Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բանք իմաստնոց ժողովածու

«ԲԱՆՔ ԻՄԱՍՏՆՈՑ», «Բանք իմաստասիրաց», «Բանք եւ խրատք իմաստանոց», իմաստախոսական ասույթների ժողովածու: Թարգմանվել է հունարենից 610–720-ին: Պարունակում է տարբեր ասույթներ՝ քաղված Աստվածաշնչից, անտիկ մտածողների, եկեղեցու հայրերի ժառանգությունից: Իբրև բարոյախրատական, ուսուցողական բնույթ ունեցող հոգեշահ ընթերցանության նյութ, «Բանք իմաստնոց»-ը լայնորեն տարածված էր միջնադարյան Հայաստանում: «Բանք իմաստնոց» ժողովածուներն իրենց ընդգրկած միավորներով միատարր չեն: Ժամանակի ընթացքում նրանց մեջ ներմուծվել են նորանոր ասույթներ: «Բանք իմաստնոց»-ի վաղագույն տարբերակները հիմնականում ունեն հետևյալ թեմատիկ բաժանումը. ա. Իմաստութիւն, բ. Ուսումն, գ. Բարեկամութիւն, դ. Իշխանութիւն և Իշխանք, ե. Արիութիւն, զ. Յաղագս ընչից, է. Արծաթասիրութիւն, ը. Յաղագս փառաց, թ. Յաղագս մահուն և փոխելոյ ի կենաց, ժ. Վասն լավազգութեան, ժա. Յաղագս լռութեան, ժբ. Բախտ և անբախտութիւն, ժգ. Գինի և արբեցութիւն, ժդ. Շոգմոգք և շոգմոգքութիւն, ժե. Վասն պատուոյ հարց, ժզ. Յաղագս դաստիարակութեան որդւոց, ժէ. Յաղագս օրինաց, ժը. Յաղագս անոխակալութեան, ժթ. Յաղագս խրատուց, ի. Յաղագս բժշկաց, իա. Յաղագս երդման, իբ. Յաղագս մեղաց խոստովանութեան, իգ. Յաղագս նախախնամութեան, իդ. Յաղագս կնոջ չարաբարոյի:

Հենվելով «Բանք իմաստնոց»-ի ժողովածուների վրա՝ հայ հեղինակները հասարակության հոգևոր կարիքները բավարարելու նպատակով («ի պէտս քարոզութեանց») կազմել են նմանաբնույթ ժողովածուներ: «Բանք իմաստնոց»-ի որոշ ասույթներ տեղ են գտել հայ դավանաբանական գրականության մեջ:

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Բանք խրատուց նախնի իմաստասիրաց հունաց, «Սոփերք հայկականք», հ. 1, Վնտ., 1853, էջ 9–59:

Պողոս Ադրիանապոլսեցի, Թանգարան խրատու, հ. 1–2, Երուսաղեմ, 1870:

Ալեքսանդր Ջուղայեցի, «Վկայութիւնք ի պէտս քարոզութեանց» (Իմաստուն ասույթներ քարոզների համար), աշխատասիր. Հ. Քյոսեյանի, «Էջմիածին», 1990, № 8–9, 1991, № 1–3, № 9- 10:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am