ԱՎԵՏԱՐԱՆ, Աստվածաշնչի երկու հիմնական մասերից երկրորդի՝ Նոր կտակարանի առաջին չորս գրքերի ընդհանուր և դրանցից յուրաքանչյուրի առանձին անվանումը: «Ավետարան»-ը հունարեն «εναγγελιοք υ» (էվանգելիոն) բառի թարգմանությունն է, որ նշանակում է բարի լուր: Քրիստոնեական գաղափարախոսության ըմբռնմամբ այդ բարի լուրը՝ ավետիսը, որ տրվել է մարդկությանը, Աստծո և մարդու միջև կնքվող հաշտությունն էր, որով մարդ արարածն արժանի է դարձել Աստվածային շնորհին, այսինքն՝ լինելու ժառանգորդը «երկնային արքայության», ինչը և տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի միջոցով: I դ. Քրիստոնյաներն «ավետարան» բառն օգտագործել են այդ իմաստով: Նույն իմաստով է այն օգտագործվում հունական Նոր կտակարանի նախնական տեքստում:

II դարից սկսած «ավետարան» անվանումը հիմնականում տրվել է Նոր կտակարանի առաջին չորս գրքերին: Դրանք են՝ Ավետարան ըստ Մատթեոսի, Ավետարան ըստ Մարկոսի, Ավետարան ըստ Ղուկասի, Ավետարան ըստ Հովհաննեսի:

Ավետարնների գրության երեք հիմնական շարժառիթներն էին. ա. Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկությանը հաղորդակից դարձնել աստվածային բարի լուրին, բ. Քրիստոսի երկրային կյանքի եկեղեցական բանավոր ավանդությունը վերածել գրավոր վկայության, ինչը I դ. եկեղեցու հրամայականն էր, գ. բավարարել I դ. եկեղեցու քարոզչական և ծիսական որոշ կարիքներ:

Ավետարանների միջոցով եկեղեցին մարդկությանը բացատրում է, թե ինչպես է ծնվել Հիսուսը, ինչ ճանապարհ է անցել իր երկրային կյանքում, ինչ է քարոզել, սովորեցրել մարդկանց, ինչպիսի հրաշքներ է գործել, հանուն ինչի է խաչվել, մահը հանձն առել և ի վերջո՝ հարություն առել: Ավետարանները թեև ներկայացնում են Հիսուս Քրիստոսին, սակայն նրա ամբողջական կենսագրությունը չեն, այլ Քրիստոսով ներկայացնում են քրիստոնեական վարդապետության հիմնադրույթները:

Ավետարանները Տիրոջ կյանքից և վարդապետությունից առնված առանձին դեպքերի, դրվագների և խոսքերի շարադրանքն են, որոնք եկեղեցու հարուստ ավանդության մի մասն են միայն: Այդ հատվածական տեղեկությունների հիմնական նպատակն է ցույց տալ, որ Քրիստոսով իրականացան մարդկության փրկության համար տրված Աստծո խոստումները:

Չորս Ավետարաններից յուրաքանչյուրն ունի Հիսուս Քրիստոսի անձը, դեպքերը և ուսուցումները շարադրելու իր ուրույն տեսակետը: Առաջին երեքը ձևի և բովանդակության ընդհանրության պատճառով ստացել են Համատեսական (synoptique) անվանումը և տարբերվում են վերջինից՝ Հովհաննեսի Ավետարանից:

Առաջին երեք Ավետարաններում նկարագրվում է Քրիստոսի առավելապես մարդկային կողմը, իսկ չորրորդում՝ աստվածայինը: Այդ պատճառով Համատեսական Ավետարանը հին մեկնիչներն անվանել են «մարմնական», իսկ վերջինը՝ «ոգեկան»:

II դարից սկսած ի հայտ են եկել պարականոն, կեղծանուն Ավետարաններ (տե՛ս Պարականոն գրքեր), որոնցից հիշատակելի են Պետրոսի ավետարանը, Հակոբոսի նախավետարանը, Թովմասի ավետարանը կամ Քրիստոսի մանկությունը, Նիկոդեմոսի, Փիլիպպոսի, Մարիամի ավետարանները ևն, սակայն եկեղեցու հայրերի հաստատած Նոր կտակարանի կանոնի (տե՛ս Կանոնական գրքեր) ավետարանական գրքերը ներկայացնում են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները:

