ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի՝ 1996-ի մայիսի 30-ի կոնդակով: Ընդգրկում է ՀՀ Արմավիրի մարզը: Առաջնորդանիստը՝ Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցի:

Պատմականորեն Արմավիրի թեմի տարածքը, որպես Արարատյան երկրամասի միջուկ, պատկանել է արքունիքին, եկեղեցական վարչատարածքային առումով ընդգրկվել տարբեր եպիսկոպոսությունների (Ամբերդ, Հովհաննավանք, Բջնի) կազմում, իսկ վերջին հարյուրամյակում՝ անմիջականորեն ենթարկվել Ս. Էջմիածնի Մայր աթոռին: Այդպես է եղել նաև վաղ միջնադարում, որի մասին հետաքրքիր վկայություն է պահպանվել X դ. մատենագիր Ուխտանեսի Պատմության մեջ: Վերջինս պատմելով Վրաց Կյուրիոն կաթողիկոսի՝ Հայաստանում կրթվելու և պաշտոնավարելու մասին, նշում է, որ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսը նրան տվել է կաթողիկոսանիստ Դվինի Կաթողիկե եկեղեցու վանահայրությունը և Այրարատյան գավառի քորեպիսկոպոսությունը:

Արմավիրի թեմի տարածքում են գտնվում Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե (VII դ.) և Շողակաթ (XVII դ.) վանքերը (ենթարկվում են Մայր աթոռին), ինչպես նաև Այգեշատի Ս. Թարգմանչաց (VII դ.) վանքը, Փարաքարի Ս. Մարիամ Աստվածածին, Ամբերդի Ս. Թովմաս առաքյալ (XII դ.), Գեղակերտի Ս. Հարություն (XIII դ.), Ս. Պողոս-Պետրոս (XIII դ.), Արագածի Ս. Ստեփանոս, Հովտամեջի Ս. Աստվածածին, Հայթաղի Ս. Աստվածածին (XIX դ.) և այլ եկեղեցիներ, Արշալույսի Ս. Կարապետ, Արմավիրի Ս. Դավիթ, Արևշատի Թուխ Մանուկ, Բաղրամյանի Ս. Սարգիս մատուռները:

Թեմի գործող եկեղեցիներն են՝ Էջմիածնի Ս. Աստվածածինը, Բամբակաշատի Ս. Աստվածածինը, Գայի Ս. Նշանը, Փարաքարի Ս. Հարությունը, Արշալույսի Ս. Աստվածածինը, Տանձուտի Ս. Սահակը, Արտամետի Ս. Աստվածածինը, Մրգաստանի Ս. Հովհաննեսը, Դողսի Ս. Ստեփանոսը: Թեմի տարածքում՝ Էջմիածնում, Արմավիրում, Ակնալճում գործում են մի քանի կիրակնօրյա դպրոցներ:

Կարեն Մաթևոսյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Մաթևոսյան Կ., Հայաստանի թեմերը (պատմություն և արդիականություն), «Էջմիածին», 1998, դ 2–3:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am