Աստվածաբանական-դավանաբանական գրականություն, եկեղեցական գրականության տեսակ. ամփոփում է եկեղեցու տեսական, վարդապետական սկզբունքները պարունակող երկերը, որոնց նպատակն է ուժեղացնել եկեղեցու գաղափարական դիրքերը, արթուն պահել հոգևոր, ազգային ինքնագիտակցությունը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) հետո հեթանոսության դեմ մղվող պայքարի գաղափարական զենք է դարձել ջատագովական գրականությունը (տե՛ս Ջատագովություն), որն ընդգրկել է նաև քրիստոնեության առաջին դարերում ծագած աղանդավորական գաղափարների քննադատությունը:
Այդպիսի երկերից են «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթևի, դարձեալ հարցումն եւ պատասխանիք նորա», «Երանելւոյն Մեսրոպայ հայոց վարդապետի [Խաւսք ընդդէմ հմայից]», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը, իսկ ավելի ուշ (XIII դ.)՝ նաև «Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց» աշխատությունը: Հայ աստվածաբանական-դավանաբանական գրականության վաղ նմուշներից են Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք»-ը և Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ի երկրորդ՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» գիրքը: Հեթանոսության դեմ պայքարին նպաստել են նաև թարգմանական երկերը: Այդպիսիներից են Արիստիդես Աթենացու «Ջատագովութիւնը» (հրտ. 1878), հույն և ասորի եկեղեցական հայրերի երկերի հայերեն թարգմանությունները:
Վաղ շրջանի աստվածաբանական-դավանաբանական գրականության մեջ առկա քննադատական տարրի զարգացմամբ հանդես է եկել դավանաբան-հակաճառական ժանրը: Քաղկեդոնի ժողովին հաջորդած շրջանում, հատկապես Դվինի 506-ի ժողովից հետո (տե՛ս Դվինի եկեղեցական ժողովներ) ստեղծված եկեղեցաքաղաքական իրավիճակում, երբ Բյուզանդիան և Հռոմն ամեն կերպ փորձում էին իրենց ենթարկել անկախությունը կորցրած Հայաստանի պետական լծակներն իր ձեռքում պահող Հայ եկեղեցին, սկիզբ են առել դավանական բուռն վեճեր քաղկեդոնականների կամ երկաբնակների հետ՝ ի պաշտպանություն հակաքաղկեդոնական վարդապետության: Հայ եկեղեցին իր հստակ դիրքորոշումն է ունեցել Քաղկեդոնի ժողովին հաջորդած քրիստոսաբանական վեճերի, Քրիստոսի բնության, կամքի, ներգործության, Տիրոջ մարմնի ապականացու թե անապական (տե՛ս Անապականություն) լինելու վերաբերյալ հակոտնյա տեսությունների, պատկերապաշտության թե պատկերամարտության, միութենական թե հակամիութենական գաղափարների հանդեպ: Այդ ընթացքում որոշվել և ճշտվել են հայադավան ուղղափառության սահմանները: Դավանաբանական ասպարեզում Հույն և Հռոմի եկեղեցիների դեմ Հայ եկեղեցու դարեր շարունակ մղած պայքարի արգասիքն են բազմաքանակ ինքնուրույն և թարգմանական աստվածաբան-դավանաբանական երկերը: Դավանական պայքարի զուտ տեսական հարցերին զուգորդվել են գործնական բնույթի հարցերը (ծիսապաշտամունքային, եկեղեցական իրավունքի ևն), որոնք բխել են թե՛ ընդհանրապես եկեղեցական կարգերի և թե՛ ազգային-եկեղեցական առանձնահատկությունների պահպանման մտահոգությունից: Աստվածաբանական և դավանաբանական երկերը նաև առատ նյութ են տալիս միջնադարյան Հայաստանի ներքին կյանքի, ինչպես նաև հարևան և հեռավոր երկրների հետ նրա ունեցած փոխհարաբերությունների ուսումնասիրության համար:
