ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է XIX դ.: Առաջնորդանիստը՝ Սոֆիայի Ս. Աստվածածին եկեղեցի: Միջնադարյան Բուլղարիայի մի շարք քաղաքներում [Օխրիդ, Ստրումիցա, Ֆիլիպոպոլիս (այժմ՝ Պլովդիվ), Թըռնովո, Դևոլ] ձևավորվել են քաղկեդոնական և առաքելական հայերի համայնքներ՝ իրենց եկեղեցիներով, վանքերով ու հոգևոր սպասավորներով: XII դ. Ֆիլիպոպոլսում գործել է հայկական վանք՝ Հովհաննես Ութմանի վանահայրությամբ: Այս ժամանակաշրջանում է հիշատակվում նաև Ֆիլիպոպոլսի հոգևոր առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը, որին Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը նշանակել էր Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական բանագնաց: 1675-ին կառուցվել և 1828-ին վերակառուցվել է Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին, որը գործում է ցայսօր: Սոֆիայում հայկական առաջին եկեղեցին կառուցվել է 1673-ին՝ հայ վաճառական Ապրո Չելեբիի միջոցներով:

1936-ին օծվել է Ս. Աստվածածին եկեղեցին, որը ներկայումս Բուլղարիայի թեմի Մայր եկեղեցին է: XVIII դ. վերջին Բուրգասում կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին, 1850-ական թթ.՝ Ս. Խաչը: Ռուսե քաղաքում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին գործել է XIX դ. սկզբից: 1842-ին Վառնայում կառուցվել է Ս. Սարգիս եկեղեցին: Բուլղարիայում XIX դ. Գործող հայկական եկեղեցիների թիվը 15-ից ավելի էր: Բուլղարիայի թեմը մինչև XX դ. սկիզբը գլխավորել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի առաջադրած առաջնորդական տեղապահը: 1903-ին Բոիլղարիայի թեմի առաջնորդ է ընտրվել Վահան վրդ. Տեր-Հակոբյանը: Առաջին համաշխարհային (1914–18) և հույն-թուրքական (1919–22) պատերազմների տարիներին երկրում գործել է ժամանակավոր թեմական խորհուրդ: 1922-ին թեմի առաջնորդ է ընտրվել Ստեփանոս արք. Հովակիմյանը: 1954–56-ին թեմը գլխավորել է Վազգեն (Լևոն-Կարապետ) եպս. Պալճյանը, որը միաժամանակ Ռումինիայի թեմի առաջնորդն էր (1955–94-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյան):

Մեծ է Բուլղարիայի թեմի ավանդը բուլղարահայերի լուսավորության գործում: Միջնադարում որոշ հայկական եկեղեցիներ ունեցել են գրչության կենտրոններ, որտեղ ստեղծվել են հայական ձեռագրեր: Եկեղեցիներին կից գործել են դպրոցներ: Եկեղեցին նպաստել է հայկական մշակութային և լուսավորչական ընկերությունների գործունեությանը: XIX դ. վերջին և, հատկապես՝ 1920-ական թթ. Բուլղարիայի թեմը զգալի աշխատանք է կատարել երկրում ապաստանած արևմտահայերին օգնություն ցույց տալու համար:

Համայնավարական վարչակարգի պայմաններում սահմանափակվել է հայ կրոնական համայնքի գործունեությունը, փակվել են մի շարք եկեղեցիներ: 1980-ի վերջին գործել է ընդամենը 5 հայկական եկեղեցի: 1990-ական թթ-ից համայնքն ազգային զարթոնք է ապրել: 1994-ից գործում է Բուլղարիայի թեմի խորհուրդը (ատենապետ՝ Օնիկ Քիրազյան), որը միջոցներ է ձեռնարկել հայկական եկեղեցիները վերաբացելու, նորերը կառուցելու ուղղությամբ: Պազարջիկ և Ստարա Զագորա քաղաքների իշխանությունները տեղի հայ համայնքներին եկեղեցաշինության համար հողամասեր են հատկացրել: Նախատեսվում է հայկական նոր եկեղեցի կառուցել նաև Սոֆիայում:

Բուլղարիայի թեմի առաջնորդն է եղել Տիրայր արք. Մարտիկյանը: Ներկայումս Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդն է Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Զոհրաբ Ղասաբյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am