ԲԱԲԿԵՆ Ա ՈԹՄՍԵՑԻ [ծ. թ. անհտ, գ. Ոթմուս (Վանանդ գավառում) – 516], Ամենայն հայոց կաթողիկոս 490-ից: Աշակերտել է Հովհաննես Ա Մանդակունուն, ում և հաջորդել է: Նրա կյանքի և գործունեության վերաբերյալ հայ մատենագրությունը գրեթե ոչինչ չի հաղորդում: Հայրապետության տարիները համընկել են Վահան Մամիկոնյանի (487–505) և նրա կրտսեր եղբայր Վարդ Մամիկոնյանի (505–510) մարզպանության շրջանին, որն անցել է մեծ մասամբ խաղաղությամբ: Բաբկեն Ա Ոթմսեցին եռանդուն մասնակցել է ժամանակի դավանական վեճերին, պայքարել նեստորականության դեմ, մեծ դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի (451) նկատմամբ Հայ եկեղեցու վերաբերմունքի ճշտման և հակաքաղկեդոնական դիրքորոշման ամրապնդման գործում:
Բաբկեն Ա Ոթմսեցուց պահպանվել են երկու դավանաբանական թղթեր՝ միևնույն վերնագրով («Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս»): Առաջինը գրվել է Դվինի 506-ի ժողովի (տե՛ս Դվինի եկեղեցական ժողովներ) ժամանակ և հավանությամբ (ժողովը հրավիրել և գլխավորել է Բաբկեն Ա Ոթմսեցին): Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնք հալածանքների էին ենթարկվում նեստորականներից, պաշտպանություն էին հայցել Հայոց կաթողիկոսից և Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ կաթողիկոսը գրով հաստատի, թե որն է ճշմարիտ հավատը, քանի որ նեստորականները պարծեցել էին, թե հայերը ևս իրենց հավատքն ունեն: Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու ժողովի անունից գրել է առաջին թուղթը` հավաստելով, որ Հայ եկեղեցին չի ընդունում նեստորականությունը և չի հաղորդակցվում նեստորականների հետ, իսկ Նեստորի և նրա կողմնակիցների վարդապետությունը մերժում է ու նզովում: 508/509-ին գրված երկրորդ թուղթն արձանագրում է, որ Պարսկաստանի ուղղափառ քրիստոնյաները, Սիմեոն Բեթ-Արշամացու գլխավորությամբ, երկրորդ անգամ են եկել Հայաստան և Հայոց կաթողիկոսին տեղեկացրել, որ նեստորականները չեն հավատացել առաջին թղթին և չեն ընդունել ուղղափառ ասորիների ու հայերի դավանությունը ճշմարիտ հավատքի մասին: Նեստորականները` «ի ժողովոյն Քաղկեդոնի զօրացեալ», շարունակել են ավելի եռանդուն տարածել իրենց մոլորությունները:
Բաբկեն Ա Ոթմսեցին Տարոնի Մերշապուհ եպիսկոպոսի, Վարդ Մարզպանի և այլ եպիսկոպոսների ու նախարարների անունից երկրորդ թղթով կրկին հավաստել է, որ Հայ եկեղեցին 431-ի Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո չի ընդունում որևէ նորամուծություն, նզովում է Նեստորին և Անտիոքի դպրոցի բոլոր ներկայացուցիչներին ու նրանց հետևողներին Պարսկաստանում, այդ թվում` նեստորականների Բաբե կաթողիկոսին: Երկրորդ թուղթը կարևոր տեղեկություններ է պարունակում VI դ. Սկզբին Հայ եկեղեցու դավանական դիրքորոշման վերաբերյալ: Առաջին անգամ հայ դավանական գրվածքներում և մատենագրության մեջ հիշատակվում է Քաղկեդոնի ժողովը, որն անվանվում է «ստություն», իսկ նրա որոշումները` նեստորականներին ուժ ու զորություն տվող: Առաջին անգամ է հիշվում նաև Զենոն կայսրի` ավելի շատ արևելյան ուղղափառներին բավարարող «Հենոտիկոնը», ինչպես նաև Անաստաս կայսրի թուղթը` որպես ճշմարիտ հավատքի գրություններ: Վերջապես, առաջին անգամ, ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է նաև Եվտիքեսը, ցույց տալով, որ Հայ եկեղեցին քաղկեդոնականության և նեստորականության հետ միասին մերժում է նաև ծայրահեղ միաբնակ վարդապետությունը` եվտիքականությունը:
Կաթողիկոսական գահին Բաբկեն Ա Ոթմսեցուն հաջորդել է Սամվել Ա Արծկեցին:
Արտաշես Ղազարյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Ակինյան Ն., Կյուրիոն կաթողիկոս Վրաց. Պատմություն հայվրական հարաբերությանց Է դարու մէջ, Վնն., 1910:
Տեր-Մինասյան Ե., Պատմաբանասիրական հետազոտություններ, Ե., 1971, էջ 31–45, 353–363:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am