Սկսած V դ. վերջից, պայմանավորված Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքների պաշտպանության հրամայականով, գրվել և շրջանառության մեջ են դրվել դավանաբան-հակաճառական աշխատություններ, որտեղ քննարկվել են գերազանցապես քրիստոսաբանական խնդիրներ: Աստվածաբանական-դավանաբանական գրականության հակաճառական ժանրին պատկանող վաղագույն նմուշներից են Հովհաննես Ա Մանդակունու անվամբ հայտնի «Ապացոյց յերկուց բնութեանց ասել զփրկիչն եւ կամ մի բնութիւն», Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» (թրգմ. 480–484-ին) գրվածքները: Վերջինիս բովանդակության և կառուցվածքի հետևողությամբ է կազմվել «Կնիք հավատո» ժողովածուն:
Դավանաբանական կարևոր ժողովածու է «Գիրք թղթոցը», որտեղ Հայ եկեղեցու հայրերի աստվածաբան-դավանաբանական բնույթի նամակներում արտահայտված են ազգային եկեղեցու դավանաբանական սկզբունքներն ընդդեմ նեստորականության և քաղկեդոնականության, արծարծված են հայ-լատին միութենական շարժմանը վերաբերող խնդիրներ՝ ընդդեմ պապականության, Քրիստոսի երկու բնությունների, ներգործությունների ու կամքի, Սուրբ Հոգու՝ Հորից և Որդուց բխելու (Filioque), քավարանի մասին արևմտյան տեսությունների ևն: VII–IX դդ. քրիստոսաբանական լուրջ վեճերի տեղիք է տվել Քրիստոսին պատկերելու կարելիության և անկարելիության խնդիրը:
Այդ առիթով ստեղծվել է հարուստ գրականություն: Վրթանես Քերթողն իր «Ընդդէմ պատկ երամարտաց» աշխատության մեջ, արձագանքելով այդ վեճերին և արտահայտելով Հայ եկեղեցու դիրքորոշումը (հակառակ պատկերամարտների, որոնք բացարձակեցնելով Քրիստոսի աստվածային բնությունը, անկարելի էին համարում նրա անտեսանելի բնության պատկերագրումը), հաստատել և հիմնավորել է Քրիստոսին պատկերելու կարելիությունն ու անհրաժեշտությունը, նրա՝ որպես Աստծո Բանի մարմնավորման, մարդացման հայտնութենական իրողությամբ:
Հայ-բյուզանդական, հայ-ասորական դավանաբանական երկխոսության շրջանում են գրվել Ստեփանոս Սյունեցու «Վասն անապականութեան մարմնոյն, որք ասեն թէ՝ որ աճէ եւ նուազէ, ապականացու է», Հովհաննես Գ Օձնեցու «Ճառ ընդդէմ երեւութ ականաց», «Ճառ ընդդէմ պաւղիկեանց» երկերը: Հայ աստվածաբան-դավանաբանական մտածողության մի նոր մակարդակ է հայտանշում Խոսրովիկ Թարգմանչի մատենագրությունը: Հինգ գլուխներից բաղկացած իր աշխատության մեջ («Առ այնոսիկ, որ ասեն բնութեամբ անձեւ, անսկիզբն ընկալեալ մարդկութիւն Աստուած Բան ի Կուսէն») հեղինակն աստվածաբանական մանրակրկիտ քննության է ենթարկել քաղկեդոնականների, հուլիանոսականների, սևերիոսյանների ու երևութականների (տե՛ս Երևութականություն) քրիստոսաբանությունը, ինքնահատուկ փաստարկներով ժխտել նրանց տեսակետները:
Հայ եկեղեցու վարդապետական աստվածաբանության կարևոր աղբյուր է «Կանոնագիրք Հայոցը», որտեղ համատեղված են եկեղեցում որպես հավատի հեղինակություն ճանաչված տիեզերական ժողովների, տեղական ու ազգ-եկեղեցական ժողովների (տե՛ս Եկեղեցական ժողովներ), ինչպես նաև Հայ և Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերի սահմանած կանոնները: Դրանցից շատերն ունեն ոչ միայն ծիսական, եկեղեցաբանական, կենցաղային և բարոյական արժեք, այլև՝ աստվածաբանական ու դավանաբանական հեղինակություն:
