ԱՐԾԿԵԻ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, Երաշխավոր վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Խորխոռունիք գավառում, Արծկե քաղաքի մոտ, Սիփան լեռան լանջին: Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի: Ըստ ավանդության՝ այստեղ պահվել է մանուկ Քրիստոսին լողացնելու բրոնզե տաշտի մի մասը, որն ունեցել է վարակիչ հիվանդություններ բուժելու հատկություն:
Վանքում պահվել է նաև Պատերազմաց սուրբ Նշանը (ենթադրաբար՝ բյուզանդական Վասիլ II կայսրի սուրբ Խաչը): VIII դ. 2-րդ քառորդում Արծկեի Սքանչելագործ Ս. Նշան վանքում է հաստատվել Վահան Գողթնացին, որի վարքը 736-ին գրի է առել վանքի վանահայր Արտավազդ վարդապետը: XIII դարից մինչև XVIII դ. սկիզբը վանքում ծաղկել է գրչության արվեստը: Արծկեի Սքանչելագործ Ս. Նշան վանքի գրչության կենտրոնից մեզ են հասել XIII–XVII դդ. ընդօրինակված մեկ տասնյակից ավելի Ավետարաններ, 1428-ին ընդօրինակված մեկ Ճառընտիր (գրիչ՝ Աբրահամ), 1475, 1480-ի մեկական Հայսմավուրք և 1502-ի մեկ Ճառընտիր:
XIV դ. Արծկեի եպիսկոպոս Հակոբ Նետրարենցը վանքին երկու տաղ է ձոնել: 1442-ին կառուցվել է Արծկեի Սքանչելագործ Ս. Նշան վանքի եկեղեցին, որն ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի՝ մույթերի փոխարեն երկու գլանաձև սյուներով գմբեթավոր հորինվածք՝ արևմուտքից կից, եկեղեցու հետ միաժամանակ կառուցված թաղածածկ գավթով: XVII դ. վանքը նորոգվել է, XVIII–XIX դդ. ունեցել է գյուղեր, ագարակներ, դաշտեր, արտեր: 1895-ին շրջակայքի քրդերը կողոպտել են և հրկիզել վանքը, որի ավերված բնակելի ու տնտեսական շենքերը XX դ. սկզբին վերակառուցել է վանահայր Եղիշե վարդապետը:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:
Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 2, Վնն., 1942:
Де Маффеи Ф., Древняя основа архитектуры церкви в монастыре Сканчелагорц, Е., 1978.
Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988.
Thierry J. M., Monuments armeniens du Vaspurakan, P., 1989.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am