ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում (այժմ՝ Իրանի Մակու քաղաքից 20 կմ հարավ-արևելք):
Ըստ ավանդության՝ հիմնադրել է Թադեոս առաքյալը, 66-ին: X դ. սկզբին Արտազի Ս. Թադե վանքն առաջին անգամ հիշատակել է պատմիչ Թովմա Արծրունին, ապա՝ XI դ. պատմիչ Սամուել Անեցին: 1231-ին վանքն ավերել են մոնղոլները, 1247-ին Արտազի Ս. Թադե վանքի գավիթը նորոգել է Հովսեփ վարդապետը: Կիլիկիայի Հայոց Լևոն Գ թագավորը մոնղոլ Արղուն խանի հետ բանակցելու մեկնելիս այցելել է Արտազի Ս. Թադե վանք: 1319-ին երկրաշարժից ավերվել է վանքի համալիրը, և 75 միաբան զոհվել է:
1319–29-ին Արտազի Ս. Թադե վանքի վանահայր Զաքարիա եպիսկոպոսը վերակառուցել է վանքի եկեղեցին՝ գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Գմբեթի 12-նիստանի թմբուկը շարված է սև և դեղին սրբատաշ քարերի համադրումով, բազմագունություն է օգտագործված նաև լուսամուտների զարդաքանդակ շրջանակներում:
1340-ին Մեսրոպ վարդապետը (կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցի) Արտազի Ս. Թադե վանքնում ճեմարան է բացել: XIV–XVI դդ. Արտազի Ս. Թադե վանքը բարգավաճել է, ունեցել գրչատուն: 1650-ին վանահայր Մկրտիչ եպիսկոպոսը նորոգել է վանքի եկեղեցին, Ս. Սանդուխտի մատուռը և կառուցել ժամատուն:
1684-ին վանահայր Իսահակ Մաքվեցին կառուցել է վանքի պարիսպները: 1696-ին երկրաշարժից ավերվել են Արտազի Ս. Թադե վանքի բնակելի ու տնտեսական շինությունները և պարիսպները: 1810-ին վանահայր Սիմեոն Բզնունին պարսից փոխարքա Աբբաս Միրզայի թույլտվությամբ քանդել է տվել վանքի Ս. Թադե եկեղեցու արևմտյան ճակատը և նրան կցել քառամույթ գմբեթավոր՝ Էջմիածնի Մայր տաճարի հորինվածքով (առանց Ավագ խորանի, որին փոխարինում է հին եկեղեցին իր խորանով), սպիտակավուն սրբատաշ քարով կառույց և զանգակատուն (անավարտ է): Ճակատները հարդարված են զարդագոտիներով ու պատկերաքանդակներով. որմնասյուների միջև քանդակված են սրբապատկերներ, հայ նշանավոր հոգևորականներ, կենաց ծառեր, խաչեր, իսկ զարդագոտիներն ունեն ոճավորված բուսական քանդակներ, աշխարհիկ կյանքի տեսարաններով պատկերաքանդակներ: Ս. Թադե եկեղեցու կցակառույցի հարդարանքում ակնհայտ է Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու (X դ.) քանդակների ու Սեֆյան Իրանի արվեստի ազդեցությունը: 1855-ին Արտազի Ս. Թադե վանքի և Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքի առաջնորդարանները, միատեղվելով, հիմնել են Ատրպատականի թեմը՝ Թավրիզ կենտրոնով:
1903–08-ին Արտազի Ս. Թադե վանքը եղել է հայ ազատագրական շարժման՝ Վասպուրական փոխադրվող զինյալ ջոկատների հենակետ: 1918-ի հուլիսի 2-ին օսմանյան բանակը ներխուժել է Արտազի Ս. Թադե վանք, կոտորել այնտեղ ապաստանածներին, կողոպտել վանքը և հափշտակել Թադեոս առաքյալի Աջը:
1946-ին վանքի շրջակա հայկական գյուղերի բնակչությունը ներգաղթել է Հայաստան, և Արտազի Ս. Թադե վանքը դադարել է գործել: 1954-ից Ատրպատականի առաջնորդարանը կազմակերպում է ամենամյա ուխտագնացություն դեպի Արտազի Ս. Թադե վանք: 1969-ից վանքը վերանորոգվում է. աշխատանքներն իրականացնում են Իրանի «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը և իրանահայ համայնքը՝ Փարիզի «Երկիր և մշակույթ» կազմակերպության մասնակցությամբ:
Արմեն Հախնազարյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 2, Վնն., 1942:
Աճեմյան Հ., Ս. Թադեի վանքը, մաս 1, 2, Թեհրան, 1959–60:
Haghnazarian A., Das armenische Thaddaus Kloster in der Provinz Westazerbaidjan in Iran, Aachen, 1973.
Thierry J. M., Monuments armռniens du Vaspurakan, P.,1989.
Kleiss W., Seihoun H., S. Thadei vank, Milano, 1971 (Documenti di architettura armena, 4).
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am