XI դ. կեսին Հայաստանում քաղկեդոնական եպիսկոպոսությունների և համայնքների սպառնական չափերի հասնող տարածումը դրանց հակահարված տալու անհրաժեշտություն է առաջացրել: Օրվա պահանջով ստեղծվել և լայն կիրառություն են գտել հայ դավանաբանական աստվածաբանության հաղպատ-սանահինյան դպրոցի երևելի ներկայացուցիչներ Անանիա Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի աշխատությունները: Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» երկասիրությունում շոշափվել են ոչ միայն քրիստոսաբանական, այլև ծիսական («Սակս անխտիր հաղորդելոյ», «Վասն մեռոնին», «Վասն բաղարջին», «Պատճառ երից սրբասացութեան»), եկեղեցավարչական («Վասն չորից աթոռոցն», «Վասն բաժանման վրաց»), տոմարական («Վասն տաւնի Ծննդեան Քրիստոսի») և այլ հարցեր: Նույնքան արժեքավոր են Հովհաննես Սարկավագի աշխատությունները («Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն», «Յաղագս Որդւոյ», «Յաղագս Հոգւոյ Սրբոյ», «Յաղագս բնութեան Բանի եւ միաւորութեան», «Յաղագս կամացն», «Յաղագս ներգործութեան» ևն): Նրանց գրվածքներում քննարկվել են նաև պատկերի աստվածաբանության (տերունական և սրբոց պատկերների հանդեպ վերաբերմունքի տարբերակում) հետ կապված հարցեր:
Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքների պաշտպանությանն է նվիրված Պողոս Տարոնեցու «Ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» երկը, որն ըստ էության պատասխանն է հունադավան Թեոփիստե իմաստասերի հակաճառական մի գրության: Աշխատության առաջին մասում Պողոս Տարոնեցին քննարկել է երրորդաբանական, քրիստոսաբանական խնդիրներ և, որպեսզի դավանաբանական պատկերը պարզ լինի, մանրամասն ներկայացրել է Քաղկեդոնի ժողովի ընդունած որոշումները, վերլուծել դրանք, ցույց տվել այդ ժողովի հետևանքով տեղի ունեցած քրիստոնեական եկեղեցու տրոհումը: Երկրորդ մասում հեղինակն անդրադարձել է ծիսական, տոմարական խնդիրների, արժեքավոր տեղեկություններ հաղորդել մանիքեցիների (տե՛ս Մանիքեություն), թոնդրակեցիների, ծաթերի մասին:
Դավանաբանական մտքի զարգացման նոր շրջափուլ է ներկայացնում կիլիկյան հայրերի աստվածաբանական մատենագրությունը: Առավել նշանակալից է Ներսես Շնորհալու դավանաբանական ժառանգությունը: Պատասխանելով բյուզանդական արքունիքի քաղաքական նպատակներ հետապնդող միութենական նկրտումներին՝ Ներսես Շնորհալին գրել է մի շարք դավանաբանական աշխատություններ (մեծարժեք են հատկապես «Գիր հաւատոյ խոստովանութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» դավանագիրը, «Սահմանք հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ», «Յաղագս աւանդութեան եկեղեցւոյ» թղթերը), որտեղ հետևողականորեն պաշտպանել է Հայ եկեղեցու ուղղադավան սկզբունքները: Այս երկերի դավանաբանական կարևորությունն այնքան մեծ է եղել, որ դրանք վկայակոչվել են հետագայի աստվածաբանական-դավանաբանական գրականության մեջ:
Հայ աստվածաբանական-դավանաբանական գրականության կարևորագույն գործերից է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ» աշխատությունը: 16 գլխից բաղկացած այս երկում հեղինակը խոսում է «եռանձնեայ Աստուածութեան եւ մի բնութեան» մասին, եկեղեցու հայրերի տարբեր գործերից քաղված բազմաթիվ վկայություններով հաստատում Տիրոջ մարմնի անապական, անախտ լինելը, Ծննդյան և Մկրտության տոնը նույն օրը՝ հունվարի 6-ին կատարելու, սուրբ Պատարագը անխմոր և անջուր, անաղ և անձեթ մատուցելու, «Խաչեցարը» բացառապես Աստծո Որդուն ուղղելու անհրաժեշտությունը: