«ԱՐՄԱՏ ՀԱՎԱՏՈ», «Արմատ հաւատոյ», «Հավատարմատ», հայ պատմադավանաբանական նյութերի ժողովածուներ, որոնք հիմնականում նվիրված են քաղկեդոնական (տե՛ս Քաղկեդոնի ժողով 451) և հակաքաղկեդոնական դավանաբանական վեճերին:

Հայտնի են չորս տարբեր ժողովածուներ, որոնցից երեքը պաշտպանել են Հայ եկեղեցու դավանանքը՝ ընդդեմ Քաղկեդոնի ժողովի, մեկը՝ քաղկեդոնականությունը:

Առաջին «Արմատ հավատո» կազմել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի)՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք (613–628): Այդ ժողովածուն այժմ հայտնի է «Կնիք հավատո» անունով:

Երկրորդ ժողովածուն կազմել է Անանիա Նարեկացին (X դ.) «Հավատարմատ» անվամբ, որը մեզ լրիվ չի հասել: Ուխտանես պատմիչի վկայությամբ, հեղինակն իր հակաքաղկեդոն. այդ երկասիրությունը նվիրել է Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսին (973–992): «Հավատարմատից» առանձին հատվածներ տեղ են գտել Անանիա Սանահնեցու (XI դ.) «Հակաճառություն ընդդեմ երկաբնակաց» երկում («Գանձասար», 1–3, 1992–93): Երրորդ ժողովածուն, որ հայտնի է «Արմատ հավատո» անունով (լրիվ խորագիրը՝ «Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ» կամ «Համառաւտ հաւաքումն սրբոց վարդապետաց յաղագս դաւանութեան ամենասուրբ Երրորդութեան ընդդէմ հերձուածոց հակաճառութիւն»), կազմել է Վարդան Այգեկցին, 1205-ին: Հեղինակային բնագիրը մեզ չի հասել: Երկը հայտնի է բազմաթիվ ընդօրինակություններով՝ ընդարձակ և համառոտ խմբագրությամբ (լավագույնները Մատենադարանի դդ 2080 և 3295 ձեռագրերն են): Ընդարձակ խմբագրությունը, որ շատ ավելի մոտ է հեղինակային օրինակին, բաղկացած է 16 գլխից: Առաջին երկու գլուխներն ըստ էության առաջաբաններ են, որտեղ խոսվում է աշխատության ստեղծման շարժառիթների ու նպատակների մասին: Այս երկի շարադրումը թելադրված էր կաթոլիկ Արևմուտքի եկեղեցաքաղաքական նկրտումները կասեցնելու անհրաժեշտությամբ: Օգտվելով Կիլիկյան Հայաստանում թագավորական իշխանության հաստատման հետ կապված անկայուն քաղաքական կացությունից՝ Արևմուտքի քաղաքական շահագրգռությունների խոսափող դարձած լատին (կաթոլիկ) եկեղեցին իր տիրապետությունը մեծացնելու նպատակով գործադրել է գաղափարական ներգործման իր հայտնի եղանակները՝ քաղկեդոնական դավանության միջոցով:

Վարդան Այգեկցու «Արմատ հավատո» նպատակ ուներ տագնապի զանգ հնչեցնելով արթուն պահել հայոց դավանագիտական գիտակցությունն ու ազգային մտածողությունը: Այնքան մեծ է եղել այս աշխատության ազդեցությունը ժամանակակիցների վրա, որ Հայ եկեղեցու հակառակորդները Ավինյոնի պապական արքունիքում այն համարել են երկաբնակ դավանության համար առավել վտանգավոր «մոլորական» գրքերից: XIII դ. 2-րդ կեսին Կիլիկիայում ասպարեզ է եկել թվով չորրորդ «Արմատ հավատո», որը կազմել էին քաղկեդոնական հայերը՝ Վարդան Այգեկցու «Արմատ հավատո»-ին հակակշռելու, երկրում Արևմուտքի քաղաքական և եկեղեցական ազդեցությունը ամրապնդելու նպատակով: Այս ժողովածուն XIV դ. դեռևս եղել է հրապարակի վրա:

Հակոբ Քյոսեյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կնիք հաւատոյ, հրտ. Կարապետ Եպիսկոպոսի (Տեր-Մկրտչյան), Էջմիածին, 1914 (ներածություն, էջ XXVI–XXXI, CVIII–CIX):

Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան և Արմատ հաւատոյ, հրտ. Շահե քհն. Հայրապետյանի, Ներածությունը Հ. Քյոսեյանի, Ե., 1998:

Անասյան Հ., Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ, Վնտ., 1969:

Հայ պատմադավանաբանական գրականության թանկարժեք հուշարձանը, «Էջմիածին», 1972, դ 8–9:

Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 882–889:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am