ԱՏՈՄ ԱՆՁԵՎԱՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), IX–X դարերի քաղաքական գործիչ, մատենագիր: Արծրունիների Գուրգեն իշխանի կրտսեր որդին: Եպիսկոպոս է ձեռնադրվել կյանքի վերջին տարիներին՝ 938-ից հետո: Մտահոգված կենտրոնաձիգ պետության անվտանգությամբ՝ Ատոմ Անձևանցին գործունորեն մասնակցել է երկրի ռազմաքաղաքական կյանքին: Մանազկերտի Կայսիկ ամիրայի ապստամբությունը ճնշելիս իր զորքով օգնության է հասել Հայոց Սմբատ արքային (902): Սատարել է Վասպուրականի Գագիկ Արծրունի արքային (914)՝ վանելով արաբ բռնակալ, Ատրպատականի Յուսուֆ ամիրայի հարձակումը: Ատոմ Անձևանցին աչքի է ընկել նաև մշակութային գործունեությամբ: Ատոմ Անձևանցու և նրա հոր պատվերով են ընդօրինակվել Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» աշխատությունն ու Եղիշեի Պատմությունը: Նրա հանձնարարությամբ են գրվել Արամի, Արտավազդ Մազազունու և Թովմա քահանայի աստվածաբանական թղթերն ու լուծմունքները: Ատոմ Անձևանցու գրչին է պատկանում Հովհաննես Մկրտչին ձոնված մի ներբող, որը շարադրվել է, հավանաբար, 940-ական թթ.: Ներբողում արևելաքրիստոնեական մեկնաբանական հարուստ փորձի հիման վրա տրվում է Հովհաննես Մկրտչի անձի և գործունեության տեսական-աստվածաբանական համակողմանի վերլուծությունը:

Հակոբ Քյոսեյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Հովսեփյ ան Գ., Իններորդ դարի ձեռագրական մի հատակտոր և Ատոմ Անձևացյաց իշխան, «Էջմիածին», 1946, դ 8–10:

Քոլանջյան Ս., Նոր ահայտ պատառիկներ Կյուրեղ Երուսաղեմացու Թ դարի մի ձեռագրից, ԲՄ, դ 5, 1960:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 704–705:

Քյոսեյան Հ., Ատոմ Անձևացին և նրա ներբողը՝ նվիրված Հովհաննես Մկրտչին, ՀԱ, 1987, էջ 513–526 (ուսումնասիր., բնագիր):

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am