ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ. ժամանակագրական առումով առաջին Ավետարանն է: Գրվել է մոտ 64–70-ին: Բաղկացած է 16 գլխից: Իշխող կարծիքի համաձայն՝ գրվել է Հռոմում: Ուղղված է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին: Գրքի հեղինակը Մարկոս ավետարանիչն է՝ Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից, ծագումով՝ երուսաղեմացի: Կոչվել է նաև Հովհաննես (Գործք 15.37–39), երբեմն էլ՝ Հովհաննես-Մարկոս:
Ենթադրվում է, որ Մարկոսն այն երիտասարդն էր, որ Հիսուսի ձերբակալության ժամանակ թողել է իր հագուստն իրեն բռնող հռոմեական զինվորների ձեռքը և մերկ փախել (Մարկ. 14.51–52): Մարկոս ավետարանիչը Բառնաբասի եղբոր որդին էր, Պետրոս առաքյալի թարգմանը, ինչպես նաև՝ Քրիստոսի առաքելական խմբին կից կանանցից Մարիամի զավակը: Ըստ եկեղեցական ավանդության՝ Մարիամի տանն է Քրիստոսը կատարել Վերջին ընթրիքը:
Ենթադրվում է, որ այս տանն են տեղի ունեցել Հոգեգալստյան իրադարձությունները, ինչպես նաև այստեղ են հավաքված աղոթել Քրիստոսի աշակերտները, երբ վերադարձել է բանտարկությունից ազատված Պետրոս առաքյալը: 45-ին Մարկոս ավետարանիչը եղել է Պողոս առաքյալի և Բառնաբասի ուղեկիցը քարոզչական առաջին ճանապարհորդության ժամանակ:
51–52-ին, Երուսաղեմի առաքելական ժողովից հետո, Բառնաբասի հետ մեկնել է Անտիոք, 54– 61-ին՝ Պետրոս առաքյալի հետ եղել Անտիոքում, միասին այցելել են Փոքր Ասիայի եկեղեցիները: Պետրոս առաքյալի և Մարկոս ավետարանչի միջև եղած կապն այնքան ջերմ է եղել, որ առաքյալը նրան անվանել է իր «որդին» (Ա Պետր. 5.13): Հռոմում հանդիպել է ձերբակալված Պողոս առաքյալի հետ, այնուհետև ուղևորվել Եգիպտոս, եղել Ալեքսանդրիայում:
Համաձայն եկեղեցական ավանդության՝ Մարկոս ավետարանիչը եղել է Ալեքսանդրիայի առաջին եպիսկոպոսը, որտեղ և նահատակվել է տեղի քրիստոնյա համայնքը 20 տարի առաջնորդելուց հետո: Նահատակությունից հետո հեթանոսները փորձել են այրել ավետարանչի մարմինը, սակայն խարույկ պատրաստելու ժամանակ մեծ դղրդյուն է առաջացել, և բոլորը վախեցած փախել են: Քրիստոնյաներն ավետարանչի մարմինն ամփոփել են քարե դամբարանի մեջ: 310-ին Մարկոս ավետարանչի աճյունի վրա կառուցվել է եկեղեցի:
820-ին, քրիստոնյաների դեմ արաբական իշխանությունների հալածանքների ժամանակ, Մարկոս ավետարանչի աճյունը տեղափոխել են Վենետիկ՝ ամփոփելով իր անունը կրող եկեղեցում: Եկեղեցական պատկերագրության մեջ Մարկոս ավետարանիչը ներկայացվում է առյուծի տեսքով, որովհետև նրա Ավետարանում ընդգծվում է Քրիստոսի թագավորական պաշտոնը, ինչն ակնարկվում է կենդանիների արքայի՝ առյուծի պատկերագրությամբ:
Մարկոսի ավետարանի բովանդակությունը հիմնականում հետևյալն է.
1. Հովհաննես Մկրտչի քարոզչությունը, Հիսուսի մկրտությունը (1.1–13):
2. Առաքյալների ընտրությունը և որոշ հրաշքներ (1.14–2.17):
3. Առակներ, խոսքեր, բժշկումներ, հրաշքներ (2.18–5.43):
4. Մեսիայի մերժվելը Իսրայելի կողմից: Աստծո թագավորության հայտնությունը հեթանոսներին (6.1–8.26):
5. Բժշկումներ, կանխասացություններ Մեսիայի խաչելության մասին, Հիսուսի պայծառակերպությունը, ամուսնալուծության և հարստության մասին խոսքերը (8.22–10.52):
6. Մուտք Երուսաղեմ և վերջին ուսուցումները (11.1–13.37):
7. Վերջին ընթրիք, Հաղորդության խորհըրդի հաստատումը, աղոթք Գեթսեմանիի պարտեզում, մատնություն և ձերբակալում, չարչարանքները, խաչելությունը, մահը, թաղումը և հարությունը (14.1–16.8):
8. Հիսուսի երևալն իր աշակերտներին, տիեզերական առաքելություն, Հիսուսի համբարձումը (16.9–20):
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881:
Սարաֆյան Գ., Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1950:
Եղիայան Բ., Քննական պատմութիւն Սուրբ-գրական ժամանակներու, գիրք 4, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1974:
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:
Պետրոսյան Ե., Ավետարանների միջնադարյան հայկական մեկնություններ, «Էջմիածին», 1982, №1:
Նույնի, Ներածություն Նոր կտակարանի, Ս. Էջմիածին, 1996:
Մանուկյան Ս., Ներածութիւն Աստուածաշունչի, Ս. Էջմիածին, 1984:
Մանուկյան Ա., Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1995:
Կայայան Ա., Նոր կտակարանի ընդհանուր ներածություն,Ե., 1996:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am