ԲԱԶԵՆԻՑ ՎԱՆՔ, Բազենից Ս . Էջմիածին, Ս . Աստվածածին, Վանա լճի արևելյան ափին, Վան նահանգի Խիզան գավառի Սպարկերտ գավառակում, Բազմենից (Բազենից) գ. մոտ, Ս. Սահակ Պարթև վանքի դիմաց, բլրի վրա: XV դ. հիշվում է որպես «նորաշէն Սուրբ Էջմիածին, որ անուամբ Բազենից վանք յորջորջի»: Նշանակում է՝ այդ ժամանակ նոր էր կառուցվել կամ նորոգվել: Վանքի համալիրն ունեցել է մի մատուռ՝ Վերին Էջմիածին, և երկու եկեղեցի՝ Ներքին Էջմիածին ու Ս. Աստվածածին անուններով: Եղել է միջնադարյան հայկական գրչության կենտրոններից: Բազենից վանքից մեզ են հասել մի քանի ձեռագրեր. Մատենադարանի № 4213 Ավետարանը (1441), № 6121 Ժամագիրքը (1443, երկու ձեռագրերի գրիչն է Ղազարը), № 6653 Ավետարանը (1454, գրիչ՝ Հովհաննես, ծաղկող՝ Մինաս), № 5860 Մաշտոցը (1487–89, գրիչ՝ Թումա աբեղա): 1445-ին Բազենից վանքում գրված մի Ավետարան գտնվում է Կալիֆոռնիայում, 1553-ին գրված Շարակնոցը՝ Երուսաղեմում (ձեռ. № 1594), 1475-ին Ռստակեսի և 1566-ին Աստվածատուրի գրած Ավետարանները մինչև Մեծ եղեռնը Վասպուրականում էին:

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am