ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի (ՀԱԸ), միջեկեղեցական կազմակերպություն: Նպատակն է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ առանց մեկնությունների ու դավանաբանական ծանոթագրությունների, և նրա տարածումը: Ստեղծվել է 1991-ին:
Աստվածաշնչային առաջին ընկերությունը հիմնադրվել է 1710-ին, Գերմանիայում՝ ժողովրդին հասկանալի լեզվով և մատչելի գնով Աստվածաշունչ մատակարարելու նպատակով: XIX դ. սկզբին աստվածաշնչային ընկերություններ են ստեղծվել Անգլիայում, Ամերիկայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Բրիտանական աստվածաշնչային ընկերությունը Աստվածաշունչը տարածել է ոչ միայն Անգլիայում և բրիտանական մյուս երկրներում, այլև ամբողջ աշխարհում՝ տվյալ երկրի ժողովրդի լեզվով:
1813-ին ստեղծված Ռուսաստանի աստվածաշնչային ընկերությունը Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող բոլոր ժողովուրդների լեզուներով Ս. Գիրք և կրոնական գրականություն է տպագրել ու բաժանել: Ռուսական կայսրության տարբեր ազգերի հոգևոր առաջնորդներ անդամակցել են Ռուսական աստվածաշնչային ընկերությանը և աջակցել նրա գործունեությանը: Հայոց կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին (1809–30) դարձել է այդ ընկերության փոխնախագահներից մեկը: Մինչև XIX դ. 1-ին քառորդը Ռուսական և Բրիտանական աստվածաշնչային ընկերությունները համատեղ հազարավոր օրինակ հայ. (գրաբար և աշխարհաբար), ինչպես նաև հայատառ թուրք. Աստվածաշունչ և նրա առանձին մասեր են տպագրել ու զեղչ գներով, երբեմն էլ՝ անվճար, բաժանել ժողովրդին:
Աշխարհի բոլոր աստվածաշնչային ընկերությունների միջև հարաբերությունների սերտացման և նրանց ջանքերի համատեղման անհրաժեշտությունը ծնունդ է տվել աստվածաշնչային ընկերությունների շարժման: 1946-ին ստեղծված Միացյալ աստվածաշնչային ընկերությունը, որպես մասնագիտացված կազմակերպություն, աշխարհի 200-ից ավելի աստվածաշնչային ընկերություններին և գրասենյակներին, այդ թվում՝ ՀԱԸ-ին, հնարավորություն է ընձեռում օգտվելու իր մասնագետների՝ լեզվաբանների, հրատարակիչների, թարգմանիչների, ինչպես նաև տպարանների ուղղակի կամ անուղղակի ծառայություններից:
ՀԱԸ ընդգրկված է Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի կազմում, որի աշխատանքները համակարգվում են Անգլիայի Քրոլի քաղաքում գործող տարածաշրջանային կենտրոնի գրասենյակում: ՀԱԸ մասնակցում է տարածաշրջանային տարբեր բնույթի ժողովների ու խորհրդակցությունների, ութ տարին մեկ՝ Միացյալ աստվածաշնչային ընկերության համաշխարհային համագումարին, որը սահմանում է ընկերության գործունեության համընդհանուր սկզբունքները և երկկողմանի հարաբերություններ զարգացնում տարբեր երկրների աստվածաշնչային ընկերությունների հետ:
ՀԱԸ ղեկավարում են Ազգային համագումարը (հրավիրվում է տարին մեկ) և հոգաբարձուների խորհուրդը՝ Ընկերության գլխավոր քարտուղարի միջոցով: Ներկայումս ՀԱԸ-ի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է յոթ հոգուց՝ չորսը՝ Հայ առաքելական, երկուսը՝ Հայ ավետարանական, մեկը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց: Հոգաբարձուների խորհրդի առաջին ատենապետն է եղել Ներսես արք. Պոզապալյանը: Ատենապետ է եղել Եզնիկ եպս. Պետրոսյանը, փոխնախագահներ՝ Ներսես արք. Տեր-Ներսեսյանը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց, և վերապատվելի Ռընե Լևոնյանը՝ Հայ ավետարանական եկեղեցուց:
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am