Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ավետարան ըստ Հովհաննեսի

 ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ. գրվել է I դ. վերջին, Եփեսոսում: Բաղկացած է 21 գլխից: Հովհաննես ավետարանիչը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից էր և կոչվել է Քրիստոսի «սիրեցյալ աշակերտ» (Հովհ. 13. 23, 19.26, 21.7,20): Եկեղեցական պատկերագրության մեջ ներկայացվում է արծվի կերպարանքով, որովհետև իր Ավետարանում Փրկչին պատկերել է ոչ թե որպես պարզապես երկրային մի էակ, այլ աստվածաբանական բարձր ու վերասլաց ձևակերպումներով, երկնային անմատույց հավիտենական լույսի միջից մարմնացյալ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկանց հավիտենական կյանք պարգևող փրկություն:

Չորրորդ Ավետարանի աստվածաբանական կարևորությունը հենց սկզբից Քրիստոսի Աստվածությունը հռչակելու մեջ է. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»: Բանի աստվածաբանության այսօրինակ կարևորումը մեծապես պայմանավորված էր անտիկ փիլիսոփայության ավանդներով դաստիարակված հույներին այդ փիլիսոփայության իսկ լեզվով աստվածային Խոսքի հայտնությունը բացատրելու անհրաժեշտությամբ: Հովհաննես ավետարանիչը համարվում է քրիստոնյա առաջին աստվածաբանը և հայտնի է նաև Հովհաննես Աստվածաբան անունով:

Հովհաննեսի ավետարանի գրության պատճառը լավագույնս ձևակերպել է ինքը՝ ավետարանիչը. «Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաև՝ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք» (20.31): Հովհաննես ավետարանչի մոտ հրաշքները հստակորեն ձևակերպվում են որպես «նշաններ»՝ շեշտելով Քրիստոսի կատարած հրաշագործությունները որպես մեսիական մի արարք՝ աստվածաբանական խոր իմաստով, ինչպես նաև պատասխանելով այն հրեաներին, ովքեր Քրիստոսից նշան էին խնդրում:

Հովհաննեսի ավետարանի բովանդակությունը հիմնականում հետևյալն է.

1. Հավիտենական Խոսքը՝ Քրիստոս, նրա երկրային ծնունդը՝ մարմնացումը և Հովհաննես Մկրտչի վկայությունը Հիսուսի մասին (1.1–34):

2. Հիսուսի առաջին աշակերտները, Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը, Կանայի հարսանիքը, Տաճարում առևտուր անողների վտարումը, Հիսուս և Նիկոդեմոս, զրույց սամարացի կնոջ հետ (1.35–4.42):

3. Բժշկումներ, Մարդու Որդուն տրված իշխանության մասին (4.43–5.47):

4. Հացի բազմացումը, Հիսուսը քայլում է ծովի վրայով (6.1–21): Հիսուս՝ կենաց հաց (6.22–72):

5. Վեճ Հիսուսի անձի շուրջ (գլ. 7): Շնացող կինը (8.1–11):

6. Հիսուս՝ լույսն աշխարհի (8.12–59):

7. Ի ծնե կույրի բժշկումը (գլ. 9): Ճառ բարի հովվի մասին (գլ. 10):

8. Ղազարոսի հարությունը (գլ. 11):

9. Մուտք Երուսաղեմ, խաչի խորհուրդը (գլ. 12):

10. Հիսուսը լվանում է իր աշակերտների ոտքերը (13. 1–20), կանխասացություններ (13. 21–16.33):

11. Հիսուսի աղոթքն առ Հայր (գլ. 17): Մատնությունը, չարչարանքները, խաչելությունը և հարությունը (18.1–19.42):

12. Հարուցյալ Քրիստոս, երևումներն իր աշակերտներին, Թովմաս առաքյալի անհավատությունը, այլ երևումներ (20.1–21.25):

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881:

Սարաֆյան Գ., Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1950:

Եղիայան Բ., Քննական պատմութիւն Սուրբ-գրական ժամանակներու, գիրք 4, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1974:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:

Պետրոսյան Ե., Ավետարանների միջնադարյան հայկական մեկնություններ, «Էջմիածին», 1982, №1:

Նույնի, Ներածություն Նոր կտակարանի, Ս. Էջմիածին, 1996:

Մանուկյան Ս., Ներածութիւն Աստուածաշունչի, Ս. Էջմիածին, 1984:

Մանուկյան Ա., Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1995:

Կայայան Ա., Նոր կտակարանի ընդհանուր ներածություն,Ե., 1996:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am