Ավետարանը հայ իրականության մեջ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301) ի վեր Հայաստանի եկեղեցիներում մինչ գրերի գյուտը հունարեն և ասորերեն լեզուներով Ավետարան է ընթերցվել, թարգմանվել և բացատրվել հայ շինականին, ռամիկին, իշխանավորին և արքունիքի անդամներին: Հայոց պատմության ոսկեդարը պայմանավորված էր Սահակ-Մեսրոպյան գրերի գյուտով, իսկ գրերի գյուտը՝ ավետարանական պատգամները հայ հոգուն առավել հարազատ դարձնելու հրամայականով: Հայոց պատմության մեջ Աստվածաշունչ մատյանի գրքերի մեջ իրենց գերապատիվ տեղն են ունեցել և բազմիցս արժեքավորվել հատկապես Ավետարանները: Եղիշեի բնորոշմամբ՝ «Հայր մեր զսուրբ Աւետարանն գիտեմք, եւ մայր՝ զԱռաքելական եկեղեցի կաթողիկե»:

Վարդանանց պատերազմի ժամանակ, երբ պարսից զորքը Հայաստան է մտել, հայ հոգևորականներից ոմանք, ըստ Եղիշեի՝ «զԱւետարանն ի ձեռն առեալ» աղոթել են առ Աստված, իսկ մարզպան Վասակ Սյունեցու գործունեության շրջանում հայ եպիսկոպոսները «զԱւետարանն ի ձեռն առեալ» շտապել են սպարապետ Վարդան Մամիկոնյանի մոտ, «սուրբ Աւետարանաւս» աղաչել մարզպանի և պարսից մոգերի կատարած չարագործությունների առաջն առնել: Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկն իր տառապանքների ժամանակ փոքրիկ Ավետարան է ունեցել, որը պատկանել է Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևին, «...եւ Նովաւ ի ծածուկ զԱստուած աղաչէր» («Սոփերք հայկականք», հ. 9, էջ 27): Հայոց թագավորներն իրենց երդումը Ավետարանի վրա են տվել:

Գրիգոր Տաթևացին և Վարդան Վարդապետը վկայում են, որ հայերը «բանս յԱւետարանէն գրելով» տվել են հանգուցյալ քահանայի ձեռքը: Ավետարանները որպես պաշտպանիչ զորություն պատերազմի դաշտ են տարել: Երբ Վասպուրականի իշխան, զորավար Գուրգեն Արծրունին (Ապուպելճ) կռվում էր արաբ զորապետ Բուղայի դեմ, հայ քահանաները «բարձեալ ի վեր զԱւետարանն սուրբ» աղոթք են արել, և Արծրունյաց իշխանը շահել է 851-ի ճակատամարտը: Ինչպես վկայում են Հովհան Ոսկեբերանը և ուրիշներ, որպես պահպանիչ զորություն հնուց ի վեր սովորություն է եղել Ավետարաններից հատվածներ ընդօրինակելը և անձի վրա կրելը: Այդ երևույթը եղել է նաև հայ իրականության մեջ. ըստ Հովհաննես Երզնկացու, հայ կանայք իրենց զավակների պարանոցից փոքր «ավետարանակ կապեն» որպես պահպանություն: Մեծոփավանքի առաջնորդ և վանքի դպրոցի ղեկավար Հովհաննես Մեծոփեցու (XIV–XV դդ.) մասին Թովմա Մեծոփեցին պատմում է, թե «հաւատացելոց եւ անհաւատից» համար «Աւետարանին ընթերցմամբ» ցավեր ու հիվանդություններ էր բժշկում: Հայտնի է, որ բժշկության աղոթքների կողքին կան նաև «Աւետարանք բժշկութեան» (Մաշտոց ծիսամատյան), այսինքն՝ Քրիստոսի աստվածային-աստվածաշունչ խոսքերը կարդալը և ունկնդրելը արդեն իսկ երկնային օգնություն էր հիվանդներին, ուստի, հնուց ի վեր եկած ավանդության համաձայն, յուրաքանչյուր քրիստոնյա հիվանդության ժամանակ հրավիրում է եկեղեցականի, որն իր այցելությամբ՝ ձեռքը հիվանդի գլխին դնելով, կարդում է բժշկության աղոթք՝ Ավետարան՝ ի ապաքինումն օրհնելով հիվանդին:

Ավետարանը ընթերցվում է եկեղեցական գրեթե բոլոր արարողությունների ընթացքում: Եկեղեցականն օրհնում է «Սուրբ խաչիւս եւ Սուրբ Աւետարանաւս» (Մաշտոց), այսինքն՝ ս. խաչով և ս. Ավետարանով: Եկեղեցական ծիսական կյանքում Ավետարանն այն եզակի գիրքն է, որը երկրպագելի և համբուրելի է, սակայն, ինչպես նշում է Վրթանես Քերթողն իր «Յաղագս պատկերամարտից» երկում, այդ հարգանքը մատուցվում է ոչ թե գրքի նյութին, այլ՝ Ավետարանի միջոցով և նրանում ներկայացված Փրկչին: Հայ մատենագրության մեջ Ավետարանն ամենաշատ ընդօրինակված գիրքն է:

