ԱՎԱԳ ՎԱՆՔ, Ս. Առաքելոց վանք, Ս. Լուսավորչի անապատ, Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց և Եկեղյաց գավառների սահմանում, Սեպուհ լեռան ստորոտին, Կարնի գյուղի մոտ: Ըստ ավանդության` 53-ին հիմադրել է Թադեոս առաքյալը, IV դ. վերանորոգել ու այստեղ միաբանություն հաստատել Գրիգոր Ա Լուսավորիչը:

Ավագ վանքը XIII դ. սկզբին դարձել է գրչության ու արվեստի նշանավոր կենտրոն. պահպանվել են երկու նկարազարդ Ավետարաններ (1201, ծաղկող` Հովհաննես) և մեծահռչակ «ՄշոՃառընտիրը» (1200–02): XIII դ. սկզբին վանքն ունեցել է չորս եկեղեցի` Ս. Աստվածածին, Ս. Թադեոս կամ Ս. Առաքելոց, Ս. Կարապետ և Ս. Ստեփանոս: Ջալալեդդինի հրոսակախմբերի ավերածությունների հետևանքով 1230-ից Ավագ վանքն առժամանակ չի գործել: Վերաբացվել է XIV դ., վանահայր Մովսես վրդ. Երզնկացու ջանքերով, որը պարսպապատել է վանքը և նորոգել շինությունները:

XII դ. վերջից գործել է վանքի դպրոցը, որը XIV դ. ավարտին աչքի է ընկել ուսուցման բարձր մակարդակով: 1460-ական թթ. սկզբին` Հովհաննես Համշենցու րաբունապետության ժամանակ վերածվել է համալսարանի, որը պատրաստել է վարդապետներ, գրիչներ, նկարիչներ, երաժիշտներ: Այստեղ սովորելու և դասավանդելու են եկել տարբեր վայրերից:

1482-ին համալսարանը տեղափոխվել է նույն գավառի Կապոսի վանքը: XV դ. Ավագ վանքը վերստին առաջընթաց է ապրել, վերանորոգվել է Աստվածատուր վրդ. Ջերմացու ջանքերով: Արգասավոր գործել է գրչության կենտրոնը, որտեղ բազում ձեռագրեր են ընդօրինակվել (մեծ մասը` ձեռամբ Առաքել գրչի): XIX դ. Ավագ վանքն ունեցել է մատենադարան (մինչև 1915-ը), ինչպես նաև ընդարձակ հողեր, այգի, անտառ, ջրաղաց, ուխտավորների համար` 100-ից ավելի սենյակներ: Իբրև թեմ ընդգրկել է 10 գյուղ:

Ավագ վանքի համալիրից պահպանվել է կիսավեր երեք եկեղեցի, իսկ աշխարհիկ շենքերի հետքերը նշմարվում են վանքի արևմտյան և հարավային կողմերում: Ս. Աստվածածին եկեղեցին ունի եզակի հորինվածք. առանց որմնամույթերի գմբեթավոր դահլիճ է` հարավից և հյուսիս կից ավանդատներով, որոնք կառույցին տալիս են խաչաձև ծավալատարածական կերպար: Հյուսիսային կողմում կանգուն Ս. Թադեոս (կամ Ս. Առաքելոց) եկեղեցին մեկ զույգ քառակուսի մույթերով եռանավ բազիլիկ է` պայտաձև հատակագիծ ունեցող Ավագ խորանով: Պատերին կան XV դ. արձանագրություններ: Ս. Աստվածածին և Ս. Թադեոս եկեղեցիների միջև, նրանց կից, գտնվում է Ս. Կարապետ միանավ, թաղածածկ եկեղեցին:

Ավագ վանքում պահվող հայտնի սրբություններից է եղել բուժիչ հատկություններով օժտված «Դեղթափ»-ը` Կոստանդիանոս Մեծ կայսրի (306–337) և կայսրուհու դիմապատկերները վրան փորագրած հակինթե խոշոր քարը, որը կայսրը Հռոմում նվիրել էր Տրդատ Գ թագավորին: Ավագ վանքը գործել է մինչև Մեծ եղեռնը:

Մուրադ Հասրաթյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Սյուրմենյ ան Գ., Երզնկա, Կահիրե, 1947:

Ոսկյան Հ., Բարձր Հայքի վանքերը, Վնն., 1951:

Թիերի Ժ.Մ., Սեպուհ լեռան հուշարձանները (հնագիտական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1989, դ 4–6:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am