Երկն աչքի է ընկնում ողջմիտ հանդուրժողությամբ, զուսպ, հավասարակշռված շարադրանքով: Հեղինակն իր առջև խնդիր չի դրել պախարակել մյուս եկեղեցիների դավանանքն ու ծիսակարգը, այլ՝ միայն ցույց տալ, որ Հայ եկեղեցու դավանանքն ու ծեսը հիմնված են վաղնջական եկեղեցու նվիրագործած դավանաբանական հիմնադրույթների, ծիսակարգի և սովորույթների վրա: Դավանաբանական հանդուրժողության ոգով է շարադրված նաև Մխիթար Գոշի «Թուղթ առ վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ» երկը, որը վրացի մատենագիր Արսեն Վաչեսձեի «Դոգմատիկոն»-ի «Երեսուն գլուխ հայոց հերձվածի» գլխում հայերին ներկայացված մեղադրանքների պատասխանն է: Թղթի նպատակն է ներկայացնել հայոց դավանանքը, եկեղեցու ծիսակարգը, ցույց տալ, որ հայերը, ինչպես և հույներն ու վրացիները, հերձվածողներ չեն:
XII–XIII դդ. նվազող բյուզանդական ճնշմանը փոխարինել է պապական Արևմուտքի օրավուր աճող եկեղեցավարչական հարկադրանքը: Քաղաքական նկատառումներով Կիլիկյան Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններն ակներևորեն հակվել են Արևմուտքի կողմը: Ահագնացող վտանգը կանխելու նպատակով Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը պայքարի դրոշ են բարձրացրել՝ իրենց շուրջը համախմբելով հայրենասեր ուժերին: Ժամանակակիցների դավանաբանական աչալրջությունը բարձր պահելու, աստվածաբանական անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու նպատակով Վարդան Արևելցին շարադրել է «Դաւանութիւն հաւատոյ ուղղափառութեան», «Յաղագս բնութեան, թէ զինչ իցէ ըստ ինքեան իմացեալ ի փառս Աստուծոյ» աշխատությունները: Գործակցելով Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի հետ՝ Վարդան Արևելցին պատասխանել է Հռոմի պապի՝ Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորին հղած դավանաբանական գրությանը: Պատասխան թղթում [«Թուղթ Կոստանդեայ կաթողիկոսի Հայոց, զոր գրեաց առ Հեթում թագաւորն... ի մայրաքաղաքն Սիս...ի թուիս հայոց ի ՈՂԵ» (1246)] Վարդան Արևելցին մերժել է Կաթոլիկ եկեղեցու առաջադրած վարչաքաղաքական գերագահության գաղափարը և հերքել պապի պարտադրած 15 դավանաբանական կետերը: 1302-ին Ստեփանոս Օրբելյանը գրել է «Թուղթ վասն հաւատոյ եւ կարգաց եկեղեցւոյ յարեւելեան աշխարհէս առ կաթողիկոսն Հայոց տէր Գրիգոր...» երկը, որտեղ կոչ է արել Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսին պահպանել Հայ եկեղեցու դավանաբանական, ծիսական անաղարտությունը, առաքելավանդ սահմանումները: Սակայն թուղթն իր անհրաժեշտ արդյունքը չի տվել, և Ստեփանոս Օրբելյանը նույն թվականին շարադրել է իր դավանաբանական մյուս երկասիրությունը՝ «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակացը», որտեղ երկաբնակ դավանանքի ահագնացող տարածումը նմանեցնելով առողջ մարմինը ճարակող քաղցկեղի՝ տագնապով գրել է, որ դրանով վարակված է բովանդակ Կիլիկիան, Բագրատունյաց Անին, Շիրակը: Ստեփանոս Օրբելյանի այս աշխատության շարադրումը պայմանավորված էր նաև XIII դ. 2-րդ կեսին Կիլիկիայում շրջանառված քաղկեդոնական «Արմատ հաւատոյ»-ի աստվածաբանական մերժման անհրաժեշտությամբ:
Ստեփանոս Օրբելյանի երկը բաղկացած է 12 «ձեռնարկներից», որոնք շոշափում են քրիստոսաբանական (Բ, Գ, Դ), ծիսական (Ե, Զ, Ժ, Է), տոմարական (Ը), եկեղեցաբանական (ԺԱ, ԺԲ) և այլ բնույթի հարցեր:
Ծիսական և տոմարական բնույթի հարցեր են արծարծվել Մովսես Երզնկացու «Ընդդիմ ադրութիւն սակս ջրոյն խառնման ի սուրբ խորհուրդն ի թուին հայոց ՉԾԸ» (1309) և «Պատասխանի թղթոյն Տրապիզոնի առ հատուածեալն Գրիգոր երէց» աշխատություններում: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Կիլիկիայի Հայոց Հեթում Բ թագավորը և Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը 1307-ի Սսի ժողովում (տե՛ս Սսի եկեղեցական ժողովներ) ընդունել են Արևմուտքի պահանջները: Մովսես Երզնկացու «Ընդդիմադրութիւն»-ը ուղղված է եղել այդ ժողովի ազգավնաս որոշումների դեմ: Նրա մյուս երկը գրվել է ի պատասխան հունադավան հայազգի Գրիգոր քահանայի ամբաստանագրի, որտեղ արծարծվել են քրիստոսաբանական (բնության խնդիրը), ծիսական (սուրբ բաժակի մեջ ջուր չխառնել, մեռոնը կարող է լինել ոչ միայն ձիթապտղից, այլև զանազան նյութերից), տոմարական (Հովհաննես Մկրտչի տոնը կատարել ոչ թե հունիսի 24-ին, այլ՝ հուլիսի 11-ին) խնդիրներ:
XIII–XIV դդ. մյուս դավանաբան հեղինակը Մխիթար Սասնեցին է: Նրա գրչին է պատկանում 17 ճառ, որոնք ունեն քրիստոսաբանական, ծիսական, վախճանաբանական, բարոյաբանական ուղղվածություն:
Արևելքում պապական քաղաքականության իրականացման համար Կաթոլիկ եկեղեցին իր գործակալներին՝ դոմինիկյան քարոզիչներին, ուղարկել է Հայաստան: Նրանք (Բարթուղիմեոս Մարաղացի, Հովհաննես, Հակոբ Քռնեցիներ, Հովհաննես Ծործորեցի և ուր.) Արտազի շրջանում և Նախիջևանում միարարականների (տե՛ս Ունիթորություն) անվան տակ ծավալել են եկեղեցավարչական, քարոզչական քայքայիչ գործունեություն: Ընդդեմ պապական քաղաքականության գրվել և հրապարակվել են կաթոլիկ աստվածաբանությունը քննադատող դավանաբանական աշխատություններ: Այդ պայքարին մասնակցել են Հայ եկեղեցու մեծանուն հեղինակություններ Եսայի Նչեցին («Դաւանութիւն հաւատոյ», «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ», «Թուղթ ընդդէմ Հեթմոյ Կիւրիկեցւոյն» ևն), Կիրակոս Երզնկացին («Խրատ առ ուղղափառ հաւատացեալսն», «Թուղթ առ Կարնեցիս», որտեղ մասնավորաբար խոսվում է եկեղեցու յոթ խորհուրդների մասին), Հովհան Որոտնեցին («Հաւատոյ դաւանութիւն» թուղթը՝ ուղղված Կոստանդին Ե Սսեցի կաթողիկոսին): Հակամիարարական շարժման հարուստ փորձն իր աստվածաբանական աշխատություններում լավագույնս օգտագործել է Գրիգոր Տաթևացին: Միարարների դեմ պայքարն առավել նպատակասլաց մղելու համար նա կիրարկել է միարարների իսկ գործադրած մտակառուցման դպրոցական (սխոլաստիկ) եղանակը, որին հատուկ է աստվածաբանական դրույթների հիմնակարգումը, դասդասումն ու թվակարգումը: Նշված եղանակով է Գրիգոր Տաթևացին շարադրել «Գիրք հարցմանց»-ը և «Ոսկեփորիկ»-ը, որոնք հանրագիտարանային համակողմանիությամբ ներկայացնում են Հայ եկեղեցու վարդապետական աստվածաբանությունը:
Այս երկերում (մասնավորապես «Գիրք հարցմանց»-ում) որոշակի համակարգի են բերվում հայ վարդապետական աստվածաբանության բազմադարյան նվաճումները: Գրիգոր Տաթևացին «Գիրք հարցմանց»-ում դավանաբանական իրողությունները ներկայացրել է կուռ, ներդաշն համամասնությամբ: Գործը շարադրված է աստվածաբանելու դպրոցական (սխոլաստիկ) ոճին հարազատ հարցուպատասխանիների (Questitiones disputatae) եղանակով:
Գրիգոր Տաթևացուց հետո աստվածաբանդավանաբան. միտքն ունեցել է առանձին առկայծումներ: Հիշատակության արժանի են XV–XVIII դդ. հեղինակներ Մատթեոս Ջուղայեցու «Վասն հարցմանց անօրինաց զանազան պատասխանիք», «Երկաբնակացն առ մեզ հարցումն եւ պատասխանիք առ նոսա» (Մատենադարան, ձեռ. դդ 969, 1233), Աղեքսանդր Ա Ջուղայեցի կաթողիկոսի «Յայտարարութիւն ընդդէմ ֆռանկաց» կամ «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» աշխատությունները:
Աղեքսանդր Ա Ջուղայեցու տասը գլուխներից բաղկացած երկում հերքվել են լատին դավանության հիմնական դրույթները: Վարդապետական աստվածաբանության ընդհանուր հարցեր են արծարծվում Ստեփանոս Լեհացու «Բանք իմ աստասիրականք եւ աստուածաբանականք» (Մատենադարան, ձեռ. դ 110), Ստեփանոս Դաշտեցու «Կոչնակ ճշմարտութեան» (Մատենադարան, ձեռ. դ 8111), «Մաղախ փշրանաց» (Մատենադարան, ձեռ. դ 9689), Հովհաննես Ջուղայեցու «Համառօտ աստուածաբանութիւն» (Մատենադարան, ձեռ. դ 7063), «Գիրք որ կոչի սրբազնագործութիւն» (Մատենադարան, ձեռ. դ 1935) երկերում:
XIX դ. 1-ին կեսին կաթոլիկ Արևմուտքի դեմ մաքառմանը փոխարինել է բողոքական աստվածաբանության դեմ ծավալված պայքարը: Հայ եկեղեցու դավանական անաղարտությանը նախանձախնդիր հեղինակները հանդես են եկել ընդդեմ Լյութերի և Կալվինի: Առավել նշանակալից են Ղազար վրդ. Մարտիրոսյանի «Տեսութիւն ընդդէմ Լիւտերի եւ լիւտերականաց», «Պատասխանի կալվինեանց թիւնալի նորակրօն տետրակին...» աշխատությունները:
Այս շրջանում փորձ է արվել ամբողջացնել դավանաբանական աստվածաբանության լավագույն ավանդույթները: Մսեր Մսերյանի (Մսեր Գրիգորյան Զմյուռնացու) աշխատասիրությամբ 1850-ին լույս է տեսել «Հրահանգ քրիստոնէական հաւատոյ ըստ ուղղափառ դաւանութեան եկեղեցւոյ Հայաստանեայց» գիրքը: Աշխատության առաջին մասում Նիկիայի, Կ.Պոլսի և Հայ եկեղեցու Հավատո հանգանակների համադիր քննությունն է, ապա վարդապետ. աստվածաբանության տասը հիմնական ստորոգությունները (Գոյութիւն Աստուծոյ, Կատարելութիւնք աստուածայինք, Երրորդութիւն աստուածային անձանց, Արարչագործութիւն, Նախախնամութիւն, Մարդեղութիւն Աստուածորդւոյն, Եկեղեցի Քրիստոսի և խորհուրդ նորա, Շնորհաբաշխութիւն, Հարութիւն մեռելոց, Վերջին դատաստան) պարզաբանող հարցուպատասխանին:
Աշխատության երկրորդ մասում «Վկայութիւնք» խորագրի տակ բերված են վարդապետական և դավանաբանական աստվածաբանությանը վերաբերող քաղվածքներ Աստվածաշնչից, եկեղեցու հայրերի ժառանգությունից:
Հայ եկեղեցու վարդապետական սկզբունքների ընդհանուր պատկերն է տրված Մ. արք. Օրմանյանի «Հայոց եկեղեցին» աշխատության ԻԱ-ԻԶ գլուխներում («Դաւանական սկըզբունքներ», «Հայ եկեղեցւոյ դաւանութիւնը», «Հաւատոյ հանգանակը», «Ներողամտութեան հոգին», «Եկեղեցւոյ խորհուրդները», «Վարդապետական ճշդաբանութիւնը»): Իր ընդգրկմամբ, փաստերի տրամաբանական քննությամբ աչքի է ընկնում հեղինակի «Տեղիք աստուածաբանութեան» կոթողային աշխատությունը, որտեղ Հայ և արևելաքրիստոնեական եկեղեցու դավանանքի հիման վրա հեղինակը մանրամասն ներկայացրել է ոչ միայն դավանաբանական, այլև բարեպաշտական աստվածաբանության հիմնակետերը:
Դասախոսական երկարամյա գործունեության արդյունք է Ա. Տեր-Միքելյանի «Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը» ստվար աշխատությունը, որը, ինչպես հեղինակն է նկատում, «դաւանական վարդապետութեան ձեռնարկ է»: Իր ժամանակի եվրոպական գիտության նվաճումների հիման վրա, առաջին անգամ նա է համակարգել և դասդասել հայ դավանաբանական աստվածաբանության բազմադարյան փորձն ու ձեռքբերումները: Գլխավորաբար հայ հեղինակների տեսական – վարդապետական բովանդակություն ունեցող երկերի (Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք», Եղիշե, Հովհաննես Ա Մանդակունի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի և ուր.) օգտագործումով տրված է Հայ եկեղեցու դավանաբանական աստվածաբանության համապարփակ պատկերը: Աշխատության կառուցվածքը թելադրվել է Հայ եկեղեցու Հավատամքի բովանդակությամբ. ա. Աստված և նրա գործերը, բ. Աստվածորդու փրկագործությունը, գ. Ս.Հոգու շնորհաբաշխությունը, եկեղեցին, նրա սուրբ խորհուրդներն ու հանդերձյալ կյանքը (փրկության տնտեսություն և կատարում): Առաջին մասը սկսվում է կրոնագիտական վերլուծմամբ, որի նպատակը Աստծո գոյության հաստատումն է:
«Սուրբ Երրորդություն», «Աստծո արարչություն», «Աշխարհի ստեղծում», «Հրեշտակները», «Մարդու ստեղծումը», «Աստծո նախախնամությունը», «Չարն ու չարի սկզբունքը» և այլ ենթամասերում Ա. Տեր-Միքելյանը ներկայացրել է աստվածաբանության բոլոր կարևորագույն կետերը: Բ մասի «Միածնի Մարդեղությունը», «Քրիստոսի Աստվածության ու մարդկության միությունը», «Քրիստոսի աստվածմարդկային կյանքի խորհուրդը», «Քրիստոսի գործունեության խորհուրդը» և այլ ենթամասերում բացատրել Փրկագործության խորհուրդը, ինչպես նաև՝ անդրադարձել Հայ եկեղեցու քրիստոսաբանությանը: «Փրկչաբանական մոլորություններ» խորագրի ներքո հեղինակը խոսել է հերձվածների, քրիստոսաբանական շեղումների (արիոսականություն, ապողինարիզմ, նեստորականություն, եվտիքականություն ևն), կաթոլիկ մարեմաբանության դավանած տեսակետների (Մարիամ Աստվածածնի անարատ հղությունն ու ծնունդը Հովակիմից և Աննայից) մասին: Գ մասում բավական մանրամասն ներկայացրել է Սուրբ Հոգու, եկեղեցու վերաբերյալ Հայ եկեղեցու հրամանակարգ տեսությունները: Հեղինակն առանձնապես կանգ է առել եկեղեցու խորհուրդների աստվածաբանության վրա՝ վիճարկելով կաթոլիկ և բողոքական եկեղեցիների տեսակետները: Աշխատությունն ավարտվում է Հայ եկեղեցու վախճանաբանական տեսակետների համակարգումով և ամբողջացումով («Վախճան և Քրիստոսի Երկրորդ գալուստը», «Մեռելների հարություն», «Դատաստան և վերջին վիճակ»):
XX դ. 40–50-ական թվականներից շահեկան զեկուցումներով և հոդվածներով հանդես է եկել Տիրան արք. Ներսոյանը: Հատկապես արժեքավոր են նրա էկումենիկ ոգով շարադրված «Հայ եկեղեցու քրիստոսաբանական դիրքորոշումը» (1957), «Քրիստոսաբանության մեջ համաձայնության խնդիրները» (1971) հոդվածները:
Հակոբ Քյոսեյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Կնիք հաւատոյ..., Էջմիածին, 1914:
Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994:
Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, Երևամ, 1998:
Տեր - Միքելյան Ա., Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը, Տփղիս, 1900:
Օրմանյան Մ., Հայ եկեղեցին, Երևան, 1991:
Նույնի, Տեղիք աստուածաբանութեան, Երուսաղեմ, 1981:
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Երևան, 1976, էջ 216–307:
Օղլուգյան Ա., Համառոտ ակնարկ Հայ եկեղեցվո վարդապետական աստվածաբանության գրականության, «Գանձասար», 4, 1993:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am