Ավետարանի մեկնությունները. եկեղեցու բոլոր հայրերը գրել են Ավետարանների մեկնություններ, որոնք ունեցել են դավանաբանական և գործնական-ծիսական նշանակություն: Հայ եկեղեցու հայրերը և վարդապետները չափազանց կարևորել են Ավետարանների մեկնությունները և տարբեր ժամանակներում, չնայած հրապարակի վրա եղած համաբնույթ մեկնությունների, օրվա հոգևոր կարիքները հոգալու նպատակով, վերստին մեկնել և բացատրել են այս կամ այն Ավետարանը: Ավետարանների մեկնության առաջին փորձերը հայ իրականության մեջ կատարվել են դեռևս V դ. (Դավիթ Անհաղթի մեկնությունը՝ «Զանազանութիւն Սրբոյ Աւետարանին Քրիստոսի»): Հայ հեղինակներից Ավետարանները մեկնել են Ստեփանոս Սյունեցին («Մեկնութիւն չորից Աւետարանչաց»), Մատթեոսի Ա.՝ Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Մարկոսի Ա.՝ Բարսեղ Մաշկևորցին (XIII դ.), Ղուկասի Ա.՝ Սարգիս Կունդը (XII դ.), Իգնատիոս Սևլեռնեցին (XIII դ.), Մատթեոս Ջուղայեցին, Հովհաննեսի Ա.՝ Սարգիս Կունդը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Մատթեոս Ջուղայեցին, Գրիգոր Խլաթեցին և ուրիշներ:

Ղուկաս աբեղա Զաքարյան

Հայկական նկարազարդ ձեռագրերի ճնշող մեծամասնությունը Ավետարաններ են: Երևանի Մատենադարանում պահվում են շուրջ 1750 ձեռագիր Ավետարաններ: Հնագույններն են «Վեհամոր Ավետարանը», որն ընդօրինակվել է VII–VIII դդ., «Մլքեթագուհու Ավետարանը» (862), «Լազարյան Ավետարանը» (887) և «Վեհափառի Ավետարանը» (XI դ.): X–XI դդ. նկարազարդվել են «Էջմիածնի Ավետարանը» (989), «Տրապիզոնի Ավետարանը» (X դ.), «Ծուղրութի Ավետարանը» (974), «Ադրիանուպոլսի Ավետարանը» (1007), Երուսաղեմի մատենադարանում պահվող № 2555 ձեռագիրը, 1038-ի Ավետարան, «Կարսի Ավետարանը» (1064), «Մողնու Ավետարանը» (XI դ.) ևն: «Հաղպատի Ավետարան»-ի (1221), «Խաչենի Ավետարան»-ի (1224) և «Թարգմանչաց Ավետարան»-ի (1232) մանրանկարներում շեշտված են առավելապես ազգային հոգեբանության և տեղի գեղագիտական նախասիրություններից բխող առանձնահատկությունները: Պատկերաշարի ընդգրկման և դրանց թեմատիկ մեկնաբանության տեսակետից Ավետարանների նկարազարդումները հետագա զարգացում են ապրել XII–XIV դդ., Բարձր Հայքի, Սյունիքի, Արցախի, Անի-Շիրակի, Գլաձորի, Ղրիմի, հատկապես Վասպուրականի և Կիլիկիայի մանրանկարչության դպրոցներում: Լավագույն նմուշներից են Երևանի Մատենադարանի № 7644 ձեռագիրը (XIII դ.), «Ութ մանրանկարիչների Ավետարանը», 1260-ին ընդօրինակված Ավետարանը, որը նկարազարդել է Թորոս Ռոսլինը (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. №251), 1302-ին ընդօրինակված Ավետարանը (Մատենադարան, ձեռ. №6792) ևն: Ավետարանների հարդարանքը ամբողջացնում են դրոշմազարդ և այլ կազմերը, խորանազարդերը, անվանաթերթերը և լուսանցազարդերը (բույսերի, կենդանիների պատկերներ, երկրաչափական զարդանախշեր):

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881:

Սարաֆյան Գ., Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1950:

Եղիայան Բ., Քննական պատմութիւն Սուրբ-գրական ժամանակներու, գիրք 4, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1974:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:

Պետրոսյան Ե., Ավետարանների միջնադարյան հայկական մեկնություններ, «Էջմիածին», 1982, №1:

Նույնի, Ներածություն Նոր կտակարանի, Ս. Էջմիածին, 1996:

Մանուկյան Ս., Ներածութիւն Աստուածաշունչի, Ս. Էջմիածին, 1984:

Մանուկյան Ա., Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1995:

Կայայան Ա., Նոր կտակարանի ընդհանուր ներածություն,Ե., 1996:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am