«ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱՐԱՐԱՏՅԱՆ», հասարակական-քաղաքական, բանասիրական թերթ (կիսամսյա, շաբաթական, եռօրյա): Լույս է տեսել 1840–84-ին, Զմյուռնիայում (ընդհատվել է 1882-ի հունիսից 1883-ի հունիսը): Խմբագիրներ՝ Ղ. Պալդազարյան, Հ. Սավալանյան, Նշան Միրզա, Ս. Պալապանյան, ապա՝ Հ. Սվաճյան: Ունենալով պահպանողական ուղղություն՝ թերթը ազգային իրականության մեջ առաջատար տեղ է հատկացրել Հայ առաքելական եկեղեցուն, հիմնավորել նրա դերը կրթության, լուսավորության և ազգային կյանքի բոլոր ասպարեզներում: Ազգային միասնությունը առնչել է Հայ եկեղեցու միասնությանն ու կայունությանը, պաշտպանել Մայր աթոռ Ս. Էջմիածնի գերադաս դիրքը Հայ եկեղեցու նվիրապետության մեջ, հետևողականորեն ջատագովել նրա իրավունքները օսմ. Թուրքիայում, նույնիսկ՝ Կ. Պոլսի պատրիարքության նկատմամբ կաթողիկոսի վաղեմի իրավասություններն այս կամ այն չափով վերականգնելու գնով: «Արշալույս Արարատյան» անբարյացակամ է վերաբերվել 1860-ի Ազգային սահմանադրությանը, որը ներքին վարչական, եկեղեցական ու կրթական կյանքն ամբողջովին հանձնել է Կ. Պոլսի հայոց պատրիարքին ու Ազգային երեսփոխանական ժողովին՝ զուտ բարոյական դարձնելով Էջմիածնի կրոնական իրավասությունները օսմանյան Թուրքիայում: Թերթն ընդգծել է ազգային միասնական հոգևոր կենտրոնի կարևորությունը նաև հայ գաղթավայրերի ինքնապահպանման գործում, ձգտել է կասեցնել դավանափոխությունն արևմտահայության մեջ, ջատագովել դավանական հանդուրժողության սկզբունքները, հայ հարանվանությունների համագործակցությունը լուսավորության և մշակույթի բնագավառներում: Մխիթարյանների հանդեպ ցուցաբերել է լայնախոհ վերաբերմունք, ակնածանքով մոտեցել նրանց գիտական ու մշակութային գործունեությանը և միայն եզակի դեպքերում (1840–50-ական թթ.) հակադրվել նրանց՝ դավանական խնդիրների առիթով:
«Արշալույս Արարատյան»-ը հրապարակել է Հայ եկեղեցուն, կաթողիկոսներին, կրոնական այլ նշանավոր գործիչներին նվիրված բազմաթիվ հոդվածներ, ճանաչողական և պատմագիտական ուսումնասիրություններ, Հայ եկեղեցուն ձոնված գեղ. երկեր:
Ալբերտ Խառատյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am