Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բջնիի Ս. Աստվածածին վանք

ԲՋՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային եզրին: 1031-ին վանքը հիմնադրել ու Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել: Բջնիի Ս. Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի:

Ս. Աստվածածին եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է՝ պսակված բազմանիստ թմբուկով և հովանոցաձև վեղար ունեցող գմբեթով: Ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից են Ավագ խորանի կենտրոնի խորշը՝ գիպսե շքեղ շրջանակով, և ներսում, պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները (ենթադրվում է, որ այստեղ են պահվել վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը): Բջնիի Ս. Աստվածածին վանքը եղել է միջնադարյան հայ գրչության և ուսումնագիտական կենտրոն՝ հայտնի «Մագիստրոսի ճեմարան» անվանումով: 1065-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին՝ Բջնիի Ս. Աստվածածին վանքի առաջնորդ տեր Վահրամը, ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու, ընտրվել է կաթողիկոս և կոչվել Գրիգոր Բ Վկայասեր:

XII դ. Բջնիի Ս. Աստվածածին վանքը Հայաստանում մեծ հեղինակություն է ձեռք բերել. 1113-ին Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու հրավիրած՝ Սև լեռան եկեղեցական Բ ժողովի որոշմամբ Հայոց կաթողիկոսը պետք է ընտրվեր չորս գլխավոր աթոռների՝ Տաթևի, Հաղպատի, Արտազի Ս. Թադե և Բջնիի Ս. Աստվածածին վանքերի համաձայնությամբ ու հավանությամբ:

1201-ին Զաքարե և Իվանե Զաքարյանները Բջնին ազատագրել են սելջուկներից: 1209-ին Վահան իշխանը նորոգել է Բջնիի Ս. Աստվածածին վանքը, 1211-ին վանահայր տեր Վրթանեսը կառուցել է վանքի աշխարհիկ շինությունները: 1251-ին Կոստանդին Ա Բարձրբերդցին Ս. Աստվածածին եկեղեցու պատին կոնդակ է փորագրել Բջնիի Ս. Աստվածածին վանքի վանական խախտված կանոնադրությունը վերահաստատելու մասին և դատապարտել կաշառքով ձեռնադրությունները:

XIII դ. Իվանե Զաքարյանի ծոռ իշխան Զաքարեն հարկերից ազատել է Բջնին՝ կոնդակն արձանագրելով վանքի եկեղեցու հարավային պատին: 1272-ին Ս. Աստվածածին եկեղեցուն հարավից կից կառուցվել է թաղածածկ մատուռ, որի արևմտյան պատի խորշում խոշոր խաչքար է տեղադրվել: Բջնիի Ս. Աստվածածին վանքում գործել են հմուտ քարգործ վարպետներ. վանքի տարածքում պահպանվել են մի շարք բարձրարվեստ խաչքարեր՝ ինքնատիպ ձևերով, զարդաքանդակների յուրահատուկ մշակումով: 1303-ին և 1306-ին վանքը ստացել է նվիրատվություններ: 1358-ին Զաքարյանների տոհմից իշխան Աթաբակ Զազան նորոգել է Բջնիի Ս. Աստվածածին վանքը, վերահաստատել նրա թեմը: 1386-ին Լենկթեմուրի ասպատակության ժամանակ վանքում սպանվել է վանահայր վրդ. Վանականը:

XV դ. Բջնիի Ս. Աստվածածին վանքը վերստին վերականգնել է կրոնական և գիտական խոշոր կենտրոնի իր նշանակությունը, նրա վանահայրերը կոչվել են «Բջնո և Այրարատի» առաջնորդ: XV դ. վանքում գրչագրվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում է վանահայր Գրիգոր եպիսկոպոսի ընդօրինակած Ավետարանը: XVII դ. սկըզբին վանք են ներխուժել ջալալիների հրոսակախմբերը: 1631-ին Մովսես Գ Տաթևացու ջանքերով Բջնիի Ս. Աստվածածին վանքում վերակենդանացել է վանական կյանքը. այստեղ հավաքվել է 30 միաբան: 1643-ին, ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, Փիլիպոս Ա Աղբակեցու հրամանով և ջուղայեցի խոջա Պետրոսի բարերարությամբ, վանքը նորոգվել է: Փիլիպոս Ա Աղբակեցու աշակերտ, վանահայր Մովսես Րաբունապետը (1646–66) կառուցել է Բջնիի Ս. Աստվածածին վանքի ուղղանկյուն հատակագծով, անկյուններում շրջանաձև բուրգերով պարիսպները, հյուսիսային կողմում՝ թաղածածկ սեղանատունը:

1637-ի մարտին Բջնիի Ս. Աստվածածին վանք է այցելել և գիշերել ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, որը հետագայում նկարագրել է վանքն իր ուղեգրություններում: 1700-ին Բջնիի Ս. Աստվածածին վանք է այցելել ֆրանսիացի բուսաբան Տուռնեֆորը:

XVIII դ. վանքն ունեցել է մոտ 50 գյուղ՝ Կոտայք և Վարաժնունիք գավառներում: XIX դ. պարիսպներին ներսից կից կառուցել են արևմուտքում՝ առաջնորդարանի, արևելքում՝ շտեմարանի, հարավում՝ ուսումնարանի շենքերը, հյուսիսում՝ խցերը, իսկ մատուռի տանիքին կանգնեցվել է փոքր, սյունազարդ զանգաշտարակ: 1895-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով արևմուտքում կառուցվել է եկեղեցու դպրոցի շենքը: 1946-ին և 1957-ին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցին:

Մուրադ Հասրաթյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե., 1990:

Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842:

Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:

Սմբատյան Մ., Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր Բայազիտ գաւառ, Վաղ-պատ, 1895:

Լալայան Ե.,Նոր Բայազետի գավառ. նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 23, 1912, №2, 1912:

Եղիազարյ ան Հ., Բջնիի վանքը և Բջնի գյուղի մյուս հուշարձանները, «Էջմիածին», 1963, № 9-11:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am