ԲԱՐՍԵՂ ՃՈՆ (ծ. և մ. թթ. անհտ), VII դարի երաժիշտ-տեսաբան, երգահան, Շիրակի Դպրեվանքի (Կարմիր վանք) վանահայր: Դեռևս VII դ. սկզբին Հայ եկեղեցում հոգևոր երգերի հորինումն ու կատարումն ազատ էր, և այդ երգերն այնքան էին բազմացել, որ անհրաժեշտություն է զգացվել ծեսի և արարողության հարցերով հատուկ զբաղվելու: Ներսես Գ Տայեցու հրամանով և Դվինի 645-ի ժողովի հավանությամբ, Բարսեղ Ճոնը ձեռնարկել է հայկական հոգևոր կցուրդ երգերի հավաքման, ընտրման և կանոնացման գործը, որը նշանակալի երևույթ էր թե՛ հայ և թե՛ արևելաքրիստոնեական երաժշտության պատմության մեջ: Նրա կազմած ժողովածուն՝ «Ճոնընտիր»-ը, հիմք է հանդիսացել ավելի ուշ ձևավորված Շարակնոցի համար և միաձուլվել է դրան: Ըստ Վարդան Արևելցու՝ նա է նախաձեռնել նաև նույն կցուրդներին վերաբերող ութձայնի նոր համակարգի հաստատման հնագույն փորձը: Բարսեղ Ճոնը եղել է նաև երգահանական այդ մասին տեղեկացնում է Վարդան Արևելցին Ս. Ծննդյան «Անթառամ ծաղիկ» շարականի մեկնության մեջ («Տեսութիւն Անթառամ ծաղկի...», 1834, էջ 6):
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Վարդան Վարդապետ Արեվելցի, Տիեզերական պատմություն, Ե., 2001:
Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:
Թահմիզյան Ն., Բարսեղ Ճոնը և մասնագիտացված երգաստեղծության ծաղկումը Հայաստանում VII դարում, ԲԵՀ, 1973, № 1:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am