ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑԻ (ծ. թ. անհտ – 10.10.1725, գ. Օշական), Ամենայն հայոց կաթողիկոս 1715-ից: Հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցուն: Կաթողիկոսության շրջանը համընկել է Արևելյան Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների հետ: Աստվածատուր Ա Համադանցին դրականորեն էր տրամադրված Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժման և ռուսական զորքերի՝ Կովկաս ու Պարսկաստան ծրագրված արշավանքի հանդեպ: Ռուսաստանի հետ կապեր ունենալու ամբաստանությամբ պարսիկները հալածել են նրան: 1724-ի սեպտեմբերի 4-ի նամակով նա դիմել է Եսայի Հասան-Ջալալյանին և առաջարկել թուրքական կոտորածներից խուսափելու համար բանակցություններ վարել թուրքերի հետ և այդ նպատակով պատվիրակություն է ուղարկել: Աստվածատուր Ա Համադանցու խնդրանքով Պարսից Թահմազ շահը 1724-ին հատուկ հրովարտակով Պարսկաստանում վերացրել է մահմեդականություն ընդունած հայերի բացառիկ իրավունքը հայրենական ժառանգության նկատմամբ: Ըստ այդ իրավունքի, քրիստոնյա ընտանիքի մի անդամը, մահմեդականություն ընդունելով, դառնում էր այդ ընտանիքի միակ ժառանգորդը: Նույն թվականին Աստվածատուր Ա Համադանցին վերացնել է տվել նաև գլխահարկի հավելումները: Այդ առիթով նա երկիր վերադառնալու կոչ է ուղղել խտրականության հետևանքով ուրիշ երկրներում հաստատված արևելահայ վաճառականներին: Աստվածատուր Ա Համադանցին հատուկ կոնդակով Շամախու, Շիրվանի և Շաքիի թեմերը հռչակել է տերունի և հանել Գանձասարի կաթողիկոսության իրավասությունից: Սակայն Եսայի Հասան-Ջալալյանի՝ Էջմիածին այցելելուց հետո կրկին դրանք հանձնել է Գանձասարի աթոռի իրավասությանը: Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր տաճարում, Էջմիածնի կալվածների մի մասն ապահովել վավերացված կալվածագրերով:
Աստվածատուր Ա Համադանցուց մեզ են հասել մի շարք երկեր, որոնք մատենագրական վկայությունների քաղվածներ են (Վկայութիւնք յԱստուածաշունչ գրոց, այսինքն՝ ի Հին և ի Նոր Կտակարանաց, ի պէտս ուսումնասէր մանկանց Սիոնի, Մատենադարան, ձեռ. դ 3637, 1988: Վկայութիւնք սրբոց վարդապետացն մերոց աստուածիմաստից և բանիբուն իմաստասիրաց, ի պէտս ուսումնասէր մանկանց Սիոնի, Մատենադարան, ձեռ. դ 3281: Աստուածատրոյ Համադանեցւոյ իբրու բանասիրէ արարեալ ժողովածու գիրքս՝ ի պէտս քարոզողաց և ի զբօսանս մանկանց եկեղեցւոյ, Մատենադարան, ձեռ. դ 56) և կոնդակներ: Նրա պատվերով Ավետիք Տիգրանակերտցին կազմել է մի Գավազանագիրք (Մատենադարան, ձեռ. դ 1492): Աստվածատուր Ա Համադանցին լուսնի խավարումը դիտելու ժամանակ տանիքից ընկել է և վախճանվել: Ամփոփվել է Հռիփսիմեի տաճարի գավթում:
Պավել Չոբանյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Կաթողիկոսական գահին Աստվածատուր Ա Համադանցուն հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցին:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:
Կարապետյ ան Մ., «Իմամ Ջաֆարի» օրենքը և արևելահայերը (XVII–XVIII դարեր), ՊԲՀ, 1988, № 1:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am