Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ավետարան ըստ Ղուկասի

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ. Ղուկասի ավետարանի գրության ենթադրյալ վայրերն են Անտիոքը, Հռոմը, Կեսարիան, Հունաստանի Աքայիան ու Բիոտիան և Եփեսոսը: Առավել հավանական է համարվում Եփեսոսը:

Գրվել է 70-ից ոչ շատ ուշ: Բաղկացած է 24 գլխից: Նախատեսված է հեթանոսությունից դարձի եկածների համար: Ղուկաս ավետարանիչը Հիսուսի 72 աշակերտներից էր, ծնվել է Անտիոքում: Ծագումով հույն էր, մասնագիտությամբ՝ բժիշկ: Մի շարք եկեղեցական հայրեր և մեկնիչներ Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկի հետ (24.13–35), որոնց անուններն ավետարանիչը չի տալիս: Ղուկաս ավետարանիչը Նոր կտակարանում անվանապես հիշատակվում է հետևյալ հատվածներում՝ Կողոս. 4.14, Փիլ. 1.24, Բ Տիմ. 4.11: Ավետարանիչը մասնակցել է Պողոս առաքյալի երկրորդ ճանապարհորդությանը՝ դառնալով նրա անբաժան ընկերը: Պողոս առաքյալի նահատակությունից հետո հեռացել է Հռոմից, եղել Աքայիայում, Լիբիայում, Եգիպտոսում, Թեբեում և այլուր: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբեում: Աճյունը Անդրեաս առաքյալի աճյունի հետ Կոստանդին կայսրի օրոք տեղափոխվել է Կ. Պոլիս:

Ղուկաս ավետարանիչը հեղինակն է նաև Նոր կտակարանի գրքերից Գործք առաքելոցի, որը համարվում է «հինգերորդ Ավետարան» կամ «Սուրբ Հոգու Ավետարան»: Եկեղեցական պատկերագրության մեջ Ղուկաս ավետարանիչը ներկայացվում է եզան կերպարանքով, որովհետև նրա Ավետարանում ընդգծվում է Քրիստոսի քահանայական պաշտոնը, ինչն ակնարկվում է զոհաբերության խորհրդանիշը հանդիսացող եզան պատկերագրությամբ:

Ղուկասի վետարանը գրվել է ոմն Թեոփիլոսի խնդրանքով: Վերջինս հրեա չէր, ուստի ավետարանիչն ավետարանական խորհուրդների բացատրությունները ներկայացրել է առավել մանրամասնորեն՝ հեթանոս միջավայրին հասկանալի դարձնելու համար: Ղուկաս ավետարանիչը, իր ձեռքի տակ ունենալով այլ աղբյուրներ, փորձել է առավել համակարգված ներկայացնել իր գրած Ավետարանը, ուստի և սկսել է Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումից:

Ղուկասի ավետարանի բովանդակությունը հիմնականում հետևյալն է.

1. Նախաբան: Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծննդյան հետ կապված դրվագներ (գլ. 1–2):

2. Հովհաննես Մկրտչի քարոզչությունը, Հիսուսի մկրտությունը, ազգաբանությունը, փորձությունները, քարոզչության սկիզբը (3.1–4.30):

3. Հրաշքները Գալիլիայում, Աստծո թագավորության հայտնությունը գործերով և ուսուցումներով (4. 31–9.50):

4. Ուղևորությունը Երուսաղեմ, հրաշքներ և ուսուցումներ (9.51–19.28):

5. Հիսուսի մուտքը Երուսաղեմ, վարդապետությունները չարչարանքներից առաջ, Վերջին ընթրիք (19.29–22.38):

6. Աղոթքը Ձիթենյաց լեռան վրա, մատնությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը և թաղումը (22.39–23.56):

7. Հիսուսի հարությունը, հանդիպումն Էմմավուսի ճամփորդների հետ, երևումն իր առաքյալներին և համբարձումը (գլ. 24):

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881:

Սարաֆյան Գ., Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1950:

Եղիայան Բ., Քննական պատմութիւն Սուրբ-գրական ժամանակներու, գիրք 4, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1974:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:

Պետրոսյան Ե., Ավետարանների միջնադարյան հայկական մեկնություններ, «Էջմիածին», 1982, №1:

Նույնի, Ներածություն Նոր կտակարանի, Ս. Էջմիածին, 1996:

Մանուկյան Ս., Ներածութիւն Աստուածաշունչի, Ս. Էջմիածին, 1984:

Մանուկյան Ա., Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1995:

Կայայան Ա., Նոր կտակարանի ընդհանուր ներածություն,Ե., 1996:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am