ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԵՐ, Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցական տոներ, որոնցից մեկը` Վերափոխումն ս. Աստվածածնի, Հայ եկեղեցու Տաղավար տոներից է: Մյուս տոներն են. Հղություն ս. Աստվածածնի (Յղութիւն ս. Աստուածածնի յԱննայէ), Ծնունդ ս. Աստվածածնի, Ընծայումն ս. Աստվածածնի (Երից ամաց Ընծայումն ի տաճարն), Ավետում, Գյուտ տուփի ս. Աստվածածնի, Գյուտ գոտու ս. Աստվածածնի:

Հղություն ս. Աստվածածնի, Աստվածածնի մոր` Աննայի հղության հիշատակության տոնն է. բոլոր Արևելյան եկեղեցիները նշում են դեկտ. 9-ին, իսկ Կաթոլիկ եկեղեցին` դեկտեմբերի 8-ին: 1854-ին Կաթոլիկ եկեղեցին ընդունել է Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ըստ որի` Աստվածամոր ծնունդը, ինչպես Հիսուսինը, զերծ է եղել սկզբ. մեղքից: Մյուս եկեղեցիները մերժել են հավատի այդ նոր վարդապետությունը:

Ծնունդ ս. Աստվածածնի, անշարժ տոն է: Հայ եկեղեցին նշում է XIII դարից սկսած, սեպտեմբերի 8-ին:

Ընծայումն ս. Աստվածածնի, երեքամյա Մարիամին, իբրև ուխտի զավակի, իր Հովակիմ և Աննա ծնողների կողմից Տաճարին ընծայելու հիշատակության տոնն է: Սկզբնապես Հայ եկեղեցին չի ունեցել Ընծայման կամ Նվիրման տոն, բայց սկսած XVI–XVII դարերից, հետևելով Հույն և Լատին եկեղեցիների սովորությանը, մտցրել է Տոնացույց և նշում է անփոփոխ` նոյեմբերի 21-ին:

Ավետում, Ավետման տոն, Գաբրիել հրեշտակապետի` Մարիամ Աստվածածնին Ավետիս բերելու հիշատակի օրն է: Հրեշտակապետը լուր բերեց Տիրամորը, թե Աստծո Որդին իրենից պետք է մարմնանա Սուրբ Հոգու զորությամբ և անարատ հղությամբ: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կըհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1.30–31): Այդ օրը նաև Քրիստոսի Մարդեղության տոնն է: Ավետման տոնը Հայ եկեղեցին նշում է անփոփոխ` ապրիլի 7-ին: Եթե այդ տոնը նույնիսկ Մեծ պահքին զուգադիպի, եկեղեցու սուգի և ապաշխարության ձևերն ընդհատվում են (նախկինում Ավետման տոնը, եթե Մեծ պահքին էր համընկնում, հետաձգվում էր ս. Զատկի չորրորդ օրվան): Հույն և Կաթոլիկ եկեղեցիները, Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելով, Ավետումը մարտի 25-ին են կատարում:

Գյուտ տուփի ս. Աստվածածնի, Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ: Դրանցից մեկն է սուրբ Կույսի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը: Հասնելով Երուսաղեմ` պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս: Բյուզանդական Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զետեղում են Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում: Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի: Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ին հրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 14-ից հուլիսի 18-ը:

Գյուտ գոտու ս. Աստվածածնի, Տիրամորը պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներից: V դ. սկզբին, բյուզանդական Արկադիոս կայսրի օրոք (395–409) Երուսաղեմում գտնվել է Աստվածամոր գոտին, որը հանդիսավորությամբ տարվել է Կ. Պոլիս, պահվել Ս. Աստվածածին եկեղեցում ու պաշտամունքի առարկա դարձել: Դրանից հետո հույները օգոստոսի 31-ին սկսել են ս. Աստվածածնի գոտու հայտնության տոնը կատարել: Հայ եկեղեցին մինչև XVIII դ. այս տոնը չի նշել: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այդ տոնը, որը յոթ օրվա շարժականությամբ նշվում է օգոստոսի 26-ից սեպտ. 1-ը հանդիպող կիրակի օրը:

Արտաշես Ղազարյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am