ԲԱՐՁՐՅԱԼ ԽԱՉ, դամբարան-մատուռ ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից արևմուտք, անտառապատ լեռան գագաթին: Կառուցվել է սրբատաշ կաթնագույն կրաքարով, V–VI դդ.՝ որպես դամբարան: Միջնադարում արևելյան լուսամուտին խաչաձև բացվածքով սալ է ագուցվել և ներսում որպես բեմի սեղան խաչքարի բեկոր կանգնեցվել, որով դամբարանը վերածվել է մատուռի (այժմ՝ հայտնի ուխտատեղի): Բարձրյալ խաչը ունի հայկական միջնադարյան ճարտարապետության համար եզակի ծավալատարածական հորինվածք և հարդարանք: Ներսից գլանաձև է, դրսից՝ 14-նիստանի, կիսագնդաձև գմբեթով ավարտվող աշտարակաձև ծավալով: Քիվը բաղկացած է տարբեր կենդանիների՝ ցուլի, խոյի, շան, եղջերուի, վարազի բարձրաքանդակներից, որոնք ընդմիջվում են ականթի ու ծաղկեշղթայի զարդաքանդակներով: Ընդհանուր հորինվածքն ու քիվը բնորոշ են անտիկ արվեստին, որի շնորհիվ Բարձրյալ խաչը Հայաստանում նախաքրիստոնեական ճարտարապետության ու քանդակագործության ձևերի կիրառման ինքնատիպ և բացառիկ նմուշ է:

Մուրադ Հասրաթյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Karakhanyan G., Ancient Armenian Cupola Memorial, “Atti del Quinto Simposio Internazionale di arte Armena”, V., 1991.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am