«ԲԱԶՄԱՎԵՊ», «Բազմավէպ», հայագիտական, բանասիրական, գրական հանդես: Սկզբնապես՝ երկշաբաթաթերթ, ամսագիր (1858–72), եռամսյա ուսումնաթերթ («պրակ եռամսյա», 1873–89), երկամսյա, ներկայումս՝ եռամսյա հանդես. տարեկան լույս տեսնող 4 համարներն ամփոփվում են մեկ միացյալ հատորում:

Լույս է տեսնում 1843-ից Վենետիկի Ս. Ղազար կղզում: Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություն: Հիմնադիրն է Գաբրիել Այվազովսկին: Նպատակը «բարեկիրթ և ուսումնական ազգերէն» հետ չմնալն էր, հայ ժողովրդի հոգևոր և մշակութային վերելքին նպաստելը, ազգի լուսավորությանը ծառայելը: Խմբագիրներ են եղել Գ. Այվազովսկին, Ղ. Ալիշանը, Վ. Հացունին, Ե. Փեչիկյանը, Մ. Ճանաշյանը, Ն. Տեր-Ներսեսյանը և ուրիշներ: Ներկայումս (2001) խմբագիրն է Հ. Պզտիկյանը: Լինելով հայ մամուլի կենդանի նահապետը՝ «Բազմավեպ»-ը ամենատարեցն է նաև Իտալիայում հրատարակվող պարբների մեջ և չորրորդը՝ աշխարհի հնագույն հանդեսների շարքում:

«Բազմավեպ»-ը իր բովանդակության հարստության, համազգային գաղափարների արծարծման, նաև բարձրարվեստ ու նրբաճաշակ տպագրության շնորհիվ լայն ընդունելության է արժանացել հայկական բոլոր գաղթավայրերում: Առաջինն է հայոց մեջ մարմնավորել ժողովրդանվեր լրագրության գաղափարը. հասցեագրվել է ոչ թե հայության որևէ մեկ շրջանակի կամ հասարակության որոշակի շերտի, այլ՝ «վասն համօրէն աշխարհիս, ուր կանն ի մերազնէից»:

Ազգի լուսավորության և առաջադիմության համար աշխատելու, ժողովրդին մերձենալու նպատակամղումը պայմանավորել է նաև պարբերականի լեզվի՝ զտված աշխարհաբարի ընտրությունը: Դրանով այն արագացրել է արդի հայերենի վերջնական հաղթանակը: Այդուհանդերձ, խմբագրակազմը երբեք չի մոռացել գրաբարը, չի հրաժարվել այն բոլորին սովորեցնելու մտքից՝ միշտ հիշեցնելով, որ գրաբարը «մեր նախնեաց եւ թագավորաց լեզուն է»:

Հավատարիմ իր «Բազմավեպ» անվանը (այսինքն՝ՙ «բազում բաներ վիպող, պատմող»), նաև որդեգրելով «դյուրիմաց և զվարճալի» ոճ՝ հանդեսը միևնույն համարում տպագրել է պատմաբանասիրական լուրջ քննություններ, տվել կենցաղօգուտ ու տարրական գիտելիքներ, պատմել եվրոպական վերջին գյուտերի ու նորությունների մասին, հաղորդակից դարձրել աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այս իմաստով հանդեսի յուրաքանչյուր հատոր նմանվել է մի փոքրիկ հանրագիտարանի՝ իր մեջ համատեղելով ժողովրդական թերթի և ուսումնագիտական հանդեսի տարրերը:

«Բազմավեպ»-ն արտացոլել է Արևմուտքի առաջավոր ու ազատամիտ գաղափարները հիմնականում Մխիթարյան գաղափարաբանության և քրիստոնեական ոգով, ինչը հայերի կյանքում առաջադիմական նշանակություն է ունեցել: Թարգմանվել և հանդեսի էջերում հրատարակվել են եվրոպական գրականության գլուխգործոցներ: Իրենց հերթին եվրոպացիները «Բազմավեպ»-ի էջերում մերթ ընդ մերթ լույս տեսնող օտարալեզու հայագիտական հոդվածների միջոցով ծանոթացել են հայոց պատմությանն ու մշակույթին: Հայագիտական հանդեսի վերաճելու ճանապարհին պարբերականի էջերում աստիճանաբար նվազել են բնական գիտություններին վերաբերող նյութերը՝ իրենց տեղը զիջելով գրական-բանասիրական հոդվածներին: Զգալի տեղ են գրավել եկեղեցապատմական լուսաբանությունները, որոնք, սակայն, դավանական վեճեր հրահրելու նպատակ չեն հետապնդել: Ավելին, լինելով կրոնական միաբանության պաշտոնաթերթ, «Բազմավեպ»-ը երբեք առանցքային չի համարել այդօրինակ թեմաների շոշափումը և իր ճակատին չի ունեցել «կրոնական» նշումը: Դրանով այն հավասարապես ընդունելի է եղել թե՛ առաքելական, թե՛ կաթոլիկ հայերի համար: Իր էջերում տեղ տալով տարադավան հեղինակների գրություններին՝ առաջնայինը համարել է գիտական բարեխղճությունն ու նյութի իմացությունը: «Բազմավեպ»-ը միտումնավոր տուրք չի տվել կրոնական որևէ ուղղության, զգուշավորություն է հանդես բերել դրանցից որևէ մեկի պաշտպանության հարցում: Այս իմաստով ևս շարունակել է Մխիթար Աբբահոր (տե՛ս Մխիթար Սեբաստացի) կեցվածքը՝ պատգամախոս դառնալով քրիստոնեական միության և միջեկեղեցական հաղորդակցության: Իր աննախադեպ հաջողությամբ «Բազմավեպ»-ը պարտական էր Գաբրիել Այվազովսկուն և երիտասարդ միաբան Ղևոնդ Ալիշանին: Նրանց նման Մխիթարյան մյուս հայրերը ևս իրենց ուսումնագիտական աշխատանքի պտուղներն էին հանձնում ընթերցողին՝ առանց փնտրելու փառք կամ անուն: Նույնիսկ առաջին խմբագրի անունը մեզ է հասել վանական ավանդությամբ միայն: Ալիշանի խմբագրապետության օրոք «Բազմավեպ»-ը սկսել է «հիւրաբար» էջեր տրամադրել նաև հայ մտավորականության մյուս ներկայացուցիչներին՝ հոգևոր թե աշխարհիկ:

Հանդեսի 150-ից ավելի տարեհատորները հայ մշակույթի մնայուն էջերից են, որտեղ ամփոփված են գիտնականների շատ սերունդների հայագիտական հունձքն ու վաստակը: Առանձնահատուկ են հատկապես «Բացառիկ»-ները՝ նվիրված հայ և համաշխարհային մշակույթի պատմության նշանակալի իրադարձություններին և ականավոր անհատների հոբելյաններին:

1973-ից ի վեր «Բազմավեպ»-ին կից հրատարակվում է համանուն մատենաշար: Արդեն լույս տեսած 38 հատորներն (2000) ընդգրկում են հայ մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Լևոն Լաճիկյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Սարգիսյան Բ., Երկուհարիւրամեա գրական գործունեութիւն եւ նշանավոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1905, էջ 145–160:

«Բազմավեպ» հայագիտական-բանասիրական-գրական հանդես, բացառիկ թիվ «Բազմավեպ» հրատարակության 150-ամյակի առիթով, Վնտ., 1994:

Հակոբյան Պ., «Բազմավեպի» մեկուկես դարը, ԲԵՀ, 1993, № 3:

Լաճիկյան Լ., Հայ հրապարակագրության երիցագույն հանդեսը, ՀԵՀ, 1993, № 3:

Շտիկյան Ս., Վենետիկի Մխիթարյանների «Բազմավեպ» պարբերականը, «Բազմավեպ», 1995, էջ 5–15:

Զեքիյան Լ., «Բազմավեպ». Հայագիտական հանդեսներու նահապետը, ՊԲՀ, 1995, №1:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am