ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ (ծ. թ. անհտ – 1113, ամփոփվել է Կիլիկիայի Սև լեռան Կարմիր վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1105-ից: Հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերին: Սերել է Պահլավունիների տոհմից: 1070-ին Գրիգոր Բ Վկայասերը նրան ձեռնադրել է Անիի եպիսկոպոս՝ կաթողիկոսի փոխանորդի պարտականություններով: 1081-ին Գրիգոր Բ Վկայասերի համաձայնությամբ, Հաղպատի վանքում Աղվանից Ստեփանոս կաթողիկոսը նրան ձեռնադրել է Հայոց կաթողիկոսական տեղապահ: 1090-ին Բարսեղ Ա Անեցին այցելել է սելջուկյան սուլթան Մելիք-շահին, որը թեթևացրել է հարկերը, ճանաչել Անիի կաթողիկոսության առաջնությունը, որից հետո Բարսեղ Ա Անեցին գահընկեց է արել Հոնիի հակաթոռ կաթողիկոսին: Կաթողիկոս դառնալուց հետո Բարսեղ Ա Անեցին մնացել է Ծամնդավում (Կարմիր վանք), որտեղ գտնվում էր Հայոց հայրապետական աթոռը: Թեև Բարսեղ Ա Անեցու հայրապետական գործունեության մասին գրեթե ոչինչ չի ավանդվում, բայց հայտնի է, որ նա, հակառակ խառնակ ժամանակների և հայ ժողովրդի տարագիր վիճակի, շատ հմուտ է կառավարել Հայ եկեղեցին՝ պահպանելով նրա ավանդույթներն ու միասնությունը: Վախճանվել է Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին: Կաթողիկոսական գահին Բարսեղ Ա Անեցուն հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունին:
Արթուր Կարապետյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե., 1991:
Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 2, Վնտ., 1785:
Օրմանյ ան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am