ԱՐՔԱՅԱԿԱՂՆԻ ՎԱՆՔ, Արքա կաղին վանք, Կիլիկիայի Հայկական պետության եպիսկոպոսանիստ (Մամեստիայի արքեպիսկոպոսների) վանքերից: Գտնվել է Մսիսից (Մամեստիա) հարավ-արևելք, կաղնիների, սոսիների, ձիթենիների անտառի մեջ: Անունը ստացել է կաղնիներով շրջապատված լինելու համար:

Կոչվել է նաև Խճկտոր (այսինքն՝ Հաճկատար, Հաճոյակատար (Տիրամորը տրվող մակդիր), որից ենթադրվում է, թե գլխավոր եկեղեցին նվիրված էր Աստվածածնին): Կառուցման ժամանակն անհայտ է: Հիշատակվել է XII դ. կեսից:

Արքայակաղնի վանքի մասին հիշատակություններ ունեն Վարդան Արևելցին (XIII դ.), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), Սմբատ Գունդստաբլը (XIII դ.), Հովհաննես Երզնկացին (XIII դ.) և ուրիշներ: Ունեցել է հազվագյուտ և ճոխ ձեռագրերով մատենադարան, դպրանոց, գրչատուն:

Հայկական երաժշտության և գրչության հայտնի կենտրոն էր, որի մասին իր ճառում գովասանքով է արտահայտվել Հովհաննես Երզնկացին:

Արքայակաղնի վանքում հորինվել են եկեղեցական բազմաթիվ մեղեդիներ՝ «մանրուսում» և «կցուրդք»: Այստեղ է սովորել Վարդան Այգեկցին: Վանքը 1206–08-ին եղել է հակաթոռ կաթողիկոս Դավիթ Թավիոս Արքայակաղնեցու (Մամեստիայի արքեպիսկոպոսը՝ 1175–1206) նստավայրը: Արքայակաղնի վանքում են ամփոփվել Լևոն Բ Մեծագործի հայր Ստեփանեն (1167), Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը և ուրիշներ: Վանքը կործանվել է 1269-ի երկրաշարժից, 1284-ին՝ մասնակի նորոգվել: Պահպանվել են ավերակները:

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:

Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956:

Ալիշ ան Ղ., Սիսուան, Վնտ., 1885:

Ոսկյան Հ., Կիլիկիայի վանքերը, Վնն., 1957:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am