Աստված, սուրբ և բարձրագույն անուն՝ տրված երևելի և աներևույթ աշխարհների ու արարածների հավիտենական Արարչին: Անունը փոխառված է փռյուգերենից և պատճենումն է թրակո-փռյուգական աստվածություն Σαβαvζιος-ի: Ըստ Հովհաննես առաքյալի՝ «Աստված սեր է» (Ա Հովհ. 4.8): Բառը իր ամենից ընդարձակ և հին իմաստով նշանակում է գերագույն էակ կամ էակներ, որոնք տիեզերքին իշխող անտեսանելի և վերբնութենական զորություններ են: Քրիստոնեական հավատի ըմբռնումով «Աստված» բառի իմաստը բոլորովին տարբեր է: Հայ իրականության մեջ այն ստուգաբանվել է «աստ էած զմեզ» (Խոսրով Անձևացի, Ներսես Լամբրոնացի, Հովհաննես Վանական), այսինքն՝ այստեղ բերող կամ հաստատող իմաստով, ինչն ընդգծում է նրա Արարիչ լինելը: Աստծո մասին հավատը չի ծնվել մարդու՝ իրեն շրջապատող խորհըրդավոր և անանձնական ուժերի հանդեպ վախից: Այն հիմնված է Աստվածաշնչի վրա, ուր Աստված ներկա է որպես բացարձակ իրողություն. իբրև այդպիսին նա անդրանցական (Աստվածն ինքն իր համար) և անձնական (Աստված մարդու համար) է: Անդրանցականությունը ցույց է տալիս Աստծո լիակատար անմատչելիությունը, տիեզերականությունը, սեռական պատկանելության բացակայությունը ևն, իսկ անձնականությունը՝ մարդու հետ նրա կենդանի հարաբերությունը: Երբ Աստվածաշունչը խոսում է Աստծո մասին, նա խոսում է կենդանի Աստծո մասին, որի հետ կարող է խոսել մարդը և որը հիմնավորապես տարբեր է անկենդան չաստվածներից, որոնք չեն կարող լինել Բան (Խոսք) և ասել. «Ես»:
Կենդանի Աստծո և մարդու հաղորդակցությունից զարգանում է յուրահատուկ հարաբերություն՝ կենդանի Աստծո և հավատացյալի միջև, հարաբերություն, որ անհատական բնույթ ունի՝ անձնական բարեկամության և մտերմության իր արտահայտությամբ: Այդ հարաբերությունն իր ներքին ուժը ստանում է Աստծո բարյացակամ նախաձեռնությունից: Հին կտակարանում Աստված ինքն իրեն կոչել է Յահվե, որը նշանակում է «Ես եմ, որ Էն»:
Եբրայերեն անվանվում է նաև Էլոհիմ (Ելոհիմ), որ հոգնակի է և, ըստ ոմանց, այդպես է գործածվել՝ Աստվածության մեջ Երրորդությունը մատնանշելու համար: Նա Արարիչն է երկնի և երկրի, ստեղծիչը մարդու և «երկնի և երկրի Տերը»: Ըստ Ծննդոց գրքի՝ Աստված կատարեց իր արարչագործությունը վեց հանգըրվաններով, որոնցից առաջինը՝ լույսի արարչությունն է: Հաջորդ հանգրվաններում Աստված ստեղծեց տիեզերքը, կյանքը և մարդուն (Ծննդ. 1): Նա մարդուն ստեղծեց իր նմանությամբ և ըստ իր պատկերի՝ նրան տալով բանականություն և ազատ կամք, որով և՝ իր արարքների պատասխանատվությունը:
Միակ Աստծո պաշտամունքը հայտնվել է հրեա ժողովրդի մեջ: Հին կտակարանում Աստված խոսում է իր ստեղծած առաջին մարդու՝ Ադամի հետ և նրան տալիս առաջին պատվիրանը: Մարդը մեղանչում է: Աստված ընտրում է իր սեփական ժողովրդին, որպեսզի վերականգնի անկյալ մարդուն: Աստված խոսում է իր ժողովրդի հետ նահապետների և մարգարեների միջոցով: Նա ուխտ է կնքում իր ընտրյալ ժողովրդի հետ, որով խոստանում է լինել այդ ժողովրդի Աստված: Հրեա ժողովուրդը հավատում է իր Աստծո զորությանը և կոչում է այն «Տէր զորութեանց», հավատում է նրա կենսունակությանը և կոչում այն «Աստված կենդանի», հավատում է նաև նրա սրբությանը և կոչում այն «Սուրբ, Իսրայելի Սուրբը»՝ երիցս անգամ: Իր փրկարար զորությամբ Աստված միջամտում է ընտրյալ ժողովրդի պատմությանը և դառնում նրա փրկարարը՝ նրան ազատելով Եգիպտոսի գերությունից և վերադարձնելով իր Ավետյաց երկիրը, որպեսզի ապրի աստվածային պատվիրանների համաձայն և իր հավատարմությամբ սրբվի: Նա խոստանում է ուղարկել Մեսիային, որը կփրկի ընտրյալ ժողովրդին իր մեղքերից և կարժանացնի հավիտենական կյանքի:
Նոր կտակարանը աստվածային փրկարար խոստումի իրականացման պատմությունն է, որը սկսվում է Բեթղեհեմում Հիսուսի հրաշափառ ծննդով: Նա կոչվում է «Օծյալ Տեր»: Հիսուսի մասին եղած մարգարեությունը կոչում է նրան «Որդի Բարձրյալի»: Նրա մկրտության պահին Աստված խոսում է և կոչում նրան «սիրելի Որդի», և Աստծո Հոգին աղավնակերպ իջնում է երկնքից: Միակ Աստվածհայտնվում է իր երեք անձերով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի:
Հին ուխտի մեջ Աստված միայն իր ժողովրդի Հայրն է: Նոր ուխտի մեջ նա Հայրն է բոլոր նրանց, ովքեր դավանում են Քրիստոսին՝ «Որդի կենդանի Աստծո»: «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ...» (Հովհ. 1.12): Աստված շնորհում է իր Հոգին նրանց, ովքեր կատարում են իր կամքը:
Նոր ուխտի օրենքը սերն է. «Սիրել Աստծուն ամբողջ սրտով և սիրել ընկերոջդ քո անձի պես», որովհետև «Նախ Աստուած սիրեց մեզ»: Սիրով Աստծուն կապված հավատացյալի սիրտը «տաճար է Սուրբ Հոգու»: Հունարեն գրված Ավետարանների մեջ Աստված կոչված է «Տեր» կամ «Տեր Աստված», Քրիստոս կոչված է «Բանն Աստված», և Սուրբ Հոգին՝ «Տիրոջ Հոգի»:
Հայ եկեղեցու Լուսավորիչը՝ Ս. Գրիգորը, ամփոփել է Սուրբ Երրորդության հավատն իր նշանավոր վկայությամբ. «Իսկ մենք պիտի փառավորենք նրան, որ հավիտյանից առաջ է, երկրպագելով Սուրբ Երրորդությանը և մեկ Աստվածությանը, Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն»:
Տե՛ս նաև Հիսուս Քրիստոս:
Շահե արքեպիսկոպոս Աճեմյան
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am