Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արծվի Վասպուրական

«ԱՐԾՎԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ», աստվածաբանական-քաղաքական-մշակութային պարբերական: Հրատարակվել է 1855–56-ին, Կ. Պոլսում, 1858–64-ին՝ Վանի Ս. Վարագավանքում: Խմբագիր՝ Մ. Խրիմյան (Մկրտիչ Ա Վանեցի):

Կ. Պոլսում լույս է ընծայվել պարբերականի 12 համար: Հոդվածներն ունեն բնութագրական անվանակարգումներ՝ բանախոսական, բարոյական, հայրենասիրական և այլն: Հրատարակության 2-րդ շրջանում նյութերը դասակարգվել են ըստ բաժինների. ա. Հանդես աստվածապաշտության եկեղեցաշեն հարցն, բ. Հանդիսարան հայրենաշեն առաքինյացն հայոց, գ. Տեսարանք հայրենի աշխարհաց և այլն: Ամենաուշագրավ՝ առաջին բաժնում հրապարակված հոդվածներում քննարկվել են քրիստոնեական կրոնի դոգմաները, գնահատվել է Հայ եկեղեցու դերն ազգային կյանքում, արժեքավորվել Հայ եկեղեցու հիմնադիրների, սուրբ կրոնավորների (Թադեոս առաքյալ, Գրիգոր Ա Լուսավորիչ, Սահակ Ա Պարթև, Ներսես Ա Մեծ և այլք) գործունեությունը: ՄեսրոպՄաշտոցը դիտարկվել է իբրև գիտնական և հոգևոր հայր, որն ստեղծել է հայության գոյապահպանման առաջին զենքը, Գյուտ Ա Արահեզացին ու Հովհաննես Ա Մանդակունին գնահատվել են իբրև Հայ եկեղեցու ծեսերը կանոնակարգող գործիչներ: Իբրև եկեղեցաշեն հայրեր են ներկայացվել վաղ և ուշ միջնադարյան գիտական մտքի կարկառուն դեմքերը (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, ԹեոդորոսՔռթենավոր): Հոդվածների մեծ մասի հեղինակը Մ. Խրիմյանն է:

Ավելի ուշ «Արծվի Վասպուրական»-ում լույս են տեսել Հայ եկեղեցու՝ XIX դ. նշանավոր գործիչներին (Ներսես Ե Աշտարակեցի և ուրիշներ) նվիրված հոդվածներ, նկարագրվել է արևմտահայության վատթար վիճակը՝ քուրդ և թուրք աղաների ու պետական հարկահավաքների կեղեքչության պայմաններում: Զեյթունի 1862-ի ապստամբության պարտությունից հետո պարբերականը արևմտահայությանը կոչ է արել չհուսահատվել և շարունակել ազգ-ազատագրական պայքարը:

«Արծվի Վասպուրական»-ն Արևմտյան Հայաստանի տարածքում հայերեն առաջին պարբերականն էր և մեծ դեր է խաղացել գավառահայության ազգային ինքնագիտակցությունը արթնացնելու, հայկական եկեղեցիների և վանքերի տեղագրությունն ու ճարտարագիտական նկարագրությունը սերունդներին փոխանցելու առումով:

Էմմա Կոստանդյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կոստանդյան Է., Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը, Ե., 2000:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am