ԱՐՄԱՇԻ ՉԱՐԽԱՓԱՆ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում, Նիկոմեդիայի (Իզմիթ) գավառում, Իզմիթից 25 կմ հեռավորության վրա, Արմաշ գյուղում: Վանքը հիմնադրվել է 1416-ին և գործել նույն թվականի դեկտեմբերի 11-ից: Հիմնադիր առաջնորդն է եղել «իւր ծախիւք» 18 խուց կառուցած ծերունի Սրապիոն վարդապետը: Մինչ Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ: 1416-ին հույները հրդեհել և լքել են այն, և այդտեղ են հաստատվել 1410-ին Մարաշից գաղթած ու հարևանությամբ ապաստանած հայերը: Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է:
Մինչև Կ. Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461) Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանք եղել է Արևմտյան Անատոլիայի վանական կենտրոնը: Հիշատակվել են երկու տասնյակից ավելի առաջնորդներ:
1780-ից առաջնորդ է եղել տաղերգու Պետրոս արք. Ղափանցին: Բարթուղիմեոս արք. Կապուտիկյանի օրոք (1786–1809) վերակազմվել է միաբանությունը, հաստատվել ուսումնարան, 1786-ին կառուցվել մատենադարանի շենքը:
1804-ին Չակր Հասանն իր թշնամուն ապաստան տալու համար իբրև վրիժառություն ավերել է վանքը: Պողոս արք. Ղարախոչյանը (1810–25) դժվարությամբ ձեռք է բերել վերաշինության իրավունքի հրովարտակ (1820), և նույն թվի սեպտեմբերի 26-ին՝ Վարագա Խաչի տոնին կատարվել է վանքի օծումը: Նրա ջանքերով վանքը վերագտել է իրեն և՛ իբրև ուխտա տեղի, և՛ իբրև ուսումնակրթական կենտրոն: Ստեփանոս արք. Աղավնունու պատրիարքության (1831–39, 1840–41) օրոք վերջնականապես ձևավորվել է վանական համալիրը, ականավոր ուսուցչապետների շնորհիվ ծաղկել դպրոցը: Ստեփանոս արք. Մաղաքյանի (1856–65) գործուն մասնակցությամբ է նախապատրաստվել և ընդունվել Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանքի սահմանադրությունը: 1864-ին ստեղծվել է տպարան, և սկսվել «Հույս» հանդեսի հրատարակությունը:
Առաջնորդ Խորեն արք. Աշըգյանը (1872–1888) Արմաշի դպրոցը վերածել է Ղևոնդյանց թոշակավոր գիշերօթիկ բարձրագույն վարժարանի: Սակայն 1888-ի սեպտեմբերի 27-ի հրդեհը ի չիք է դարձրել վանահոր գործունեության արդյունքը: Դառնալով Կ. Պոլսի հայոց պատրիարք (1888–94)՝ Խորեն Աշըգյանը չի հրաժարվել Արմաշի վանքը «թրքահայոց Վենետիկը» դարձնելու նվիրական ծրագրից: Շուտով որոշվել է Կ. Պոլսի պատրիարքության դպրեվանքը (հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն) հիմնադրել Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանքում: Պատրիարք Խորեն Աշըգյանի հովանավորությամբ և փոխվանահայր-վերատեսուչ Մաղաքիա արք. Օրմանյանի նախաձեռնությամբ Արմաշի դպրեվանքը բացվել է 1889-ի սեպտեմբերի 18-ին: Փոխտեսչության պաշտոնն է ստանձնել Մ. արք. Օրմանյանի նվիրյալ աջակից Եղիշե ծայրագույն վարդապետ Դուրյանը (1897-ից՝ փոխվանահայր ու վերատեսուչ):
Կրոնական առարկաներից բացի դասավանդվել են իմաստասիրություն, բնական գիտություններ, հայագիտություն, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն: Դասավանդվող առարկաների շարքում գլխավոր տեղերից մեկը գրավել է երաժշտությունը (եկեղեցական երաժշտություն, երգեցողություն, հայկական նոր ձայնագրություն և եվրոպական երաժշտական մշակույթի ուսումնասիրություն): Երախտավոր երաժշտապետներ են եղել Համբարձում Չերչյանը, Հակոբոս Այվազյանը, Արտավազդ Գալենտերյանը: Ընդունվել են 17–22 տարեկան պատանիներ: Ուսման տևողությունը՝ 7 տարի:
Նպատակն էր պատրաստել ոչ միայն հոգևորականներ, այլև՝ ուսուցիչներ: 1895–96-ին դպրեվանքում է տպագրվել Կ. Պոլսի «Մասիս» կրոնական հանդեսը: 1896-ից գործել է որբերի դասարան: Աշակերտների թիվը 1889–1914-ին հասել է շուրջ 300-ի: Շրջանավարտները գործուն դեր են կատարել հայոց կրոնական ու հասմշակութային կյանքում: 1915-ին վանքը թալանվել է, միաբանությունը տարագրվել:
Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանք եղել է նաև գրչության կենտրոն: Գրչագրեր են ժողովվել դեռևս XVII դարից: Չակր Հասանի արշավանքի ժամանակ բոլոր գրչագրերը ոչնչացվել են: Նոր հավաքածուն սկսել է գոյանալ XIX դ. սկզբից: Նվիրատվությունների և տեղում ընդօրինակված ձեռագրերի հիման վրա 1889-ին ստեղծվել է դպրեվանքի մատենադարանը: 1904-ին Արմաշի դպրեվանքի մատենադարանի գրչագրերի թիվը հասել է 223-ի (գիտականորեն ցուցակագրել է Հ. Թոփճյանը): Մինչև առաջին համաշխարհային պատերազմը դրանց թիվը կրկնապատկվել է: Մեծ եղեռնի ժամանակ այդ ամենը ոչնչացվել է: Ձեռագրերից հնագույնը 1351-ից էր, սակայն եղել են նաև ձեռագրեր, որոնց կողերին կարված էին մեսրոպյան երկաթագրով գրված պահպանակներ: XIV դ. Կար 4, XV դ.՝ 7, XVI դ.՝ 8, XVII դ.՝ 30, XVIII դ.՝ 58, XIX դ.՝ 116 ձեռագիր: Մեծ մասը գրվել է Արմաշում, ինչպես նաև Կ. Պոլսում, Սեբաստիայում, Կեսարիայում, Ամասիայում, Եկեղյաց գավառում, Կարինում, Էջմիածնում, Հռոմում, Ղրիմում, Լեհաստանում, Երուսաղեմում և հայաբնակ այլ վայրերում: Այդտեղ են պահվել Թովմա Մեծոփեցու «Պատմության» 1597-ին ընդօրինակված մի գրչագիրը, Հովհան Ոսկեբերանի անտիպ գործերը, Սիմեոն Ա Երևանցու ինքնագիր Քարոզգիրքը, բժշկարաններ, բառարաններ, խազագրված ձեռագրեր, Միքայել Չամչյանի նամականին, Կիլիկիայի Հայկական թագավորության անտիպ մի դատաստանագիրքը և այլն: Սակավաթիվ մանրանկարչական ձեռագրերում եղել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու և այլոց դիմանկարները:
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ծոցիկյան Ս., Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947:
Օրմանյան Մ., Պատմութիւն Արմաշու դպրեվանքին, «Շողակաթ», 1956, դ 11–12:
Թոփճյան Հ., Ցուցակ ձեռագրաց Արմաշի վանքին, Վնտ., 1962:
Մուրադյան Պ., Մուշեղյան Ա., Արմաշի դպրեվանքը, Ե., 1998:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am