ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղից հյուսիս-արևելք, Ձաղիձորի անտառապատ ձորալանջին: Այժմ կիսավեր վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից և մատուռներից: Հյուսիսային եկեղեցին (X դ.) թաղածածկ դահլիճ է, որին հարավից կից, 1221-ին, Մամիկոնյան տոհմից Մարծպան իշխանը կառուցել է Ս. Աստվածածին գմբեթավոր եկեղեցին, վանքին նվիրել Ծաղկուտ գյուղը, այգի, սպասք և խաչեր: Եկեղեցու ուշագրավ առանձնահատկություններից են մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը և ներսից հնգանիստ խորանը:
1234-ին Հովհաննես վարդապետը և նրա եղբայր Սարգիսը կառուցել են Ս. Հարություն մատուռը: 1239-ին Համլիկ իշխանը վանքին է նվիրել Տոնական և Կարմիրքար գյուղերը, 1242-ին Սևճին կառուցել է մատուռ: 1245-ին Մարծպանի որդի Ասլանբեկը երկու մատուռ է կառուցել և վանքին նվիրել ոսկով ու մարգարիտներով զարդարված Ավետարան: 1247-ին ավարտվել է Ս. Աստվածածին եկեղեցուն հարավից կից գավթի կառուցումը: Գավիթը պատկանում է հայկական նմանատիպ կառույցների ամենատարածված՝ քառասյուն գմբեթավոր տիպին, սակայն՝ բացառիկ առանձնահատկությամբ. արևելքում ունի շենքի ծավալից դուրս եկող խորան, որի ճակատին Մամիկոնյան իշխանական տան տոհմանշանի՝ մագիլներում գառ բռնած երկգլխանի արծվի հարթաքանդակն է: 1266-ին Գորգ վարդապետը կառուցել է վանքի ձիթհանը: Համալիրի հարավային կողմում, Ս. Հարություն մատուռի շուրջը, խաչքարերով գերեզմանոցն է, արևմտյան կողմում՝ խցերի ավերակները, ձորում պահպանվել են վանքի XIII դ. կամրջի խելերը: Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանքը մասնակի նորոգվել է 1939-ին և պեղվել 1969-ին:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ջալալյան ց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Թ., 1842:
Սարգսյան Գ., «Բարձրաքաշ» վանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին», 1951, № 7–8, 9–10, 11–12:
Եղիազարյան Հ., Դսեղի Բարձրաքաշ Ս. Գրիգորի և Քառասնից Մանկանց վանքերը և գյուղի մյուս՝ առավել կարևոր հուշարձաններն ու դրանց վիմագիր արձանագրությունները, «Էջմիածին», 1971, № 1, 3:
Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Ե., 1986:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am