Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աստապատի Ս. Ստեփանոս Նախավկա վանք

 Աստապատի Ս. Ստեփանոս Նախավկա վանք, Խնդրակատար Ս. Ստեփանոս, Քարատակի Կարմիր վանք, Նախիջևան քաղաքից հարավ, Արաքս գետի ձախ ափին, ապառաժոտ բլրի գագաթին: Առաջին անգամ հիշատակվում է 976-ին՝ Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի կոնդակում, նույն թվականին խաչքար է ագուցվել եկեղեցու դռան աջակողմում: Անընդմեջ գործել է մինչև ուշ միջնադար. այդ են վկայում վանքի պատերին դրված XIII–XV դդ. խաչքարերը: Ավերվել է Պարսից շահ Աբբասի ասպատակությունից:

Հիմնովին վերակառուցվել է XVII դ. սկզբին՝ Պողոս Մոկացի վարդապետի և նույն դարի երրորդ քառորդին՝ Աստապատի վանքի Հակոբ վարդապետի ջանքերով: 1697–1706-ին վանքի առաջնորդ Հովսեփ վարդապետը նորոգել է պարիսպը և կառուցել արևմտյան Կողմի շինությունները: XIX դ. սկզբին Պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան քանդել է արևելյան պարիսպը լրիվ և հարավայինը՝ մինչև դարպասը՝ քարերն օգտագործելով իր կառուցած Աբասապատ ամրոցի խանդակը շինելու համար: 1831-ին Նիկողայոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցու հիմնապատերը, սակայն 1840-ի երկրաշարժից քանդվել են գավթի զանգակատունը, ձիթհանն ու ջրաղացը, խարխլվել են պարիսպն ու բնակելի սենյակները: Վերստին նորոգել է Հովակիմ եպիսկոպոսը 1870-ական թթ.: Վանքի մոտավորապես ուղղանկյուն պարիսպներով շրջափակված բակում բարձրանում են մեկ զույգ մույթով գմբեթավոր Ս. Ստեփանոս եկեղեցին և նրան արմ-ից կից գավիթը (աղյուսաշեն գմբեթը և եկեղեցու ծածկը քանդվել են 1970-ական թթ.):

Եկեղեցին 1859–60-ին զարդարվել է բարձր արվեստ որմնանկարներով, որոնք համապատասխան մակագրություններով պատկերում են Սեղբեստրոս հայրապետին՝ գայիսոնը ձեռքին, բյուզանդական Թեոդոս կայսրին, Ներսես Ա Մեծին, Աբգար թագավորին, Սահակ Ա Պարթևին, Տրդատ Գ արքային, Գրիգոր Ա Լուսավորչին և բյուզանդական Կոստանդին կայսրին: Գմբեթակիր կամարների անկյուններում նկարված են չորս ավետարանիչների խորհրդանիշները: Սլաքաձև որմնանկարներով մշակված աղյուսաշեն արտաքին պատերի միակ հարդարանքը հարավային ճակատի՝ Քրիստոսի մկրտությունը պատկերող բարձրաքանդակն է: Վանքում պահվել են Ստեփանոս Նախավկայի և Արիստակես Ա Պարթևի արծաթե Աջերը:

 

Մուրադ Հասրաթյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990:

Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893:

Լալայան Ե., Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թ., 1902:

Հասրաթյան Մ., Աստապատի վանքի ճարտարապետական համալիրը, ՊԲՀ, դ 1, 1975:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am