ԲԱԳՆԱՅՐԻ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից արևմուտք, Արջո (Ալաջա) լեռան հյուսիսային ստորոտին, Բագնայր գյուղում: Ըստ պատմիչ Սամուել Անեցու, վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (արձանագրություններում կոչվում է նաև Մայր Լուսո) կառուցել է իշխան Սմբատ Մագիստրոս Պահլավունին: Երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցի է: Նրան արևմուտքից կից է կենտրոնակազմ, քառասյուն գավիթը (XI դ.), որի ծածկի կենտրոնական հատվածն ունի շթաքարազարդ երդիկով գմբեթ: Ս. Աստվածածին եկեղեցուց հարավ-արևելք երկու փոքր եկեղեցիներ են, որոնցից հյուսիսայինը (XI դ.) խաչաձև գմբեթավոր հորինվածք ունի, հարավային՝ Ս. Գրիգոր եկեղեցին (1145), մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է: Այժմ կիսավեր վանական համալիրից 400 մ հյուսիս կանգուն է Ս. Երրորդություն կենտրոնագմբեթ եկեղեցին (XI դ.)՝ արտաքուստ վեցանիստ, ներսից հնգախորան, արևմուտքից՝ վեցերորդ նիստում ուղղանկյուն թաղածածկ խորշով:
Բագնայրի վանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ գյուղեր, հողեր, այգիներ, ջրաղացներ, հնձաններ, Անիում՝ կրպակներ, հյուրատուն, Ավետարաններ և այլն: Արժեքավոր է 1232-ին Հոռոմոսի վանքում Իգնատիոսի նկարազարդած Ավետարանը, որը պատվիրատուն՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների քեռորդի Խոռասը, նվիրել է Բագնայրի վանքին: «Բագնայրի Ավետարան» անվամբ այս ձեռագիրը (Մատենադարան, ձեռ. № 1519) 2 անգամ գերեվարվել և հետ է գնվել:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմութեան, Վաղարշապատ, 1893:
Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842:
Ալիշան Ղ., Շիրակ, Վնտ., 1881:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:
Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.
Cuneo P., L’architettura della scuola regionale di Ani nell’Armenia medievale, Roma, 1977.
Thierry J.M., A propos de quelques monuments chretiens du vilayet de Kars (III), “Revue des etudes armeniennes”, t. XVII, P., 1983.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am