ԱՏՈՄՅԱՆՔ առաջինք (նահ. 449), V դարի տոնելի նահատակ զորականների երկու գունդ՝ շուրջ 1000 հոգի (ըստ այլ աղբյուրների՝ ավելի քիչ): Մարտիրոսական պսակ են ընդունել Հիսուս Քրիստոսին չուրանալու համար: Եղել են հայ նախարարական գնդեր, որոնք Վարդանանց շարժումից առաջ ծառայել են պարսկական բանակում, Պարսից Հազկերտ արքայի (439–457) օրոք, բնիկ տերերի՝ Ատոմ Գնունու և Մանաճիհր Ռշտունու առաջնորդությամբ: Վկայաբանության մեջ, հիշյալ երկուսից բացի, հանվանե հիշատակված են Ատոմ Գնունու որդին՝ Վարսը, ապա Վարս Ոստանիկը, Ներսեհ Երվանդունին և Վարձավոր Արծրունին:
Ատոմյանք, կանխազգալով հայ զինվորներին դավանափոխ անելու Պարսից արքունիքի մտադրությունը, հանուն քրիստոնեական հավատի խուսափել են Պարսից արքայի հրամանը կատարելուց և, փոխանակ մեկնելու հրամայված վայրը, ուղղվել են դեպի Հայաստան: Պարսկական զորքը հետապնդել է նրանց և Ատոմյանց մի մասին շրջապատել Անձևացյաց գավառում, լեռների մեջ: Ատոմ Գնունուն այնտեղ սքանչելի տեսիլք է երևացել՝ կամարաձև լույս և «ահատեսիլ մարդ», որը բաժանել է վարդերից հյուսված պսակներ՝ նշանակ սուրբ նահատակության, որը և կատարվել է շուտով: Մարտիրոսված գնդի զինվորների մասունքների ամփոփման վայրում կառուցվել է Ձիակալ անունով եկեղեցի: Իսկ մյուս գունդը Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ պարսից զորքի կողմից նահատակվել է Ռշտունյաց գավառում: Նահատակման վայրում, ի հիշատակ նրանց, կառուցվել է Ոչխարանից կոչվող եկեղեցին:
Ատոմյանց վկայաբանությունը, որը գրի է առնվել V դ., VII–VIII դդ., թարգմանվել է վրացերեն: Հայսմավուրքները Ատոմյանց հիշատակի օրը նշանակել են օգոստոսի 19-ին. Հայ եկեղեցին նրանց տոնը նշում է Բուն Բարեկենդանից երկու շաբաթ առաջ՝ երկուշաբթի օրը:
Ունեն «Մանկունք» կոչվող մի շարական. «Աղաչեմք զքեզ, Տէր, բարեխոսութեամբ Սրբոց Ատովմեանց...»:
Ատոմյանք երկրորդք, Նոր Ատոմյանք (նահ. 853, ք. Դվին), IX դարի տոնելի քրիստոնյա նահատակներ՝ 150 հոգի: Անվանումը ստացել են իրենց առաջնորդ Ատոմ Անձևացու (Աղբակ գավառի Որսիրանք գյուղից) անունից: Նահատակվել են արաբական տիրապետության շրջանում, ոստիկան Բուղայի ձեռքով, հավատուրացության առաջարկից հրաժարվելու համար: Վկայաբանությունը (Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն, 1867, գլ. 25: Ասողիկ, Պատմութիւն տանն Արծրունեաց, 1887, դպր. III, գլ. 8) մանրամասն նկարագրել է նրանց չարչարանքներն ու մարտիրոսական պսակ ընդունելը: Հանվանե հիշատակվել են Ատոմ Անձևացու 6 կամ 7 հավատակիցներից երեքը՝ Մլեհ Վարաժնունին, Գեորգ Բողկացին և Վասակ Ակեացին: Հովհաննես Դ Ովայեցին այս Ատոմյանց համար նշանակել է հիշատակության հատուկ օր՝ նոյեմբերի 19-ը:
Ներկայումս Հայ եկեղեցին նրանց հիշատակը տոնում է առաջին Ատոմյանց հետ:
Քնարիկ Տեր-Դավթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 2, Վնտ., 1785, էջ 20:
Ավգերյ ան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն..., հ. 2, Վնտ., 1811, էջ 113–120:
Սոփերք հայկականք, հ. 19, Վնտ., 1854:
Օրմանյ ան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Սուրբերու կյանքը, [ժող.], Բեյրութ, 1994:
Памятники армянской агиографии, Е., 1973, с. 186-194.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am