Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բարդուղիմեոս Բոլոնիացի

ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԲՈԼՈՆԻԱՑԻ, Բարդուղիմեոս Մարաղացի [ծ. թ. անհտ, Բոնոնիա (Բոլոնիա, Իտալիա) – 1333, Քռնա], իտալացի աստվածաբան և փիլիսոփա, դոմինիկյան կրոնավոր և քարոզիչ, Մարաղայի առաջին լատին եպիսկոպոսը, հայ իրականության մեջ ունիթորական (տե՛ս Ունիթորություն) շարժման սկզբնավորող: 1318-ին Հովհաննես XXII պապը նրան Պետրոս Արագոնացու և Հովհաննես Ավինֆորդի հետ ուղարկել է Մարաղա՝ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու: Բարդուղիմեոս Բոլոնիացու՝ Մարաղայում հաստատած դոմինիկյան վանքն ու դպրոցը դարձել են ունիթորների հոգևոր և կրթական կենտրոնը: 1330-ին Բարդուղիմեոս Բոլոնիացին տեղափոխվել է Նախիջևանի Երնջակ գավառի Քռնայի վանք, որտեղ իր աշակերտներ և հետևորդներ Հովհաննես Քռնեցու և Հակոբ Քռնեցու հետ հիմնել է ունիթորական միաբանություն, ծավալել եռանդուն քարոզչական, թարգմանական և գիտական գործունեություն: Մարաղայում սովորելով պարսկերեն և հայերեն՝ նա առավել հաջողությամբ է գործել Նախիջևանի հայության շրջանում՝ կաթոլիկացնելով նրա մի հատվածին: Բարդուղիմեոս Բոլոնիացին ունի հայերեն գրված և միայն հայերենով պահպանված երկեր («Մեկնութիւն վեցօրէից», «Յաղագս հնգից ընդհանրից», «Գիրք դժոխոց», «Քարոզգիրք», «Տրամաբանութիւն» և այլն), որոնք ստեղծվել կամ թարգմանվել են հիմնականում Հակոբ Քռնեցու գործակցությամբ: Հատկապես «Քարոզգրքի» բարոյախոսական առակները մեծ հեղինակություն են վայելել, նրանցից կազմվել են առանձին ժողովածուներ: Բարդուղիմեոս Բոլոնիացու երկերը քարոզչական և ուսուցողական բուն նպատակից բացի որոշ դեր են խաղացել հայ գիտական մտքի զարգացման գործում: Բարդուղիմեոս Բոլոնիացու և Պետրոս Արագոնացու ղեկավարությամբ հայ ունիթորները թարգմանել են Թովմա Աքվինացու, Ալբերտ Մեծի, Ջիլբերտոս Պոռետացու և այլոց երկերը: Բարդուղիմեոս Բոլոնիացին կատարել է թարգմանություններ լատիներենից և պարսկերենից (Հակոբ Քռնեցու հետ) հայերեն: Նրա երկերը և թարգմանությունները հայ մտածողներին ծանոթացրել են միջնադարյան Եվրոպայի գիտական մտքին:

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:

Ոսկյան Գ., Հայ-դոմինիկյան մատենագիտական ծանոթագրություններ, «Բազմավեպ», 1922, էջ 138–139, 229–231, 262–263, 1923, էջ 35–39:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 1284–1320:

Խաչիկյան Լ., Քռնայի հոգևոր-մշակութային կենտրոնը և Հովհաննես Քռնեցու գիտական գործունեությունը, տե՛ս Հովհաննես Քռնեցի, Յաղագս քերականին, Ե., 1977:

Аревшатян С., К истории философских школ средневековой Армении (XIV в.), Е. 1980.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am