ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԵՎ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1968-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցի: Դեռևս 1950-ական թթ. սկզբին Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպվել են հայ եկեղեցական համայնքներ և եկեղեցական վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցական ունենալու: Առաջին հայ հոգևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954-ին, եղել է Ասողիկ ծայրագույն վրդ. Ղազարյանը (1957-ից՝ եպիսկոպոս): 1958-ին նա նշանակվել է Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետական պատվիրակ (կենտրոնը՝ Սիդնեյ և Կալկաթա): 1966-ին Գարեգին եպիսկոպոս Գազանճյանը (Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ 1990–98-ին) նշանակվել է պատվիրակի փոխանորդ, իսկ 1968-ին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմի առաջնորդ:
Սիդնեյում հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Ս. Հարությունը, օծվել է 1957-ին: 1965-ին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնվել է եկեղեցի, որը 1976-ին և 1991-ին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով: Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր: 1955-ից հրատարակվում է «Լույս» կրոնաեկեղեցական ամսաթերթը:
Մելբուռնի հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Ս. Աստվածածինը, գործում է 1962-ից: 1976-ին համայնքը քաղաքի հայաշատ արվարձանում ձեռք է բերել ավելի մեծ եկեղեցի՝ կից սրահներով և գրասենյակային հարմարություններով: Այստեղ ևս գործում են եկեղեցու վարչություն, եկեղեցուն կից՝ շաբաթօրյա վարժարան (1985-ից), Տիկնանց, Երիտասարդաց և այլ միություններ: 1966-ից լույս է տեսնում «Հույս» երկամսյա պարբերականը:
Ավստրալահայ համայնքի ազգային, կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից):
Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին: Նոր Զելանդիայում բնակվող շուրջ 60 հայ ընտանիքները կենտրոնացած են գլխավորապես Օքլենդ քաղաքում: Համայնքի հոգևոր կարիքները հոգում են այցելու հոգևորականները:
Ավստրալիայի Եվ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդն է եղել Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (1981-ից):
Աղան արք. Պալիոզյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am