ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆՔ, ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտ, Քասաղ գետի աջ ափի բլրի վրա: Անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ ս. Խաչ»-ից: Աստվածընկալ վանք-ի Ս. Աստվածածին եկեղեցին (V դ.) թաղածածկ կառույց է՝ հարավից կից երկու ուղղանկյուն ավանդատներով: 1207-ին եկեղեցին նորոգվել է, և հաստատվել է վանական միաբանություն: 1244-ին իշխան Քուրդ Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահը, Ս. Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից կառուցել են Սուրբ Նշան եկեղեցին և վանքին նվիրել այգիներ: Մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք ունեցող այս եկեղեցու սեղանի հիմքում ամփոփվել են Հակոբոս առաքյալի մասունքները: XIII դ. ճարտարապետ Յոհանես վարդպետը Ս. Նշան եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն, կենտրոնակազմ գավիթ (այժմ՝ կիսավեր): Վանքի բակում կան XII–XIV դդ. խաչքարեր ու տապանաքարեր:

Մուրադ Հասրաթյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842:

Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:

Պետրոսյանց  Վ., Աստվածընկալի վանքը, «Էջմիածին», 1978, 3:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am