոխեպիսկոպոսապետ և ընթացիկ գործերի կատարումը նրան հանձնել: Արիստակես Ա Պարթևը մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325) և Հայաստան բերել Նիկիայի Հավատո հանգանակը: Նրա վերադարձից հետո Գրիգոր Ա Լուսավորիչը ապրել է ճգնակյաց կյանքով: Արիստակես Ա Պարթևն առանց նոր ընտրության և հայրապետական ձեռնադրության «նստաւ յաթոռ կաթողիկոսութեան Հայոց Մեծաց»:
Հայրապետության տարիներին հիմնականում զբաղվել է քարոզչական աշխատանքով, պայքարել է հեթանոսության դեմ: Սպանվել է Ծոփքում՝ Արքեղայոս նախարարի ձեռքով, հակահեթանոսական պայքար ծավալելու համար: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվել է Երզնկայի Ջուխտակ-Հայրապետ վանքը:
Արիստակես Ա Պարթևը Հայ եկեղեցու տոնելի սրբերից է, հիշատակը նշվում է Գրիգոր Ա Լուսավորչի «Որդւոց եւ թոռանց» տոնի հետ՝ Ս. Ծննդյան երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, երբեմն փոխադրվում է Վարդավառի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
Կաթողիկոսական գահին Արիստակես Ա Պարթևին հաջորդել է Վրթանես Ա Պարթևը:
Արթուր Կարապետյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե., 1986:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1997: Օ ր մանյ ան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am