Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աստվածաշնչի բառարաններ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, Աստվածաշնչի մեջ հանդիպող դժվարհասկանալի բառերի, հասկացությունների և զանազան անունների բացատրական բառարաններ, որոնք տարածված էին միջնադարյան Հայաստանում: Ամենահինը (VI–VII դդ.) «Բառք եբրայեցւոց» բառարանն է, որը եբրայերենից թարգմանվել է հունարեն և հունարենից՝ հայերեն: Պարունակում է, ըստ տարբեր ձեռագրերի, 900–1000 բառ:

Համաձայն բովանդակության, այստեղ ստուգաբանվող բառերը բաժանվում են երեք հիմնական խմբերի. ա. անձնանուններ, մականուններ, կենդանիների, կուռքերի անուններ (Ադամ, Աբրահամ, Ամբակում, Բահաղ, Բերսաբե, Բեեղզեբուղ, Գերսամ, Դավիթ, Զաքարիա, Ստեփանոս, Քերովբե ևն), բ. տեղանուններ (քաղաքներ՝ Բաբելոն, Գաբավոն, լեռներ՝ Գաղաադ, Կարմեղոս, ձոր՝ Կեդրոն, անապատ՝ Սինա ևն), գ. ժողովուրդներ, ցեղեր, տոհմեր, աղանդներ, փառաբանական բառեր (ամովրհացիք, սադուկեցիք, քաղդեացիք, փարիսեցիք, փերեզացիք, ալելուիա ևն): Այս կարգի բառերի մեծ մասը քաղված է ոչ թե Աստվածաշնչից, այլ եբր. կրոնական այլ գրքերից: Բառարանում տրված է անունների համառոտ ստուգաբանությունը (Դավիթ՝ «զորավոր ձեռն կամ սիրեցյալ», Եղիսաբեթ՝ «Աստուած իմ կամ երդումն», Յովնաթան՝ «տուր կամ առավելագոյն», Իսահակ՝ «ծիծաղ կամ խնդութիւն», Սամսոն՝ «արեգակն նոցա կամ փրկութիւն»): Եբրայերեն հատուկ անուններից զատ «Բառք եբրայեցւոց» բառարանում տրվում է նաև Նոր կտակարանում առկա հունական ծագում ունեցող բառերի կամ անունների ստուգաբանությունը (Պետրոս՝ «քար, վեմ», Պողոս՝ «փոքր կամ զարմանալի» ևն): «Բառք եբրայեցւոց»-ը հայ միջնադարյան բառարանագրության վաղագույն այբբենական բառարաններից է: Բացառիկ էր նրա դերը միջնադարի հայ վանական դպրոցներում Աստվածաշնչի ուսումնասիրման ընթացքում՝ իբրև աշակերտների մշտական և գործածական ձեռնարկ:

XVII դ. կեսից երևան են եկել Աստվածաշնչի այլ որակի բացատրական բառարաններ՝ հիմնված «Բառք եբրայեցւոց»-ի վրա: Այս շրջանից հայտնի է Աստվածաշնչի երեք բացատրական և մեկ հատուկ անունների բառարան: Բացատրական բառարանները չունեն այբբենական բառաշարք, այլ բաղկացած են մեծ ու փոքր առանձին բառացանկերից, որոնք բացատրում են Աստվածաշնչի այս կամ այն գրքի, երբեմն էլ առանձին գլուխների բառերը («Բառք ի գրոցն Ելիցն», «Բառք ի գրոց Թուոց», «Բառք ի գրոց մարգարէին Դանիէլի», «Գաղատացւոց գլխոյն» ևն): Այս կարգի բառարաններից է «Բառք Սուրբ Գրոց»-ը (Մատենադարան, ձեռ. դ 2292, 5132), որն ընդգրկում է ծիսական տեսակետից առավել գործածական աստվածաշնչյան գրքերի (Սաղմոսներից մինչև Նոր կտակարանի վերջը) բառերի բացատրությունները: Բառարանը պարունակում է շուրջ 1200 գլխաբառ: Նույն կառուցվածքն ունի «Լուծումն բառից յԱստուածաշունչ գրոց» բառարանը, որը XVII դ. կազմել է Երեմիա Մեղրեցին: Նախորդի վրա հիմնված այս բառարանը բաղկացած է 3700 գլխաբառից, մեկնություններն այստեղ բավական ընդարձակ են: Մյուս՝ «Այս բառք Աստուածաշունչ գրոց» բառարանը պարունակում է 1900 գլխաբառ, որից 1600-ը առկա է Երեմիա Մեղրեցու բառարանում: Ի տարբերություն իր նախորդների, այստեղ բառերը դասավորված են այբբենական կարգով: Բառարանում առկա են ընդարձակ, նկարագրական բացատրություններ՝ տրված հավալուսն (անապատի թռչուն է), ճնճղուկ, մանրագոր, հուշկապարիկ, միեղջերու և այլ գլխաբառերի դիմաց:

XVII դ. ստեղծվեցին «Յեբրայեցւոց, Քաղդեացւոց եւ Յունաց անուանց թարգմանութիւն», «Մեկնութիւն անուանց յեբրայեցւոց լեզու է ի հայ բարբառ» բառարանները, որոնք բովանդակում են Աստվածաշնչի հատուկ անունների համառոտ բացատրությունն այբբենական կարգով: Առաջին բառարանը, հրատարակված Ոսկան Երևանցու տպագրած Աստվածաշնչին կից (1666), տարածված լինելով հայաբնակ վայրերում, մուտք է գործել նաև վրացական մշակույթ: Նրանից լայնորեն օգտվել է XVIII դ. վրաց բառարանագիր Սուլխան-Սաբա Օրբելիանին՝ Աստվածաշնչի համաբարբառ կազմելիս: Երկրորդ բառարանը՝ «Մեկնութիւն անուանց եբրայեցւոց»-ը, առաջին բառարանի 750 բառի դիմաց ունի 500 գլխաբառ: Այստեղ բացատրություններն ավելի համառոտ են: Երկու բառարաններն էլ հիմնված են «Բառք եբրայեցւոց» բառարանի վրա: Առկա են Աստվածաշնչում հանդիպող անունները՝ իրենց թեք ձևերով, որոնք եբրայերենում ունեն մի քանի իմաստ. բերված են բառերի միայն գլխավոր իմաստները, հազվադեպ՝ մյուս իմաստները: Երկու բառարանների հեղինակներն էլ աչքի են ընկնում եբրայերենի, ասորերենի, հունարենիի իմացությամբ և բառարանագրական հմտությամբ:

Աաստվածաշնչի բառարանների լավագույն ավանդների հաշվառումով է կազմված Մխիթար Սեբաստացու «Բառարան յատուկ անուանց Աստուածաշունչ գրոց Հին եվ Նոր Կտակարանաց»-ը («Բառգիրք հայկազեան լեզուի», հ. 2, 1769): Այստեղ տրված է անվան ուղիղ և թեք ձևը, ինչպես նաև՝ եբրայերեն, հունարեն ստուգաբանությունը:

Հակոբ Քյոսեյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ամալյան Հ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (V–XV դդ.), Ե., 1966, էջ 143–154:

Նույնի, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI–XVIIդդ.), Ե., 1971, էջ 66–116:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 1177–1242:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am